Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գուրգեն Գրիգորյանի գործի քննությունը:

Գործը քննվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

23-ամյա Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Մեղսագրված արարքի համար Գուրգեն Գրիգորյանը կալանքի տակ է առնվել 2017 թվականի նոյեմբերի 7-ին: Ամիսներ առաջ՝ մայիսի 3-ին, Գուրգեն Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել գողության ու գողության փորձի համար, դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամանակով:

Խուլիգանական դրդումներով դանակահարությունը, ըստ դատական ակտի, Գուրգեն Գրիգորյանը կատարել է՝ գտնվելով փորձաշրջանի մեջ:

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Երևանի հիմնադրման տոնի օրը, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում՝ Տերյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկի մոտակայքում, Գուրգեն Գրիգորյանը խուլիգանական դրդումներով՝ չնչին առիթով ՝ Արման Ա.-ի նայվածքը իր համար «վիրավորական» համարելով, մոտեցել է վերջինիս, ներկայացել է «Տուտի» մականունով, ապա ավելի հանգիստ տեղում զրուցելու առաջարկով Արման Ա.-ին ուղեկցել է Կողբացի փողոցի մոտակայքում գտնվող կիսակառույց շենքի բակային խուլ հատված, որտեղ առանց երկար-բարակ խոսելու՝ սուր կտրող-ծակող գործիքով շուրջ յոթ հարված է հասցրել Արման Ա.-ին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կրծքավանդակի հետին մակերեսի, աջ գոտկային շրջանի ծակած-կտրած, մկանների վնասումով, եզրային կրծքաօդահավաքով զուգորդված վերքերի ձևով:

Դատարանում Գուրգեն Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Արման Ա.-ն հայտնել է, թե դեպքի օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 14-ին, իր ընկերներ Գառնիկի, Ստեփանի, Գասպարի ու Վահագնի հետ «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու նպատակով գնացել է Հյուսիսային պողոտա:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Տերյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի խաչմերուկի մոտակայքում նկատել են կենդանի երաժշտության ներքո պարող մարդկանց: Մոտեցել են: Այնտեղ ինքը նկատել է, որ մի երիտասարդ ուշադիր նայում է իրեն: Երբ իրենց հայացքները հանդիպել են, այդ երիտասարդն ինչ-որ բան է հարցրել, բարձր երաժշտության ու աղմուկի պատճառով ինքը չի լսել: Մոտեցել է նրան, որ հասկանա՝ ի՞նչ է ասում: Վերջինս առաջարկել է քայլել ու զրուցել: Քայլելու ընթացքում ինքը նկատել է, որ իրենց հետևից գալիս են ևս հինգ երիտասարդներ:

Նրանցից մեկը՝ մոտ 170 սմ հասակով, 22-25 տարեկան, սպիտակամաշկ, այտին՝ մեծ խալ, երկար, հարթ մազերով, իրեն ներկայացել է «Տուտի» մականունով և սկսել է իր հետ խոսել «ապե»-ով: Ինքը նրան զգուշացրել է, որ իր հետ նորմալ խոսի: Քայլելով հասել են Կողբացի փողոցի մոտակայքում գտնվող կիսակառույց շենքի բակ: Այնտեղ հիշյալ վեց երիտասարդները, առանց որևէ բան ասելու, ոտքերով ու ձեռքերով իրեն բազմաթիվ հարվածներ են հասցրել: Իրեն ծեծելուց հետո նրանք վազելով հեռացել են: Ինքը ոտքի է կանգնել, դուրս է եկել փողոց, որտեղ լույսի տակ նկատել է, որ շորերն ամբողջովին արյան մեջ են: Իրեն զանգել է ընկերներից՝ Գառնիկը, ինքը նրան հայտնել է, որ ծեծի է ենթարկվել, գտնվում է Մաշտոցի պողոտայի ու Պուշկինի փողոցի խաչմերուկում: Մինչև Գառնիկի գալը ինքը ծակծկոց է զգացել մեջքի մասում, հասկացել է, որ վնասվածքներ ունի:

Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում իրեն է մոտեցել Գառնիկը, բարձրացրել է իր շապիկն ու ասել է, թե մեջքի հատվածում կտրած-ծակած վերքեր կան: Պատահական տաքսիով գնացել են Սեբաստիա փողոցում գտնվող դեղատուն, որի աշխատակիցը Գառնիկի ընկերն էր: Նա նայել, ասել է, որ վերքերը խորն են ու վտանգավոր, հարկավոր է անհապաղ հիվանդանոց տեղափոխել: Գառնիկը զանգել է շտապօգնություն, իրեն տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն ու վիրահատել են:

Տուժող Արման Ա.-ն իր ցուցմունքը պնդել է Գուրգեն Գրիգորյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Տուժողը քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Գուրգեն Գրիգորյանի հայրը նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե որդուն վաղ մանկուց՝ դեռ երեք տարեկանից «Տուտի» են ասում: Վկան համոզմունք է հայտնել, որ որդին՝ Գուրգենը, առնչություն չունի տվյալ դեպքի հետ: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից:

Նախաքննության ընթացքում իրականացվել է «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն: Ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդել է այդ գործողության արդյունքները ճանաչել անթույլատրելի ապացույց, սակայն դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը՝ արձանագրելով, թե «Ներքին դիտում» իրականացնելու արդյունքները ձեռք են բերվել ու գործին կցվել են օրենքով սահմանված ու թույլատրելի կարգով:

Դատարանը հետազոտել է «Ներքին դիտման» տեսագրությունը և այն զննության ենթարկելու արձանագրությունը, ըստ որի՝ տեսագրությունը կատարվել է աշխատասենյակում: Զրույցը վարող տղամարդը հարցեր է տվել Գուրգեն Գրիգորյանին: Վերջինս ասել է, թե դեպքի պահին իրենք երեք հոգով են եղել: Միջադեպի պատճառը եղել է «նայվածքը, որի պատճառով վիրավորվել է իր ինքնասիրությունը…»: Գուրգենը հայտնել է, թե տուժողին դանակով հարվածել է միայն ինքը, իսկ ընկերները հարվածել են ձեռքերով: Դանակն ինքը շպրտել-կորցրել է, տեղը չի կարող ցույց տալ…

Գուրգենն ասել է, թե չի իմացել, որ տուժողը՝ Արման Ա.-ն, անչափահաս էր:

Գուրգենն ասել է, թե «ներվային խնդիրներից» է առաջացել ամեն ինչը… Ինքը դանակով մի անգամ հարվածել է տուժողի կրծքին, հետո պտտվել է, որ փախչի ու չի հիշում՝ թիկունքից քանի անգամ է հարվածել տուժողին…

Դեպքի հանգամանքները ավելի մանրամասն ներկայացնելու առաջարկին Գուրգենը պատասխանել է, թե տուժողը սկզբում իր վրա է նայել «մի տեսակ վատ հայացքով», նրան ինքը հասկացրել է, որ առաջանա՝ բան ունի ասելու: Երբ նա մոտիկացել է, ինքը հարցրել է՝ ո՞նց ես: Նա գոռալով պատասխանել է. «Լավ եմ, դո՞ւ ոնց ես»: Ինքն ասել է, թե այդ տեղում տեսանկարահանող սարքեր կան, ավելի լավ է՝ գնան մի այլ տեղ խոսեն: Երբ քայլել են, այդ տղան՝ Արմանը, անընդհատ գոռգոռացել է իր վրա, ինքը նրան հարցրել է. «Իմ հետ խի՞ ես տենց խոսում, մտածում ես՝ արժի՞ ինձ հետ ըտենց խոսալ»: Նա պատասխանել է, թե էդպես պիտի խոսի, ինքը նրան ասել է. «Արի, ախպեր», ու գնացել են…

Գուրգենն ասել է, թե Արմանի հետ էլի տղաներ կային, բայց նրանք փախել են, Արմանը մենակ է մնացել… Ըստ Գուրգենի՝ իր մոտ «բաբշկա» մեծ դանակ է եղել, և առաջինն ինքն է հարվածել տուժողին…

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Գուրգեն Գրիգորյանի կողմից, հաշվի է առել, որ նա հանցավոր արարքը կատարել է՝ նախորդ հանցավոր արարքի համար լինելով փորձաշրջանի մեջ:

Գուրգեն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Դատարանը վերացրել է նախորդ դատավճռով Գրիգորյանի նկատմամբ կիրառված պայմանական դատապարտությունը և նշանակված պատժին մասնակի գումարել է նախորդ պատժի չկրած մասից 6 ամիս ազատազրկում:

Գուրգեն Գրիգորյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 7-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին՝ մեղսագրված արարքի՝ նրա կողմից կատարումը ապացուցված չլինելու հիմքով:

Վերաքննիչ քրեական դատարանում այս գործով մի քանի նիստեր հետաձգվել էին: Այս նիստում ամբաստանյալը խնդրեց իր պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի առնելով, որ ամբաստանյալը հետ է վերցրել իր պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը, ինչպես նաև այն, որ տվյալ գործով դատավճռի՝ վերաքննության կարգով բողոքարկելու ժամկետն ավարտվել է, այդ դատական ակտի դեմ այլ բողոքներ չեն բերվել, այս գործով վերաքննիչ վարույթը կարճեց:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...