Ամուլսարի հարցում մոտենում է հանգուցալուծում

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ կոչ է արել ջերմուկցիներին և հարակից բնակավայրերի բնակիչներին՝ ապաշրջափակել Ամուլսարի հանքի ճանապարհները:

Վարչապետը անդրադարձել է Ամուլսարի խնդրին և ազդարարել, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ըստ այդմ Հայաստանը չի կարող միարժեք պնդել հանքի չշահագործման հարցը, քանի որ դա կբերի երկրի միջազգային վարկի հետ կապված խնդիրների և դրանից բխող տնտեսական հետևանքի:

Փաշինյանը հայտարարել է, որ միաժամանակ բնապահպանական տեսչությանն է հանձնարարել ստուգումներ սկսել Ամուլսարում, վերահսկելու համար տեղի ունեցող գործընթացը: Այն, որ Ամուլսարի հարցում մոտենում է հանգուցալուծում, ակնառու էր նախորդ շաբաթավերջից, երբ վարչապետը ինտենսիվ հանդիպումներ ունեցավ այդ հարցում, հանդիպելով թե ջերմուկցիների, թե «Իմ քայլը» խմբակցության, թե նաև Լիդիան ընկերության ղեկավարության հետ:

Կարծես թե բավականին թափանցիկ ուրվագծվում է, որ կառավարությունը որոշել է Լիդիանին թույլ տալ շարունակել աշխատանքը: Ամբողջ հարցը սակայն այն է, թե ի՞նչ է լինում կառավարության գործողությունների շարունակությունը, եթե բնակիչները, որոնք շրջափակել են ճանապարհները, չեն լսում վարչապետի կոչն ու չեն բացում հանքի ճանապարհը: Պետք է արձանագրել, որ սա է այս փուլի առանցքային հարցը, որովհետև այդ դեպքում կարծես թե անխուսափելի է դառնում ճանապարհը ուժով բացելը, որովհետև հազիվ թե հնարավոր է այսքան ժամանակ անց ևս ժամանակ վերցնել և աշխատել բնակչությանը համոզելու ուղղությամբ:

Առավել ևս, որ ակնառու է՝ ներկայումս Ամուլսարի հարցում ձևավորված են նաև «չհամոզվելու» քաղաքական դրդապատճառներ, եթե չասենք՝ աշխարհաքաղաքական պատճառներ: Ավելին, իրավիճակի որոշակի այսպես ասած «նախագծումը» վարչապետի հետ հանդիպումից հետո տվեց Սասնա ծռերի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը, որը հայտարարեց, թե նախկին իշխանությունը սպասում է, որ հանքը շահագործվի և դա օգտագործեն Նիկոլ Փաշինյանի դեմ դիմադրություն ձևավորելու համար: Բայց, ամբողջ հարցը կամ ինտրիգը այն էր, որ Սասնա ծռերի առաջնորդը հայտարարում է, որ իրենք էլ լինելու են այդ դիմադրության դիրքում: Ժիրայր Սէֆիլյանը ներկայացրել էր մինչև բախումների սցենար, գործնականում բացելով իրավիճակի քաղաքական ամբողջ շերտը: Այստեղ է, որ ակնառու է՝ խնդիրը այլևս այդ, ոչ թե բնակիչների տիրույթում է, այլ հենց այդ քաղաքական շերտի: Ըստ այդմ հարց է առաջանում, թե արդյո՞ք վարչապետի կոչին դրական չարձագանքելու դեպքում կառավարությունը ձեռնամուխ կլինի քաղաքական շերտերն ավելի բացելուն և խնդիրները այլևս հենց այդ տիրույթում ուղիղ շարադրելուն: