Alik Sargsyan

Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին տեղեկություն է տարածել ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մարտիմեկյան գործում մեղադրանք առաջադրելու մասին: Ըստ տեղեկության, Սարգսյանը ներգրավվել է ապացույցների կեղծման, թաքցնելու գործընթացում:

Ալիկ Սարգսյանը ոստիկանության պետի պաշտոնը ստանձնել է 2008 թվականի մայիսի 29-ին, այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Հարությունյանին: Հայկ Հարությունյանի դին օրեր առաջ հայտնաբերվեց նրա ամառանոցում՝ ինքնասպանության նախնական վարկածով: Հատկանշական է, որ մարտիմեկյան գործում առանցքային վկաներից մեկի մահվանից հետո ՀՔԾ-ն գրեթե անմիջապես մեղադրանք է ներկայացնում ոստիկանության պետի պաշտոնում Հայկ Հարությունյանին փոխարինած Ալիկ Սարգսյանին:

Պարզապես հարց է, օրինակ, կլինե՞ր այդ մեղադրանքը, եթե չլինել Հայկ Հարությունյանի մահը: Արդյոք Ալիկ Սարգսյանը «վճարում» է Հարությունյանի մահվան համար: Իհարկե, երկու նախկին ոստիկանապետերը «համարժեք» վկաներ չեն, որովհետեւ Հարությունյանը ոստիկանապետ է եղել հենց մարտիմեկյան գործողությունների ընթացքում, թեեւ Ալիկ Սարգսյանին էլ ծանոթ են հետագա իրավիճակում մնացած շատ հետքեր:

Եվ այստեղ կա թերեւս մեկ այլ հատկանշական կողմ, որի մասին շոշափվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակ օրաթերթում, 2015 թվականի հունվարի 23-ին, «Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծ խառնակչություն» վերնագիրը կրող մի քանի մասանոց հոդվածաշարի 6-րդ մասում, որի ներքո Ա. Սմբատյան ստորագրությունն է:

Դրանում շոշափվում է հետմարտիմեկյան զարգացումների ընթացքի այն հատվածը, երբ այդ ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը «վերադարձավ» Ազատության հրապարակ:

«Տարիներ անց, սակայն, պիտի բացահայտվի, որ հանրահավաքի նախորդ օրը՝ կեսգիշերին մոտ, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տանը, ով ազգակցական կապ ունի ընդդիմության ներկայացուցիչներից մեկի հետ, խորհրդավոր հանդիպում է տեղի ունեցել:

Ընդդիմադիր լիազորված երկու ներկայացուցիչներ, վստահելի բանակցողներ հանդիպում են ունեցել այն ժամանակ ՀՀ ոստիկանության պետ՝ տվյալ դեպքում «պայմանական հակառակորդ» Ալիկ Սարգսյանի հետ՝ քննարկելու-համաձայնեցնելու Ազատության հրապարակի հերոսական ազատագրման օպերացիան: Հասկանալի է, որ այնպես չէր, որ այդ բանակցողները պատահաբար էին հայտնվել հանդիպման վայրում: Ավելի բարձր մակարդակներում կայացվել էր սկզբունքային համաձայնություն, Ալիկ Սարգսյանն ու ընդդիմադիր բանակցողները պետք է ընդամենը քննարկեին մանրամասները, ճշտեին դետալները: Պետք է, թերեւս, շնորհակալ լինել կողմերին, որ օպերացիան պլանավորելիս չեն որոշել հավաստիության համար մի քանի զոհ տալ՝ երկու կողմերից», գրված է Հայկական Ժամանակ թերթում հրապարակված հոդվածում:

Մարտիմեկայն գործը մի կողմից տասը մարդու կյանք արժեցած ողբերգություն, մյուս կողմից գործնականում պետականության մի ամբողջ շրջափուլ ներառող քաղաքական սարդոստայն է: Մարտիմեկյան գործը Հայաստանում իշխած համակարգի գրեթե երեք տասնամյակի հարաբերությունների մեծ առերսում է, ինչը շոշափվում էր նաեւ Հայկական Ժամանակի հայտնի հոդվածաշարում:

Մեղադրյալ Ալիկ Սարգսյանը ի՞նչ կխոսի դատարանում, եւ կխոսի՞ «մեծ խառնակչության» մասին, թե՞ կհերքի թե մեղադրանքը, թե տեղեկությունը, որ իրեն վերագրվում է հոդվածում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...