Քոչարյանը հատակին ընկած թպրտում է. վարձկանները չեն կարող հարց լուծող լինել

- in Կարծիք
Robert Qocharyan

«Քոչարյանի հայտարարությունները ևս մեկ անգամ հավաստեցին, որ ինքը հայ ժողովրդին ու Հայաստանը բացարձակապես չի ճանաչում, նա իրավիճակին չի տիրապետում ու չգիտի, թե ժողովրդի որ հատվածն իր մասին ինչ կարծիք ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահի հարցազրույցին։

 

Մեր զրուցակիցը հավելեց. «Ժողովրդի գրեթե 98 կամ 99 տոկոսը ծայրահեղ ատելությամբ է լցված իր և իր վարչախմբի նկատմամբ։ Այդ  պայմաններում նա ինչպե՞ս կարող է համախմբում ստեղծել, նա ժողովրդից կողոպտած փող ունի, դրանով վարձկաններ կարող է հավաքել, բայց չի կարող լայն զանգվածներին փողոց հանել։ Դա անտրամաբանական բան է, հակառակը՝ ժողովուրդը նրան ուզում է ամենախիստ ձևով պատժված տեսնել։ Այս պայմաններում նա ինչպե՞ս է հեղափոխություն անելու։ Նրա արարքների մի մասը բացահայտվել է, հիմա հատակում է ու թպրտում է այդ հատակի վրա՝ ձեռքը գցելով փրփրուրներից»։

Մալխասյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ինչքան ուզենան ասպարեզում մնալ, այնքան կբարձրանա Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: «Այսինքն՝ նրանք անուղղակի ձևով նպաստում են, որ Նիկոլի վարկանիշը չընկնի։ Ժողովուրդը համեմատության մեջ է դնում, ասում է՝ եթե Նիկոլի փոխարեն Քոչարյանն ու Սերժն են գալու, այդ դեպքում նախընտրելի է Նիկոլը: Նրանք Նիկոլին շատ լավ պաշտպանում են ու թույլ չեն տալիս, որ նրա վարկանիշն ընկնի։ Նրանք այնքան մեծ հանցանքներ են թույլ տվել հայ ժողովրդի նկատմամբ, որ ժողովուրդն ասում է՝ եթե Նիկոը կյանքը չի լավացնում, գոնե մեզ չի կողոպտում, շատ լուրջ բաներ են փոխվել։ Եթե Նիկոլին հաջողվի լուծել արդարության խնդիրը, սոցիալական խնդիրները ինքնըստինքյան կլուծվեն»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը հավելեց. «Ժողովուրդը Քոչարյանին որպես ընդդիմություն չի տեսնում, դա անցած էտապ է: Ժողովուրդը մտածում է, որ նրանք խստագույնս պետք է պատժվեն, գողոնը միլիարդներ է կազմում ու պետք է հետ բերվի։ Նրանք վրացիներին ու ճապոնացիներին չեն կողոպտել, հայ ժողովրդին են կողոպտել։ Միշտ էլ դավաճաններ լինում են՝ փողի համար ամեն ինչի կգնան, դրանք էլ կհավաքվեն Քոչարյանի կողքը, բայց վարձկանը հարց լուծող չէ։ Սկսած Գառնիկ Իսագուլյանից՝ բոլորը վարկաբեկված մարդիկ են, որին քրքրես՝ տակը կեղտ ու զիբիլ է։ Իսկ այդ միացած 7 կուսակցությունները տասնապատիկ վարկանիշը գցեցին»։