Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Միհրան Պողոսյանի վերաբերյալ որոշմանը

- in Կեղտոտ լվացք

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ զբաղվող հանրային խմբերը փորձել են նրա գործի վերաբերյալ նամակներ հանձնել Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատներին, որոնք գտնվում են հարեւանությամբ:

http://lragir.amԱվելի վաղ, երկրորդ նախագահի պաշտպանություն իրականացնող քաղաքացիները նամակ էին հանձնել Գերմանիայի դեսպանատուն: Մեծ հաշվով, նամակների նպատակն է եվրակառույցներում ստանալ Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական հետապնդման բաղադրիչի առկայության մասին իրենց գնահատականի հաստատում:

Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատներից քիչ ավելի վերեւ գտնվում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը: Հատկանշական է, որ երկրորդ նախագահի պաշտպանությունն իրականացնող քաղաքացիները չեն գնացել այդ ուղղությամբ եւ նամակ չեն հանձնել ՌԴ դեսպանատուն:
Մի կողմից զուտ ձեւաչափի առումով բացատրությունը պարզ է՝ նամակները հասցեագրված են եվրակառույցներին, որոնք նախանձախնդիր են Հայաստանում ժողովրդավարական-իրավական գործընթացների հարցում: Ռուսաստանն այդպիսին չի եղել երբեք, եւ Ռոբերտ Քոչարյանն ու համակիրներն էլ դա ամենից լավ գիտեն:

Մյուս կողմից, հենց այն, որ Ռուսաստանից անթաքույց պաշտպանություն ակնկալող երկրորդ նախագահը դիմում է եվրակառույցներին, արդեն իսկ բավականին խոսուն հանգամանք է, հատկապես հաշվի առնելով Եվրոպայի ժողովրդավարական նախանձախնդրության վերաբերյալ Ռուսաստանի վերնախավի մեղմ ասած խանդոտ դիրքորոշումը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող չանհանգստանալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացից: Թե հատկապես անհանգստանալու ի՞նչ առիթ ունի Ռուսաստանը, չէր մանրամասնվել: Որովհետեւ, նույն Ռոբերտ Քոչարյանն առնվազն իր հարցազրույցներից մեկում՝ դեռեւս 2011 թվականին, տվել է գոնե ենթադրության առիթ, որ 2008-ի մարտի 1-ին գործել է ինչ որ «երրորդ ձեռք»:

Նա ուշադրության էր հրավիրել հանգամանքին, որ զոհերը եղել են այն հատվածներում, որոնք չէին վերահսկում թե ընդդիմությունը, թե իշխանությունը: Իսկ ամիսներ առաջ Հայկական Ժամանակը տարածեց տեղեկություն, որ կա մարտի 1-ին առնչվող օտարալեզու թուղթ-հանձնարարական, թե ինչ պետք է անի իշխանությունը ցուցարարների դեմ, եւ այդ օրերին Երեւանում են եղել նաեւ օտար երկրի հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Այս հանգամանքը հատկանշական լույսի ներքո է Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՌԴ որոշման ֆոնին, որով Ռուսաստանը մերժեց արտահանձնումը Հայաստանին: Պողոսյանը կապ չունի մարտի 1-ի գործի հետ, բայց նրա արտահանձնման մերժումը կամ պարզապես նրա հանդեպ հովանու կիրառումը ունի լայն քաղաքական համատեքստ, որի ծիրում պարունակվող ակնարկներից մեկը կարող է ունենալ հետեւյալ իմաստը. Պողոսյանին պահելը կարող է նշանակել հանձնել կալանատանը պահվող Ռոբերտ Քոչարյանին, իհարկե ընդհանուր համակարգային հանձնման համատեքստում, որովհետեւ Միհրան Պողոսյանն իր օֆշորային հաշվով Հայաստանի նախկին համակարգի դե ֆակտո «գանձապետն» է:

Որքանով է առարկայական այդ իմաստը, իհարկե բարդ է ճշգրիտ արձանագրելը, սակայն դրան զուգահեռ սկսեց գեներացվել Սերժ Սարգսյանի ձերբակալության թեման, ընդ որում հենց Սարգսյանի շրջապատից, ինչը գործնականում եւս պարունակում է երկրորդ նախագահի կալանված կարգավիճակի քաղաքական նշանակության որոշակի իջեցման հեռանկար:

Այդ ազդակները երկրորդ նախագահի համար նպաստավոր չեն, ինչին ի պատասխան էլ նա փորձում է աշխուժացնել աշխատանքը եվրակառույցների ուղղությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան