Քրեաօլիգարխիան միտումնավոր նպաստում էր հասարակության լյումպենացմանը

- in Կարծիք
oligarxia

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի հարցով գրել էր, որ ժողովուրդը կարող է սխալվել՝ ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով․ «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։

Անշուշտ, հասկանալի է, թե այլաբանորեն ինչ էր ցանկացել ակնարկել պատգամավորը․ նա ընդդիմացել էր Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկությանը։ Զուտ մասնագիտական առումով՝ Թունյանը գուցե նաև ճիշտ է։

Խնդիրը բարդ ու մասնագիտական է ու հասարակությունը նման հարցերում կողմնորոշվել չի կարողանալու և թերևս սա այն դեպքը չէ, երբ երկրի իշխանությունը պատասխանատվությունը պետք է դնի բավարար իրազեկվածություն չունեցող հասարակության վրա։ Մյուս կողմից՝ պարզ չէ, թե ինչպիսի աշխարհագրական տարածք պետք է ընդգրկի հանրաքվեն։ Եթե այն անցկացվելու է Ջերմուկի ու հարակից համայնքների տարածքում, ապա արդյունքները կանխատեսելի են ու հանրաքվե անցկացնելու և միջոցներ ծախսելու նույնիսկ անհրաժեշտություն չկա։ Եթե հանրաքվեն համապետական է լինելու, Ամուլսարի հարցը մնալու է քաղաքական կոնյուկտուրայի ստվերում և, ըստ էության, դրվելու է գործող իշխանության վստահության հարցը, որի անհրաժեշտությունը թերևս չկա, քանի որ չեմ կարծում՝ այս խնդիրը կարող է հեղափոխության թիմի լեգիտիմության կամ վստահության կորստի պատճառ դառնալ։

Սակայն հանրաքվեի հարցին կանդրադառնանք այլ առիթվ, իսկ հիմա արձանագրենք, որ Թունյանը՝ ռացիոնալ միտք արտահայտելով հանդերձ, առնվազն ոչ կոռեկտ ձևակերպում է արել, ինչի հետևանքով սոցիալական ցանցերում արդարացիորեն արժանացել է բուռն քննադատությունների։

Իշխանության ներկայացուցիչն իրավունք չունի նման բառամթերքով խոսել հասարակության մասին, սորտավորել նրան։

Այդ կարծիքին եմ եղել միշտ ու դիտողությունս հասցեագրված է թե նախկին քրեօիգարխիկ համակարգին և թե հեղափոխության թիմին։

Օրինակ՝ քրեաօլիգարխիան միտումնավոր նպաստում էր հասարակության լյումպենացմանը, այլ խոսքով՝ «անգրագետ Պողոս»-ների ձևավորմանը։ Քրեաօլիգարխիան, ըստ էության, այլ տարբերակ չուներ։ Արժեքային ավելի բարձր նշաձող ունեցող հասարակությունը քսան տարի չէր կարող հանդուրժել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Մյուս կողմից՝ նախորդ հանցավոր համակարգը ձևավորվում էր ոչ թե հասարակության քվեի, այլ «տասը հազար» դրամների ուժով, այլ խոսքով՝ դասական իմաստով, «անգրագետ Պողոս»-ների ձևավորած իշխանություն էր։

Հեղափոխությունը չի բերել արժեքային նոր համակարգի ներդրմանը, քանի որ նոր իշխանությունը գերադասեց հասարակությանը ոչ թե կոնսոլիդացնել կրեատիվ գաղափարների, զարգացման հրամայականի շուրջ, այլ բարիկադավորել «սևի» ու «սպիտակի» հակադրության պրիմիտիվ բանաձևով։

Այլ խոսքով՝ ընտրվել է լյումպենին սիրաշահելու, հասարակությանը լյումպենացնելու մարտավարությունը։ Ուրեմն՝ գործող իշխանության հասարակական հենարանը դարձյալ ոչ թե մտածող քաղաքացին է, այլ՝ «անգրագետ Պողոս»-ը։ Արդ՝ այքան էլ կոռեկտ չէ, որ կառավարող կոալիցայի ներկայացուցիչը ծաղրում կամ հեգնում է իր հենարանին։

Մյուս կողմից՝ չկա շաբաթ, որ մեր պատգամավորներն աչքի չընկնեն մտքի գոհարներով, քաղաքական «փայլատակումներով»։ Վաղուց հաշտվել ենք այդ իրականության ու նաև այն փաստի հետ, որ գործող խորհրդարանը, մեծ հաշվով, ապաքաղաքական ու անդեմ մի ինստիտուտ է։ Ի դեպ, լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը հետևեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օրինակին։

Սեպտեմբերի 6-ին՝ Ուկրաինայի նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկին ընդառաջ նախագահ Վլադիմիր Զելենսկին կուսակիցներին մեկշաբաթյա դասընթացների է ուղարկել՝ պետական-քաղաքական համակարգը սերտելու նպատակով:

1991 թվականից հետո առաջին անգամ Ուկրաինայի նախագահի առաջնորդած կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ստացել, խորհրդարանի 450 տեղերից «Ժողովրդի ծառա»-ին բաժին են հասել 254-ը: Չնայած այս պատկառելի թվին՝ իշխող ուժը, ընդդիմախոսների պնդմամբ, վստահություն չի ներշնչում, Զելենսկու կուսակիցներին քննադատում են քաղաքականապես անփորձ լինելու մեջ: Բանն այն է, որ խորհրդարան անցածներից շատերը նախկինում միանգամայն այլ ոլորտներում են աշխատել, քաղաքական համակարգից հեռու՝ հարսանեկան լուսանկարիչներ, հեռուստաաստղեր, ռեստորանային համալիրների սեփականատերեր, մարզիկներ: Նորընտիր օրենսդիրների քաղաքական գուրուն Տիմոֆեյ Միլովանովն է՝ Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի տեղակալը: «Օրական 13 ժամ ինտենսիվ, դաժան և հագեցած դասընթացներ», – նկարագրել է պետական կառավարման մասնագետը երկրի պատգամավորների հետ ուսուցողական պարապմունքները սկսելուց առաջ:

Ինչպես ասում են՝ նմանություները տեսանելի են նույնիսկ անզեն աչքերով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...