Կառավարության այսօրվա նիստից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն անդրադարձավ հարցին՝ կա՞ն նախկին այլ պաշտոնյաներ, ովքեր պատրաստակամություն են հայտնում իրենց գույքը նվիրաբերել պետությանը։

Նա նշեց, որ նման դեպքերի մասին տեղյակ չէ այժմ։ «Բայց համապատասխան օրենքը, որն արդեն շրջանառության մեջ է, օրենքի ընդունումից ու կիրառումից հետո արդեն ոչ թե կնվիրեն, այլ գիտեք․․․»,- հավելեց Բաբայանը։

Անդրադառնալով «Գոլդեն Փելես» հյուրանոցին և հարցին, թե դրանով հետաքրքրվողներն ովքե՞ր են, Նարեկ Բաբայանն ասաց, որ նրանք և հայաստանցի են, և արտերկրում բնակվող հայեր։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում որպես նվիրատվություն ընդունեց «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

«Եղել են վարձակալության առաջարկներ և եղել են գնելու առաջարկներ։ Գույքը գնահատաված է շուրջ 16.5 մլն դոլարի կարգի։ Եթե սակարկությունների միջոցով վաճառվի, սկզբնական փուլում նվազման հնարավորություն չի տրվի, միայն աճողական։ Եղել են առաջարկներ դրանից ավելի բարձր գնով գնելու, բայց վաճառքի դեպքում, կարծում եմ, ճիշտը աճուրդով տալն է, սակարկություները»,- ասաց նա։

Հարցին, թե գործարքը ձգձգվում էր, քանի որ փորձում էին ճշտել՝ հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանն այն օրինական  ճանապարհով է ձեռք բերել, թե ոչ, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ գործարքի ձգձգման պատճառը հետևյալն է։ Նախ փորձում էին ճշտել տարբեր ռիսկեր, որոնք կարող էին առաջանալ, որովհետև կան գույքն ընդունելու տարբեր տարբերակներ։

«Կային որոշակի ռիսկեր, որոնք ներկայացվել էին Արդարադատության նախարարության գործընկերների կողմից։ Ինչպես նաև այս ամիսներին եղել է ներսի շարժական գույքի գույքագրումն ու գնահատումը։ Նաև որոշակի քննարկումներ են եղել հարկազատման հետ կապված»,- մանրամասնեց նա։ Ըստ Բաբայանի՝ գույքն օրինական է, իսկ կառուցման հետ կապված խնդիրներ կան, թե ոչ, դա արդեն այլ մարմինների տիրույթում է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...