danakaharutyun

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Ա.-ի գործի դատական քննությունը:

47-ամյա Արմենին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Ա.-ն բնակվել է Փարաքարում, ծնողների հետ: Գործով տուժող Խորեն Գ.-ն ընտանիքով ապրել է նրա հարևանությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 9-ին նրանց հարևաններից՝ Վանուշի ծննդյան օրն էր: Երեկոյան Վանուշը հանդիպել է Արմենին ու Խորենին, նաև հարևաններից՝ Գեղամին, միասին գարեջուր են խմել իրենց շենքի բակում: Ապա խմբով գնացել են մոտակա գարեջրատուն, շարունակել են գարեջուր խմել ու նշել Վանուշի ծնունդը:

Նստել են մինչև կեսգիշեր, ապա վերադարձել են իրենց շենքի բակ: Գեղամը խնդրել է, որ Խորենը մեքենայով իրեն տանի Էջմիածին:

Խորենը չի մերժել, Վանուշի հետ իր մեքենայով Գեղամին տարել է Էջմիածին, իսկ Արմեն Ա.-ն ասել է, թե տուն է գնում:

Տանից Արմենը զանգել է Խորենին ու բացատրություն է պահանջել՝ իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու համար: Խորենը պնդել է, թե նման արտահայտություն չի արել, բայց երբ Արմենը հայհոյել է, Խորենն էլ պատասխան հայհոյանք է տվել: Պայմանավորվել են հանդիպել իրենց շենքի բակում:

Խորենը Գեղամին թողել է Էջմիածնում, Վանուշի հետ վերադարձել է իրենց շենքի բակ:

Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի՝ Արմեն Ա.-ն Խորենին սպանելու դիտավորությամբ տանից վերցրել է խոհանոցային դանակ, դրել է գրպանն ու դուրս է եկել բակ:

Գիշերվա ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, երբ Խորենը մեքենայով մտել է բակ, իջել է մեքենայից, Արմենը հայհոյելով մոտեցել է նրան, վիճաբանությունը շարունակել են, որի ընթացքում, ըստ մեղադրանքի՝ Խորեն Գ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ Արմենն իր մոտ եղած դանակով 5 հարված է հասցրել Խորենի որովայնի ու կրծքավանդակի շրջաններին՝ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, չթափանցող, նաև՝ որովայնի խոռոչ թափանցող, արյունահոսող վերքերի, մեծ ճարպոնի, ստամոքսի ու լյարդի վնասումների, ներքին արյունահոսության, կրծքավանդակի աջ ու ձախ կեսերի թափանցող վերքերի, սրտապարկի ու սրտի վնասումների, երկկողմանի հեմոպնևմոթորաքսի ձևով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ա.-ն տուժողին սպանելու իր դիտավորությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ հարևան Վանուշը միջամտել ու նրան մի կողմ է տարել: Արմեն Ա.-ն դիմել է փախուստի:

Վիճաբանության ձայներից դուրս է եկել հաևաններից մեկը ու տեսնելով Խորենին արյունոտ ու վնասված վիճակում՝ նրա իսկ մեքենայով հասցրել է Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերված բուժօգնության շնորհիվ տուժողի կյանքը փրկվել է:

Արմեն Ա.-ն դեպքի վայրից փախել է Երևան՝ հորաքրոջ տուն, իսկ մեկ օր անց՝ սեպտեմբերի 11-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Նախաքննության ընթացքում սպանության փորձի մեղադրանքում Արմեն Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա պնդել է, թե Խորեն Գ.-ին սպանելու դիտավորություն չի ունեցել: Բակում հարևաններով գարեջուր են խմել, նշել են Վանուշի ծնունդը, հետո ինքը խմածության պատճառով ոչինչ չի հիշում: Երբ ուշ ժամի տուն է գնացել, հեռախոսով խոսել է Խորենի հետ՝ չի հիշում՝ ինչի շուրջ:

Գիշերը խոհանոցային դանակը վերցրել ու բակ է դուրս եկել: Չի հիշում՝ ինչ հարցով վիճել է Խորենի հետ, նրան հարվածել է մոտի դանակով: Հարևաններից մեկը Խորենին տարել է հիվանդանոց, իսկ ինքը պատահական մեքենայով գնացել է հորաքրոջ տուն՝ Երևան:

Մեկ օր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Դատարանում Արմենը հայտնել է, թե դեպքի օրը լվացել էր իրենց տան «խալին»: Երեկոյան բակում հարևաններով նշել են Վանուշի ծնունդը: Հետո տուն է գնացել, հեռախոսով խոսել է Խորենի հետ, իրար հայհոյել են: Նրա տոնայնությունը իր համար վիրավորական էր: Բակում հանդիպել են, իրար քաշքշել: Իր մոտ դանակ է եղել, ինքը դանակով շարժում է արել, ցանկացել է Խորենի թևին խփել, բայց երևի հարվածը դիպել է որովայնին: Վանուշին ինքն ասել է՝ ոնց որ խփեցի… Խորենին մեքենայով տարել են հիվանդանոց…

Արմենը հայտնել է, թե իր մոտ սովորաբար դանակ չի լինում, բայց դեպքի պահին եղել է: Իր կարծիքով՝ Խորենին հարվածել է երկու-երեք անգամ: Գիտակցաբար՝ մեկ անգամ է հարվածել, մյուս հարվածները ենթագիտակցաբար են ստացվել: Ինքն իր կամքով դանակը նետել ու հետ է քաշվել: Ինքն ու Խորենն ընկերներ են, ինքը նրա հետ թշնամություն չի ունեցել: Ինքը հանցագործ չէ, ստեղծված իրավիճակն է «բերել այդ եզրահանգմանը… Եթե չլիներ չարաբաստիկ դանակը, ամեն բան կանցներ, կգնար…

Ներկայումս իր վիճակն էլ է վատ՝ իր մեծահասակ ծնողները մենակ են, ջուր տվող չունեն… Կատարվածը սպանության փորձ չէր, կռիվ էր…»:

Արմեն Ա.-ն պնդել է, թե ինքն է դադարեցրել հարվածներ հասցնելը, ոչ ոք չի խոչընդոտել, եթե սպանելու նպատակ ունենար, կսպաներ, այդպիսի նպատակ չի եղել: Ինքը Խորենին մանկուց ճանաչել է, ընկերներ են եղել, հարևաններ: Իրար հետ հաց են կերել:

Չի կարող ասել՝ ով է առաջինը հայհոյել: Միայն հիշում է, որ իրար չեն զիջել: Իր հիշելով՝ «բախման տոնայնությունը» եղել է Խորենինը, բայց նա իրեն վնաս տալու մտադրություն չուներ, ոչ էլ կանչել էր «ճակատը պաչելու»: Եթե փոխադարձ իրար զիջեին՝ նման բան չէր լինի… Բայց եղավ այն, ինչ եղավ… Զղջում է, ինքը չէր ցանկանա, որ այդպիսի բան լինի, ինքը վատ անձնավորություն չի: Մոտ քսան տարի իրար ճանաչել են, «հավեսով շփվել են»… Դեպքի պահին ինքն իր հասցրած հարվածից անակնկալի է եկել ու կանգ է առել, իսկ դանակը հանելը կապված էր ինքնապաշտպանական բնազդի հետ: Կատարվածը «ակամայից ստացված իրավիճակ է եղել»… Ինքը հանգիստ մարդ է, ագրեսիվ չի… Փառք Աստծո, որ Խորենի վիճակը հիմա լավ է… Կատարվածը իր ապրած 50 տարիների առաջին չարաբաստիկ դեպքն է, եթե մեկ վայրկյան մտածեր, չէր լինի այդ ամենը… Ինքը չէր հարվածի, չէր ցավացնի, մի մազ անգամ չէր ծռի… Դատարանից ակնկալում է արդարություն ու ներողամտություն…

Տուժող Խորեն Գ.-ն հայտնել է, որ երբ ինքը մեքենայով Գեղամին տանում էր Էջմիածին, Արմենը զանգել ու բացատրություն է պահանջել իրեն «թուլամորթ» անվանելու համար: Ինքն ասել է, որ նման արտահայտություն չի արել, բայց Արմենն իրենն է պնդել, հետո էլ հայհոյել է: Ինքը պատասխան հայհոյանքներ է տվել… Երբ հանդիպել են շենքի բակում, փոխադարձաբար հայհոյել են իրար: Արմենը սկսել է հարվածներ հասցնել: Միջամտել է Վանուշը, Արմենին գրկել ու հեռացրել է… Ինքը հետո է նրա ձեռքին դանակ տեսել: Նկատել է նաև, որ իր հագուստն ամբողջությամբ արյունոտ է… Հարևանն իր մեքենայով իրեն տեղափոխել է հիվանդանոց…

Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, թե Արմենը ցանկանում էր սպանել իրեն: Իսկ դատարանում դա չի պնդել, միայն ասել է, թե նման բան Արմենից չէր սպասում, նա «իսան» չի, իրենց մեջ թեթև վեճ էր եղել, բայց նրա հարվածները իր սրտին, լյարդին ու թոքին էին ուղղված: Դեպքը շատ ծանր էր, ինքը չի ցանկանում վերապրել նորից: Ամեն բան եղել է «թուլամորթ» բառի պատճառով, ինքը չի հիշում, որ նման բառ ասած լինի Արմենին: Իրեն երկու անգամ «նարկոզ» են տվել… Հարվածների պահին ցավ չի զգացել, արյունոտ հագուստը տեսնելով է գլխի ընկել, որ դանակի հարվածներ է ստացել…

Դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ ապացուցված չէ, թե Արմեն Ա.-ն գործել է սպանության ուղղակի կամ անուղղակի, հանկարծակի ծագած դիտավորությամբ: Դատարանը գնահատել է, որ Արմեն Ա.-ի դիտավորությունն ուղղված է եղել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն:

Դատարանը վերաորակել է արարքը, Արմեն Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 4 տարի ազատազրկման, այս պատժին հաշվակցել է Արմեն Ա.-ի՝ նախնական կալանքի տակ գտնված ժամանակահատվածը՝ 1 տարի 8 ամիս 29 օրը, վերջնական պատիժ է սահմանել 2 տարի 3 ամիս 1 օր ազատազրկում:

Արմեն Ա.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է պատժի կրումից և ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Արմեն Ա.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 389 հազար 726 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...