«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նախարարի կողմից հարուցված վարույթներից երկու դատավորի գործը հասել է Բարձրագույն դատական խորհուրդ: Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ է ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին եւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Խաչիկյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները: «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Փոխանակ խրախուսելու, ասելու՝ գիտես 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար… ես ոչ մեկի օրոք աղաղակող որեւէ բան չեմ ունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չի հերիքում գաղափարս»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...