Ռուսական քաղաքական անցուդարձը հիմնականում դուրս է մղված հայաստանյան մամուլի եւ սոցիալական մեդիայի էջերից: Հանրային կարծիքը ինքնապարփակվում է երեւանյան քաղաքական դասին հասանելի պատկերացումների շրջանակում: Մինչդեռ, ռուսական իրադարձությունները անմիջական ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա

Նախորդ ակնարկով ներկայացրեցինք ռուսաստանյան իշխանափոխության հնարավոր «ցնցումային» տարբերակների քննությունը: Անցնցում անցման դիագրամը կարող է մեկը լինել. Պուտին -> Պուտին: Հենց այս դեպքի բերումով էլ նախագահի «դասական» հետնորդների թվում բացակայում է ներկայիս պրեմիեր Դմիտրի Մեդվեդեւը: Նրա կատարելիք դերը, ինչպես երեւում է դիագրամից, հանգում է իրեն բավականին ծանոթ sitz-präsident պաշտոնի կատարելագործված տարբերակին: Սխեման պատկերացնելու համար հիշենք իր իսկ ծրագիրը, որը նա ենթադրաբար փորձեց կյանքի կոչել 2011-2012 սահմանագծին: Ծրագիրը խափանվեց այդ ժամանակ դեռեւս պրեմիեր Վլադիմիր Պուտինի կողմից:

Ծրագրով նախատեսվում էր հրավիրել Սահմանադրական Ժողով եւ վերաձեւել իշխանական լիազորությունները վարչապետի եւ պառլամենտի օգտին, նախագահին թողնելով լծակների այն ընտրությունը, որ ունի ՀՀ ներկայիս նախագահը: Այդ դեպքում, չնայած 2012 մայիսին, համաձայն Մեդվեդեւ-Պուտին շախմատային փոխատեղության, նախագահ էր դառնում Պուտինը, սակայն երկրի տեր-տիրական՝ վարչապետ Մեդվեդեւը: Սա բնականաբար չէր համապատասխանում Պուտինի պլաններին:

2012 հունվարին բուռն, սակայն վաղաժամ մասսայական ընդվզումը հետզհետե մարեց, եւ այդ ֆոնին Պուտինին հաջողվեց բեկանել երկրի շտապ պառլամենտականացումը: Դմիտրի Մեդվեդեվը, բավարարվելով պրեմիերական ենթակա դիրքով, հրապարակավ խոստացավ 2018-ին անպայման առաջադրվել երկրի նախագահ: Վլադիմիր Պուտինը, ընդհակառակը, դարձյալ հրապարակավ խոստացավ 2018-ին չառաջադրվել նախագահ: Ինչպես տեսնում ենք, արքունական համաձայնությունը բեկանվեց 2014-ի Ղրիմով: Պուտինը 2018-ին չորրորդ անգամ դարձավ նախագահ:

Մինչ այդ, մեր համոզմամբ, կանխատեսելով 2017-2018 սահմանագծի սերնդային եւ պատմական-քաղաքական վտանգները, նախագահական պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց: Ըստ նույն ենթադրության, Կրեմլում պետք է հաշվարկած լինեին նաեւ ուկրաինական եւ հայկական հեղափոխիչ իրադարձությունների առավել վտանգավոր ֆազի ժամանակը: Բացառված չէ, որ ոչ միայն ժամանակը, այլեւ փափագելի ընթացքը, որը, սակայն, մեր ժողովուրդը ենթարկեց էական սրբագրման:

Այժմ շրջանառվում է «ետադարձ փոխատեղման» գաղափարը, հետաձգված մինչեւ 2024: Նախագահ է առաջադրվում Մեդվեդեւը, սակայն փոփոխվելիք սահմանադրությամբ նախագահական լիազորությունները անցնում են վարչապետ Պուտինին եւ մասամբ պառլամենտին: Առաջանում է 2012-ի հայելային պատկերը, ինչը հաստատում է մեր ենթադրությունները Մեդվեդեւի այն պահի մտադրության մասին: Տիկին Մատվիենկոն, մոռանալով իր «նո պասարանները», այդ դեպքում պիտի հղում կատարի հայկականակնհայտ դարձած հաջողությանը ի դեմս ետխորհրդային պառլամենտարիզմի ռահվիրա Նիկոլ Փաշինյանի:

Ի դեպ, Անատոլի Մեդվեդեւը երեկ շտապ այցելել է «ճակատային առաջնագիծ»՝ Ճապոնիայի կողմից վիճարկվող կուրիլյան Իտուրուպ կղզին: Իտուրուպը իհարկե ոչ սիրիական Հալեպ է, ոչ էլ Բարենցի ծովի հատակ, այդուհանդերձ, խոնավ ռենոմեն շտապ թրծելու փորձերը վկայում են, որ իշխանական պասյանսի մասնակիցները չեն բացառում դեպքերի նաեւ արագ զարգացումները:

Ռուսաստան. Անհանգիստ դիասպորա

Պուտին -> Պուտին տարբերակը, սակայն, որքան հարթ եւ անցնցում, այդքան էլ կրկեսային է, ինչը հնարավոր չէ թաքցնել նույնիսկ հեռավոր տայգայում ողջ կյանքը աղվես որսացող մուժիկից: Բնականաբար որոշ շրջանակներ, առաջին հերթին՝ ուժայինները, պիտի առարկություններ ունենան նման սայթաքուն «հարթության» դեմ: Բացառված չէ, որ այժմ մոսկովյան փողոցներում ընթանում է խաղաղ եւ դրամատիկ տարբերակների կողմնակիցների հեռակա «բանավեճը»: Արդյունքում իբրե սերունդների համար կոմպրոմիսային ֆիգուր շարքից հանվում է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը: Նա իր տրամադրության տակ ունի մունիցիպալ ոստիկանության ուժերը եւ, ենթադրաբար, ոչ հոժարակամ տեղափոխվում է կարծր գծի դիրքեր: Առերեւույթ, մենամարտին բարձունքից են նայում ինքը Պուտինը եւ ռուսական բանակը՝ նախարար Շոյգույի գլխավորությամբ:

Ակնհայտ է, որ իշխանության դրամատիկ տրանսֆերի դեպքում մարտնչող կողմերի համար դժվար կլինի խուսափել անտեր-անտիրական էթնիկ որեւէ տարր՝ օրինակ, հայերին սումգայիթյան սցենարով օգտագործելու գայթակղությունից: Ո՞վ կարող է ապահովագրել վատթար տարբերակից: Սիրիական ճգնաժամի հանդեպ այն դիրքը, որ ընդունեց Սերժ Սարգսյանի կառավարությունը, ռուսաստանյան պարագային բացի մարդկային կորուստներից հանգեցնելու է Հայաստանում իրավիճակի հիմնահատակ ապակայունացման: Բնականաբար պատերազմական ծայրահեղ վտանգի է ենթարկվելու երկրի արցախյան հատվածը: Ապահովագրվել, այո հնարավոր չէ, սակայն նվազեցնել ռիսկերը թե հնարավոր է, թե անհրաժեշտ: Ինքնամեկուսացումը նման խնդիր լուծելու առավել աննպաստ միջոցն է:

Անցնցում տարբերակը եւս զերծ չէ սրման, իրադրության նկատմամբ Մոսկվայի հսկողության ժամանակավոր կորուստով, լուֆթով, ինչից չօգտվելը անբնական կլիներ Բաքվի եւ, նույնիսկ, Անկարայի համար:

Այն ենթադրությունը, որ նույնիսկ Երեւան-Արցախ շաղկապման պարագային՝ հայ-հայկական փոխազդեցությունը դժվարությամբ հաղթահարող վարչախումբը ի զորու չէ կարգավորել Երեւանի եւ մոսկովյան տարաբնույթ, այդ թվում ընդդիմադիր շրջանակների հետ փոխհարաբերությունը, միայն մասամբ է ճիշտ: Առաջին խնդիրը բազմաթիվ պատճառներով ավելի բարդ է, քան երկրորդը: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ երկրորդ խնդրի լուծումը կախյալ է առաջինից, որը իր հերթին պահանջում է ազգային ընդհանուր փիլիսոփայության ճշգրտում: Առանցքում վերաբերմունքն է այնպիսի կատեգորիաներին, ինչպիսիք են պատերազմը եւ կոտորածը:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...