Միջազգային հեղինակավոր կայքերից մեկի՝ BBC-ի ռուսական վարկածն անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին՝ իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի հիման վրա կատարելով կարևոր բացահայտումներ։

Պարզվում է՝ 2008-ի դրամատիկ իրադարձություննների օրերին Հայաստանում է գտնվել Արցախից բերված 20 հոգանոց խումբ՝ ՊԲ հրամանատարի այդ ժամանակվա տեղակալ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ, որը հայտնի է նաև Օգանովսկի անունով, որն էլ իրականացրել է տասը սպանությունները։ Ի դեպ, Օգանովսկին, որը վկայի կարգավիճակով հարցաքննվել է այս գործով, հաստատել է տեղեկատվությունը, որ զինված մարդկանց է բերել Երևան։

Այս դրվագը հերթական անգամ բացահայտում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սուտը, որը նախաքննության ընթացքում, նաև դատարանում համառորեն պնդում է, որ ԼՂՀ զինվորականնները Հայաստան չեն բերվել։

Հեղինակավոր կայքը, սակայն, իրեղեն ապացույցների հիման վրա, պնդում է, որ Օգանովսկու զինված ջոկատը ոչ միայն Հայաստանում է եղել, այլև տեղակայվել է Բաղրամյան 26-ում՝ նախագահի աշխատակազմի շենքում։ Արցախից բերված, ըստ էության, վարձկաններին պարբերաբար այցի են գնացել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, և նույնիսկ այսքանից հետո տարակուսելի է, որ երրորդ նախագահն ընդամենը վկա է ու հարցաքննվել է երկու անգամ։ Ուշագրավ է, որ BBC-ի տվյալներով՝ Արցախից բերված զինված խմբին ֆինանսավորել են օլիգարխներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, որոնք, իհարկե, կայքի հետ զրույցում կտրականապես հերքել են իրենց մասնակցության հանգամանքը։

Ուշագրավ է, որ գեներալ Օգանովսկին չի հերքում զինված խմբով Երևան «արշավելու» փաստը, սակայն հերքում է սպանություններին իր մասնակցությունը։ Իհարկե, պաշտոնաթող գեներալի հերքումներն արժանահավատ չեն, որովհետև օլիգարխացած այս զինվորականը ժամանակին առհասարակ հերքում էր իր Երևան ժամանելու փաստը։ Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին հայկական ԶԼՄ-ներում տեղ են գտել բազմաթիվ հրապարակումներ, որոնք հաստատում են, որ արյունոտ իրադարձություններին մասնակցել են Արցախից բերված ջոկատներ, զինվորականներ։ Այս առումով՝ BBC-ն ոչ թե նոր բացահայտում է անում, այլ, ըստ էության, վերահաստատում է այս փաստը՝ հղում անելով նախաքննության նյութերին, որոնք փաստորեն հայտնվել են հեղինակավոր լրատվամիջոցի տրամադրության տակ։

Հեղինակավոր աղբյուրը պնդում է, որ հենց Սամվել Կարապետյան-Օգանովսկին է սպանությունների կազմակերպիչը, որը ցուցումներ է ստացել Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից։

Ուշագրավ է, որ այս դրվագի հետ կապված պարզաբանումներից, ըստ էության, խուսափել են Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները։ Ռոբերտ Քոչարյանի, անշուշտ, պրոֆեսիոնալ պաշտպանական խումբն, ըստ կայքի, օպերատիվ արձագանքման խնդիր է ունեցել։ Բնականաբար, այս վարկածն արժանահավատ չէ, որովհետև Քոչարյանի թիմը, որպես կանոն, համակարգված է աշխատում և շատ արագ արձագանքում է անգամ աննշան իրադարձություններին։

Թերևս այս պարագայում BBC-ի փաստարկներն այնքան հիմնավոր են եղել, որ Քոչարյանի պաշտպանական թիմը մտածել է, որ իրավիճակը չի կարող փրկել ստանդարտ մաիպուլյացիոն հնարքներով։

BBC-ի հետ զրույցում սակավախոս են եղել նաև ամեն օր ծավալուն «մտահոգ» հարցազրույցներ տվող ու ֆեյսբուքյան գրառումներ անող հանրապետականները, որոնք սահմանափակվել են պատասխանով, թե Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ չի շփվում։

Եվ վերջում՝ մի քանի դիտարկում։

BBC-ն խիստ հեղինակավոր լրատվամիջոց է, որը հրապարակում է միայն ճշտված տեղեկատվություն, ընդ որում՝ այն «ֆիլտրելով» մի քանի աղբյուրների հետ ճշտումների միջոցով։ Եթե կայքը պնդումներ է անում, որ նախաքննությունը բավարար ապացույցներ ունի, թե Արցախից բերված ջոկատն է Մարտի 1-ի սպանությունների հեղինակը, ապա, անկասկած, տեղեկատվությունը ճշտված է ոչ միայն պաշտոնական խողովակներով, այլ նաև հաստատվել է մի շարք հեղինակավոր փորձագետների, իրազեկ մարդկանց կողմից։

Ենթադրելի է, որ Մարտի 1-ի գործում առաջիկայում ունենալու ենք նոր սենսացիոն բացահայտումներ, աղմկոտ ձերբակալություններ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...