Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Վայոց Ձորի մարզում մասնակցել է մանկապատանեական ֆուտբոլային խաղադաշտերի բացմանը, որոնք ֆեդերացիան կառուցում է գյուղական համայնքներում: ԱԱԾ պետի պաշտոնը թողնելու աղմկոտ պատմությունից հետո Արթուր Վանեցյանն առաջին անգամ մասնակցել է հանրային միջոցառման:

Դեռեւս սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վանեցյանի հետ քննարկել են նրա հեռանալու եւ հետագա ներգրավվածության սցենարներն ու որոշել, որ առայժմ կզբաղվի ֆուտբոլով, Հայաստանի հավաքականի Եվրո 2020 ուղեգիր նվաճելու հարցով, որի հնարավորությունն առաջացել է ընտրական մրցաշարում: Դրանից հետո էր սակայն, որ րոպեներ անց տարածվեց Վանեցյանի աղմկոտ հրաժարականը, դառնալով վարչապետի հետ սուր բանավեճի, իսկ ավելի շուտ վիճաբանության աղմկոտ պատմություն, ընդհուպ ինչ-ինչ տեղեկատվություն բացելու Վանեցյանի ակնարկներով:

Ֆուտբոլի մարզադաշտեր, ահա այն, ինչ պետք է բացի Արթուր Վանեցյանը, ինչ-ինչ տեղեկատվության փոխարեն: Որովհետեւ, ԱԱԾ նախկին պետն անկասկած բավականաչափ լուրջ պաշտոնյա է, պատկերացնելու համար, թե ինչ է կատարվում, երբ բացվում են տեղեկություններ, որոնք ենթակա չեն հանրայնացման: Այդ դեպքում էֆեկտը ոչ բումերանգի է նման, ոչ էլ արձակված կրակոցի, այլ ավելի շուտ սեփական ձեռքի ափի մեջ նռնակ պայթեցնելու:

Միացյալ Նահանգներ այցի ընթացքում հանդիպելով Նյու Յորքի հայերի հետ, Նիկոլ Փաշինյանը նաեւ ֆուտբոլից էր խոսել, ասելով, որ կառուցվում են մարզային մեծ թվով խաղադաշտեր եւ ուժի մեջ է ազգային նոր մարզադաշտ կառուցելու ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի այնտեղ անցկացնել միջազգային մասշտաբի խաղեր:

Նիկոլ Փաշինյանը չէր տվել ֆեդերացիայի նախագահի անունը, սակայն նրա հայտարարությունը հարց էր առաջացնում բնականաբար, թե արդյոք բավականին սուր «պոլեմիկան» հասնելու է ընդհուպ այդ ոլորտ: Միեւնույն ժամանակ, վարչապետի խոսնակը վարչապետ-Վանեցյան այդ աղմկոտ իրավիճակի առումով Նահանգներում հայտարարել էր, որ այլեւս որեւէ բան չեն մեկնաբանում, եւ խնդիրը սպառված է, ամեն ինչ ասված: Թեման փակելու այդ քայլը բավականին կարեւոր է մի շարք առումներով:

Այդ շրջանակում իհարկե նաեւ հույժ կարեւոր է, որ քաղաքական շարժառիթներով թելադրված աղմկոտ իրավիճակը իր վատ ազդեցությունը չթողներ ֆուտբոլի վրա, թե ընդհանրապես ֆուտբոլային կյանքի՝ որ ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությամբ որոշակի նոր ու թարմ շնչով է դրսեւորվում Հայաստանում, թե նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շանսի, որ առաջացել է Բոսնիայի հավաքականի հետ խաղում տպավորիչ հաղթանակից հետո:

Այդ ամենը չպետք է վնասվի, եւ վերջին հաշվով նաեւ դա պետք է լինի հետհեղափոխական իրավիճակի տարբերությունը նախահեղափոխական իրավիճակից, երբ ֆուտբոլը ենթարկվում էր քաղաքական իշխանության քվոտավորման:

Spread the love