Ամուլսարի հանքի ճանապարհը փակած բնակիչներին բացել ճանապարհը

- in Հրապարակ

Նիկոլ Փաշինյանն ինքնիշխանության եւ վստահության մասին.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ի առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել Ամուլսարի հանքի ճանապարհը փակած բնակիչներին բացել ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա չի նշանակում, թե հանքը անմիջապես սկսելու է աշխատել: Ըստ նրա, Լիդիան ընկերությունը նորից հասանելիություն ստանալով հանքին, միաժամանակ ենթարկվելու է անմիջական մոնիտորինգի, որն իրականացնելու հարցում ներգրավվելու են բոլոր շահագրգիռ կողմերը: Փաշինյանը հայտարարել է, որ հանքը միարժեք փակելու քայլի պարագայում Հայաստանի համար առաջանում են արտաքին վարկի մեծ ռիսկեր, որոնց կառավարման ղեկը Հայաստանը բաց է թողնում իր ձեռքից:

Երբ գնում ենք ճանապարհը բացելու, ապա բոլոր ռիսկերի կառավարման ղեկը Հայաստանը պահում է իր ձեռքում, ասել է նա:

Գործնականում, վարչապետի հարցադրումը նշանակում է, որ խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է: Նա հայտարարել է, որ չի կարող 100 տոկոս բաց խոսել բոլոր նրբությունների մասին, ակնկալելով, որ միտքն այդուհանդերձ կարողացել է փոխանցել:

Ըստ նրա, բնակիչները չունեն այդ ճանապարհը փակելու անհրաժեշտություն, որովհետեւ ունեն կառավարություն, որը եթե տեսնի կա ճանապարհը փակելու լեգիտիմ անհրաժեշտություն, ապա այդ կառավարությունն ինքը ըստ օրենքի կփակի ճանապարհներն էլ, ամեն ինչն էլ:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական տողատակի առումով, որ հատկապես հեղափոխությունից հետո առաջացել է Ամուլսարի հարցում, խնդիրը դնում է բավականին սուր՝ եթե չի բացվում Ամուլսարի ճանապարհը, ապա դա գործնականում անվստահություն է կառավարությանը:

Հատկանշական է, որ վարչապետը հարցը դնում է այդ տիրույթում այն բանից հետո, երբ առաջացած իրավիճակի քաղաքական ասպեկտները բացել էր նաեւ Սասնա ծռեր կուսակցության առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը: Վարչապետի հետ հանդիպումից հետո Սէֆիլյանը Ազատությանը տված հարցազրույցում ասել էր, որ «հինգերորդ շարասյունը» սպասում է, որ հանքի շահագործման որոշում լինի, որպեսզի դեմ քաղաքացիներին մոբիլիզացնեն վարչապետի դեմ, իրավիճակը հասցնեն բախման, նվազի վարչապետի վարկանիշը, իսկ հետո խորհրդարանի մեծամասնության միջոցով պաշտոնանկ անեն Փաշինյանին:

Այստեղ իհարկե խնդիրը այդ սցենարի կամ հաջորդականության տրամաբանական կռությունը կամ իրատեսականությունը չէ, այլ այն, որ «սցենարը» մատուցվում է հանրությանը, ընդ որում հավելումով, որ այդ ամենով հանդերձ՝ Սասնա ծռերն իրենք էլ գտնվում են Ամուլսարի մերժման անզիջում դիրքում:

Այդ ամենից հետո, Նիկոլ Փաշինյանը հարցը փաստացի դնում է ինքնիշխանության եւ կառավարության հանդեպ վստահության համատեքստով, բավականին որոշակիացնելով ընտրության հարցը, ինչպես նաեւ Ամուլսարի հարցի քաղաքական եւ աշխարհքաղաքական տողատակը: Ի վերջո, ինչ է ինքնիշխանությունը ժամանակակից աշխարհում: Դա աշխարհի հետ հավասարակշռված հարաբերության ու աշխատանքի կարողությունն ու այն իրականացնելու արդյունավետ համակարգի ստեղծումն է, ոչ թե աշխարհի հետ կոնֆլիկտի կառուցման վրա պետական դիրքորոշումների ձեւավորումը:

Ամբողջ հարցն այն է, թե ինչ է լինելու ներքին կոնֆլիկտի ռիսկի հետ, եթե վարչապետին չի հաջողվում լուծման հասնել փաստարկային ճանապարհով: Որովհետեւ ակնառու է, որ քաղաքական դիմադրության մյուս կողմի համար լուծման ճանապարհը դա չէ: