Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը վերածվել է ներքաղաքական «ջոկերի»:
Թե որքան կպահպանվի նրա այդ կարգավիճակը, միարժեք ասելը բարդ է, որովհետև Հայաստանում իրադարձությունները զարգանում են բավականին անկանխատեսելի և արագ, դինամիկ սցենարով և իրավիճակի լոկալ փոփոխությունները հաճախ են հաջորդում միմյանց: Առայժմ, սակայն, Վանեցյանը «ջոկերի» կարգավիճակում է և հարց է, թե ո՞ւմ կմիանա, ո՞վ կօգտագործի այդ «ջոկերը» իր խաղի համար: Իհարկե, մեկ այլ հարց է, թե արդյո՞ք նա ինքը չի սկսի իր սեփական քաղաքական խաղը: Քանի դեռ այդ հարցում չկա որոշակիություն, և ԱԱԾ նախկին պետը փակ է պահում իր քաղաքական հավակնության վարագույրը, իրադրությունը հնարավոր է գնահատել առավելապես ենթադրության մակարդակում:
Ակնառու է, որ Վանեցյանն այստեղ անելիք չունի որևէ առումով: Եթե նա որևէ առնչություն ուներ նախկին իշխանության քաղաքական ծրագրերին, կամ կարող էր ունենալ, ապա գերազանցապես «անտեսանելի ճակատում»:
Այն, որ նախկին իշխանության շրջանակները Վանեցյանի պաշտոնանկությունը փորձում են օգտագործել Փաշինյանի դեմ, դա միայն առերևույթ է խնդիր: Ի վերջո, Փաշինյանի դեմ նույն ինտենսիվությամբ նրանք փորձում են օգտագործել ամեն ինչ, և դեռ հարց է, թե որքան է դրա էֆեկտիվությունը: Մինչդեռ ավելի խորքային իմաստով, պաշտոնանկ ԱԱԾ պետը, իր քաղաքական գործունայնության ներկայիս աստիճանով, վարչապետ Փաշինյանին տալիս է առավել մեծ մանևրի հնարավորություն: Հատկապես որ Արթուր Վանեցյանը կոշտ հրաժարականից հետո կարծես թե ակնարկեց, որ միանգամայն դեմ չէ հետագա խաղի կանոնների շուրջ վարչապետի հետ պայմանավորվելուն: