ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականը, դրա վերաբերյալ հայտարարության բովանդակությունն ու առաջ բերած ներքաղաքական արձագանքները, քննարկումները վկայեցին, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում այլևս չի գործում սև-սպիտակ տրամաբանությունը, սակայն միևնույն ժամանակ պարզ չէ, թե ինչ տրամաբանություն կամ գունապնակ է գործում:

Այդպիսով, հրաժարականը վկայեց, որ Հայաստանի հետհեղափոխական ներքաղաքական կոնֆիգուրացիայի հարցը ոչ միայն շարունակում է մնալ կամ լինել բաց, այլ մեծ հաշվով դեռևս չունի էլ մոտավոր ուրվագծեր, պատկերացնելու համար, թե ինչ ուղղությամբ կարող է ընթանալ ներքաղաքական քարտեզագրումը: Միաժամանակ, Վանեցյանի հրաժարականին հաջորդած հանրային արձագանքները հուշեցին, որ Հայաստանում բացարձակապես առկա չէ ներքաղաքական գունավորման համար անհրաժեշտ սոցիալական գունավորում կամ բազա, որովհետև ինքնին ամենևին սև-սպիտակ չենթադրող պաշտոնանկությունը կամ հրաժարականը հանրությունը դիտարկեց հենց սև-սպիտակի տրամաբանությամբ, չարի և բարու, հեղափոխության ու հակահեղափոխության:

Իհարկե, այդ հարցում հանրությանը զգալիորեն օգնեցին ուժեր, որոնց քաղաքական շահերից է բխում սև-սպիտակ տրամաբանության «հավերժացումը», որովհետև չունենալ բովանդակային քաղաքականության այլ հեռանկար, այդպիսով նրան գոնե կարողանում են օգտագործել միակ՝ սևի դեմ կռվելու ռեսուրսը: Սակայն այդ սևին տպավորիչ կերպով հաղթած իրականության պայմաններում, այդ հաղթանակից մեկուկես տարի անց, սևերի դեմ կռիվը կամ քաղաքական գործունեության առանցքում այդ կռիվը դնելն այլ բան չէ, քան հողմաղացների դեմ պայքարը: Բայց քանի որ չկա այլ պայքար, ներքաղաքական կյանքում «հողմաղացը» վայելում է մեծ պահանջարկ: Ու դա վերածվում է հանրային պահանջարկի, քանի որ չկա ուրիշ առաջարկ: Արդյունքն այն է, որ շերտերի խորքում տեղի ունեցող իրապես բազմերանգ գործընթացները հանրության շրջանում արժանանում են պարզունակ ընկալումների, ինչն էլ իր հերթին նպաստում է իրական գործընթացների ստվերային բնույթին: Օրինակ՝ ԱԱԾ պետի հրաժարականից հետո շատ են հնչում հայտարարություններ, որ իշխանությունն ու հրաժարական տվողը պետք է ներկայացնեն պատճառների վերաբերյալ կոնկրետ տվյալներ, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում: Իսկ կա՞ տվյալների հետ աշխատող հանրություն, եթե լինեն կամ մատուցվեն դրանք:

Հանրությանն այդ տվյալները հետաքրքրում են առավելապես սևի կամ սպիտակի բաժանելու համար, ոչ ավելի: Եվ չկան հանրային, քաղաքական արդյունավետ ինստիտուտներ, որոնք հանրությանը կօգնեն ներքաղաքական տվյալների մշակման գործում, այդպիսով ստանալով իրապես հաշվետվողական քաղաքականության պահանջարկի բազա: Չկա բազա, քաղաքականությունը չունի ստվերից հրապարակ դուրս գալու անհրաժեշտություն: Ավելին, հաճախ հենց հանրությունն է մղում այն դեպի ստվեր, տեսնելով միայն սևն ու սպիտակը, և չցանկանալով տեսնել որևէ այլ բան:

Մինչդեռ, հաճախ այդ այլ բանը, այլ գույնը կամ գույները ամենևին ստվերում չեն և դրսևորվում են բավականին թափանցիկ: Գունավոր քաղաքականությունը հանրությունը սկսել է դիտել վտանգավոր, դիտել սպառնալիք, ռիսկ: Սա հետհեղափոխական իրավիճակի գլխավոր խնդիրներից է, որ հերթական վառ դրսևորումն է ունենում Արթուր Վանեցյանի հրաժարականի առիթով: Բայց դրա մյուս կողմը խոսում է այն մասին, որ Հայաստանում ներքաղաքական նոր բաժանումները տեղի են ունենալու իրականում շատ ավելի բարդ սխեմաներով, քան այն պարզունակ մոդելները, որ պատկերացվում են՝ իշխանության ներսից ծնվելիք ընդդիմության, կամ նախկին իշխանությունից ծնվելիք ընդդիմության առումներով:

Բաժանումը պարզունակ չի լինելու, թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանի հանրությունը 90-ականների սկզբի պարզունակության շրջանից գործնականում անցել էր բավականին բազմերանգ և բազմաշերտ օրգանիզմի կարգավիճակի:

Հեղափոխության հաջողության գրավականը հանրության միատարրությունը չէր, այլ բազմաթիվ շահերի ներդաշնակությունն ու կենտրոնացումը մեկ կետում, ինչն էլ արդյունքի վերածեց Նիկոլ Փաշինյանը: Այժմ սկսում է ապակենտրոնացման անխուսափելի գործընթացը, և Նիկոլ Փաշինյանը փորձում է կառավարել այն նույն արդյունավետությամբ, ինչպես կառավարում էր իրավիճակը այդ շահերի կենտրոնացման գործընթացում, որի արդյունքում անխուսափելի էր դառնում հեղափոխությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...