Օգոստոսի 8-ի մոսկովյան մունիցիպալիտետի ընտրությանը ընդառաջ տեղի են ունեցել ոստիկանական եւ ժանդարմական մասսայական բռնություններ, դատական հետապնդումներ: Ռեժիմների նույնությունը եւ միասնական անցյալը անխուսափելիորեն պետք է առաջացնեին ռուս եւ հայկական դեպքերի նմանություն, մասնավորապես ժամկետների հարցում: Կան նաեւ էական տարբերություններ եւ մտահոգիչ հանգամանքներ

2018-ի սահմանագծին Հայաստանում ծավալված իրադարձությունները ռուսականի հետ միեւնույն արմատներն ունեին, սակայն պատահեցին հեղափոխիչ ուժի արդյունավետության տեսակետից իբրեւ առավել նպաստավոր նշված պահին (echo_msk.ru, 2012): 2011-2012 թվականների ռուսական վաղաժամ հեղափոխական բռնկումից հետո վերջին իրադարձությունները Մոսկվայում նույնպես կանխատեսելի էին: Սպասելի էր նաեւ հսկայական երկրի տնտեսական անկումային թրենդը:

Ուժայինների գործակալական մեթոդներով Կրեմլին հաջողվեց սաստել 2017-ին սպասվող սերնդային դժգոհության ալիքը, Ալեքսեյ Նավալնու կամա թե ակամա օգնությամբ ուղղելով այն Վլադիմիր Պուտինից վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի վրա: Այժմ ականատես ենք ռուսական դրամայի հաջորդ տեսիլին, որտեղ նշմարելի են ոչ միայն ուժային տեսչությունների ցից ականջները, այլեւ պետական համակարգի ընդհանուր նյարդայնությունը, որը չի նվազում ժողովրդականություն չվայելող թոշակային ռեֆորմի իրականացումից ի վեր:

Հենց այդ ռեֆորմը առիթ հանդիսացավ, որպեսզի տեղական մարմինների եւ գավառապետների 2018-ի ընտրությունների ընթացքում կառավարող համարվող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրի Սիբիրում ու Հեռավոր Արեւելքում: Արդյունքի չհասան նույնիսկ նախագահ Պուտինի հանձնառությունները այս կամ այն թեկնածուի օգտին: ԵՌ ռուսական կուսակցությունը հայաստանյան ՀՀԿ-ի մատրիցան կամ ձուլամայրն էր եւ իրենից ներկայացնում էր պետությունը օլիգարխիական կորպորացիայի համար սննդամթերքի վերածող յուրատեսակ «ստամոքսահյութ»:

Ընտրությունների անբավարար արդյունքները զանազան ծիծաղաշարժ պատրվակներով ամենուրեք չեղյալ հայտարարվեցին: Գրեթե անմռունչ թվացող տեղի չինամետ եւ ճապոնամետ բնակչությունը, համընդհանուր կարծիքով, խոր քեն պահեց ռեժիմի հանդեպ: Ընտրություն բառը այդ տեղերում դարձավ իշխանությունների խաբեության հոմանիշ: Հիմա հերթը հսկայական բազմազգ կայսրության կենտրոն Մոսկվայինն է, որի բնակչության կիրթ բաժինը հիմնականում արեւմտամետ է:

Պատմության դատաստանից ծովի հատակին էլ չես փրկվի

Այսպիսով, 2014-ին Ղրիմի միացման դրական եւ թոշակային ռեֆորմի՝ բացասական ազդեցության հանրագումարը խիստ մտահոգիչ դարձավ Վլադիմիր Պուտինի վարչախմբի համար: Կրեմլում սպասում էին, թե Ղրիմի քաղցրությունը ապահով կերպով գերակշռելու է հօգուտ զինվորականության բնակչության թալանի դառնությանը: 2017-ին ձեւավորված հանրային բացասական հանրագումարը սաստկանում է երկրի տնտեսության ոչ ռազմական ճյուղերի անկումային վիճակով: Ռազմական չդադարող հիստերիայի ֆոնին հուլիսին ծավալվեց Բարենցյան ծովի ողբերգությունը, երբ նորագույն զինատեսակների ուսուցողական փորձարկման ժամանակ զոհվեցին ստորջրյա նավատորմի շատ հրամանատարներ:

Ավանդական «դավայ-դավայի» հետեւանքով գերարդիական միջուկային սուզանավերի տորմիղը փաստորեն գլխատվեց: Հայկական ոճավորմամբ «գետինը մտնելու» փոխարեն, երկրի նախագահը հերոսի իր համբավը փրկելու համար ստիպված էր բատիսկաֆով ծովի հատակը իջնել: Իսկ երկրի մակերեսին այդ պահին ծավալվում էին մոսկովյան նախընտրական մարտերը ժանդարմական մահակների եւ հիփստերների (անգլ. hipster, որոշ իմաստով հիպպիներին հաջորդող, «ձեւիստ» -խմբ.) մերկ բռունցքների կիրառությամբ: Պատերազմական 1917 թվին գործածելի էին այլ միջոցներ. կազակի նագայկա-մտրակը, շնից հավատարիմ Մաքսիմի արճճե գնդակն ու պրոլետարիատի գլաքարը՝ Պրեսնյա փողոցից:

Չնայած գրեթե թատերական ներկային, արյունոտ, այդ թվում 1996-ի անցյալը դժվարացնում է Ռուսաստանի քաղաքական եւ հասարակական հարթ զարգացման մասին խոսակցությունը: Դրությունը երկու բառով ամփոփելով, կարող ենք ասել, որ հանրության բոլոր շրջանակները՝ ավանդապահից մինչեւ պրոգրեսիստ, պասիվ դիտորդի դիրքում սպասում են մեկ բանի՝ կիրականանա՞ արդյոք, եւ հատկապես ինչ տեսքով կիրականանա Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի մարգարեությունը: Այստեղ առանցքայինը «պասիվ» բառն է, որը տանում է դեպի լուծումների հետաձգում եւ դրության հետագա խորացում: Հիշեցնենք Վոլոդինի նվիրական բանաձեւը. «կա Պուտինը՝ կա Ռուսաստան, չկա Պուտինը՝ չկա Ռուսաստան»:

Ամեն կարճ ասույթ իր թաքուն իմաստն ունի

Այդ դեպքում ի՞նչ է լինելու Ռուսաստանի փոխարեն: Անշուշտ, դարձյալ Ռուսաստան է լինելու, խնդիր է՝ ինչպիսի: Վոլոդինի բանաձեւի մեջ երկրի ետպուտինյան ապագայի մասին ավելին է ասված, քան, թերեւս, ցանկանում էր այն ձեւակերպողը: Նախ եւ առաջ, դա վերաբերում է ետպուտինյան շրջանում ավտորիտար ուղղահայացի վերակառուցման անհրաժեշտությանը, կոպիտ ասած՝ նոր Պուտինի ի հայտ գալու հրամայականին: Այդ դեպքում Ռուսաստանը վոլոդինյան Ռուսաստան էլ կմնա: Այս պահին ընդամենը նոմինալ պետական ինստիտուտների, լոկ անվամբ արտահայտված հաստատությունների՝ երկպալատ պառլամենտի, դատաիրավական համակարգի եւ մամուլի դերի վերականգնման ճանապարհը, ըստ Վոլոդինի բանաձեւի ոգու, մերժելի է:

Նույն կարծիքին էր հուլիս 25-ին նաեւ ռուսական պառլամենտի մյուս՝ վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն. ո՛չ իրական պառլամենտականությանը, ո՛չ Հայաստանին, մի խոսքով ոչ, ոչ եւ ոչ, բոցավառ կոմերիտականի նո պասարա՛ն: Եւ իրոք, երկարատեւ մորատորիումից հետո քաղաքական շտապ ռեանիմացիայի ճանապարհը ավետում է ցնցումներ: Հայաստանում ցնցումները հաղթահարվեցին խաղաղ «մերժումի», այնուհետեւ՝ «եթե սպիտակ չես, ուրեմն սեւ ես» բանաձեւերով, որոնք իրենց հերթին ընդամենը հետաձգել են գալիք, իրական հեղափոխության պահը: Աակայն Վոլոդինի թաքուն կարծիքով ավելի հուսալի տարբերակը, այն է՝ ավտորիտար ուղղահայացի պարզ փոխանցումը «նոր Պուտինին», նույնպես վիճահարույց է: Բացի տնեսական նոր, ոչ օլիգարխիկ պայմանների ստեղծման անհրաժեշտությունից, որ գիտակցվում է փաշինյանական Հայաստանում, կա նաեւ տեխնոլոգիական բարդություն:

Չմոռանանք, որ Պուտինին իշխանության բերելու համար նախ պահանջվեց փրկարարական միջոցառումների շուրջ հսկայական մի քարոզարշավ ծավալել հօգուտ ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի: Այնուհետեւ միայն, Սերգեյ Քյուժուգեթ օղլու Շոյգուի հիմնած եւ գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջոցով անցում կատարվեց իր խարիզմայով այն ժամանակ, թերեւս հիմա էլ, Շոյգույին բազմապատիկ զիջող Վլադիմիր Պուտինին: Իրականում սխեման էլ ավելի բարդ էր եւ ներառում էր Մոսկվա քաղաք-պետության իշխող բյուրոկրատիայի, օլիգարխատի եւ թաթար չափավոր ազգայնականների շահերը: Քաղաքագլուխ Յուրի Լուժկովը իր եւ նախագահ Մինտեմիր Շայմիեւը իր խաղի մեջ էին: Դառնալով երկրի նախագահ, Վլադիմիր Պուտինը լուծեց այս երկուսի «հարցերը»:

Իբրեւ Ելցին-Պուտին տրանսֆեր ներկայացվող իշխանափոխությունը իրականում Ելցին-Շոյգու-Պուտին էր: Սակայն տրանսֆերի հիմքում կար եւս մեկ, կարեւորագույն տարր: Դա պատերազմն է: Թեկուզ եւ ներքին, դասական իմաստով, թեկուզ ոչ քաղաքացիական, սակայն՝ մեծ պատերազմ: Խոսքը Ռուսաստանի համար կենսական, էքզիստենցիալ նշանակություն ունեցող, այսպես կոչված երկրորդ Չեչենական պատերազմի մասին է, որը սանձազերծվեց Կրեմլի կողմից Խասավյուրտյան նվաստացուցիչ պայմանագիրը չեղարկելու նպատակով:

Որն է լինելու Ռուսաստանում իշխանափոխության մոդելը

Ու՞մ հետ պիտի մարտնչի Մոսկվան հիմա տրանսֆերային գործողություն ապահովելու համար: Այժմ ոսոխը դարձյալ երկրի ներսի՞ց է լինելու: Ովքե՞ր են ներկայացնելու Ռուսաստանի համար բավարար էքզիստենցիալ վտանգ այս անգամ: Պատասխանը փնտրելիս, նկատի ունենանք, որ այսպես կոչված «բնիկ» ցեղախմբերի օգտագործումը չափազանց վտանգավոր կլիներ իսլամական գործոնի պատճառով: Խնդիրը բարդանում է նրանով, որ 2000 թվականի երկաստիճան անցումը պիտի իրականացվեր պայմանական «վատ» Ելցինից դեպի պայմանական «լավ» մի թեկնածու: Հիմա Պուտինը «լավն» է: Անցումը դեպի ավելի «լավը» չափազանց բարդ է պատկերացնել առանց ազդու, ահեղ հանգամանքների:

Շոյգու, Սոբյանին, սերնդային իմաստով հարմար որոշ նահանգապետներ եւ, վերջապես, առավել հետաքրքրական Ալեքսեյ Նավալնի: Ահա հավանական հետնորդների շարքը: Հայաստանի իրադարձությունները հրաշալի փորձադաշտ եղան նման տրանսֆերներ պլանավորող հատուկ միավորների համար: Ընդ որում, անկախ նրանից, թե նախապես ինչ տեսակի անցում պիտի կատարվեր, կամ կարող էր կատարվել, կամ անխուսափելի էր Հայաստանում, փորձադաշտը իդեալական է: Նավալնին, սակայն, Կրեմլում որոնվող Փաշինյանը չէ: Դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի: Ռուսներն էլ, անշուշտ, հայ չեն:

Իրավիճակը կարեւոր է ոչ այնքան բազմաչարչար Ռուսաստանի ճակատագիրը կանխատեսելու առումով, որքան այդտեղ բնակվող հայության ճակատագրի մտահոգությամբ: Նախքան այս ուղղություններով ծավալվելը, նշենք, որ թե քննության, թե հավանական միջամտության խնդիրը շատ ավելի դյուրին կլիներ, եթե չլիներ Հայաստանի ինքնամեկուսցումը տերպետրոսյանական «սովորական ազգի» փիլիսոփայության շրջանակներում: Սովորական ազգը Սիրիայից չպիտի արտաքսվեր:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...