Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարություն են արել Մինսկի խմբի համանախագահները, որոնց հայտարարությունը, սակայն, հայաստանյան լրահոսում քիչ ուշադրության է արժանացել:

Իհարկե, սա հնարավոր է բացատրել մի կողմից այն հանգամանքով, որ հայտարարությունը բավականին հերթական և հերթապահ էր, բավական ստանդարտ, ինչին հանրությունն արդեն վարժվել է, և նաև նրանով, որ այդ լրահոսում ներքին թեժ հարցերի առատությունից, որոնք «տեղ չեն թողնում» Մինսկի խմբի համանախագահների համար:

Մյուս կողմից, չէ՞ որ խոսքը վերաբերում է Հայաստանի, հայկական պետականության համար կարևորագույն՝ Արցախի խնդրին: Ավելին, կարևորագույնն այս դեպքում, թերևս, նույնիսկ քիչ է ասված, քանի որ արցախյան հարցը հայկական պետականության՝ առանց չափազանցության լինել-չլինելու հարց է: Մյուս կողմից, սակայն, այստեղ գուցե նկատվում է, կամ ցանկալի է նկատել հատկանշական մի տրանսֆորմացիա:

Այն, որ արցախյան հարցը հայաստանյան և հայկական հանրության համար ընդհանրապես գերհարց է, թերևս անառարկելի է: Միևնույն ժամանակ, հայկական հանրությունը գուցե աստիճանաբար գալիս է այդ գերհարցի առավել պրագմատիկ և համարժեք գնահատման ռեժիմի, երբ հանգրվանային այս կամ այն իրողությունները չեն առաջացնում ավելորդ աժիոտաժ և իրարանցում, ու հանրությունը կարողանում է շատ հստակ գնահատել պրակտիկ աշխատանքային պրոցեսը որևէ նշանակալի, հանգրվանային փուլից կամ ընդհանրապես խնդրի խորքային էությունից: Իհարկե, չենք կարող պնդել, որ տեղի է ունենում այդպիսի տրանսֆորմացիա, և դիտարկումն ընդամենը, այսպես ասած, տեսական կամ հիպոթետիկ է, սակայն նաև շատ ողջունելի կլիներ, եթե հանրությունն ապրեր այդ մտա-հոգեբանական տրանսֆորմացիան: Ինչ է դա նշանակում:

Այն, որ Արցախի հարցում ի վերջո կա աշխատանքային պրոցես, որոշակի գործոններով պայմանավորված անխուսափելի մի պրոցես, որտեղ հայկական խնդիրը դիրքային նվազագույն անհրաժեշտ նշաձողեր սահմանելն է, ինչն արված է: Եվ կա պետական, համազգային ռազմավարական նպատակ, որը ամփոփված է ներկայիս ստատուս-քվոյի շրջանակում: Այդ նպատակի սպասարկումը պահանջում է ամենօրյա աշխատանք այլ ուղղություններով՝ տնտեսություն, քաղաքականություն, հասարակական կյանքի, հարաբերությունների ինստիտուցիոնալ արդիականացում, ներքին գաղափարական, արտահամակարգային վերափոխումներ և պետական ու համազգային կենսունակության էական բարձրացում: Հանդիպումները, բանակցությունները, արվող հայտարարությունները դիվանագետների և միջնորդների աշխատանքն է, որը պետք է հանրայնորեն լինի վերահսկելի, սակայն չկլանի հանրության ավելորդ ուշադրություն, որովհետև բուն, ըստ էության, անելքը այլ դաշտում է: Որովհետև, եթե այդ դաշտում անելիքն արվի, ապա դիվանագիտական աշխատանքում, եթե անգամ արդյունքն ինքնաբերաբար չարտացոլի դա, առնվազն չի էլ կարող վնասել: Իսկ հակառակ պարագայում, որքան էլ լավ աշխատանք կատարվի դիվանագիտական դաշտում, միևնույն է, դրա էֆեկտը կլինի խիստ կարճատև, եթե ներպետական և ներազգային կենսունակության դաշտում մենք, որպես հանրություն, չենք կարողանում ձևավորել առաջնահերթություններ և օրակարգ ու այն առաջ տանել առարկայական և դինամիկ քայլերով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...