«Երթեւեկության կանոները խախտում տուգանվում են, ասում են՝ «բա մենք սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ: Գողը գողություն է անում, բռնվում է ու ասում՝ բա մենք սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ:

Կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ բա մենք սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ», Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հեղափոխության թերեւս ամենամեծ մարտահրավերի՝ հանրային մտածողության մասին: Ըստ նրա, շատերը մտածում են՝ «հեղափոխությունը եղավ, շատ լավ է, իսկ երբ ենք բաժանելու մեր փողերը, քվոտաները եւ այլն»:

Վարչապետ Փաշինյանը խոսում է իրապես հիմնարար խնդրի մասին, որն իր դրսեւորումն է ստանում ոչ միայն երթեւեկության կանոնների խախտման կամ գողության դեպքում պատասխանատվությունից դժգոհության մակարդակում: Խոսքը մի երեւույթի մասին է, որն իր արտահայտությունն է ունենում, եւ թերեւս դեռ ունենալու է ընդհուպ քաղաքական, ներիշխանական հարթությունում: Օրինակ, այդ լայն համատեքստն առկա էր նաեւ ուժային կառույցների ղեկավարների փոփոխության առումով: Ոչ այն պատճառով, որ նրանք գող էին կամ ուզում էին գողություն անել, եւ վարչապետը չթողեց:

Գողության թեման այստեղ լայն խնդրի փոքր դրսեւորում է: Իսկ լայն շրջանակը հեղափոխության բազմաշերտությունն է:

Վարչապետ Փաշինյանը կամա, թե ակամա արձանագրում է, որ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ներառել էր հասարակությունն իր ամբողջ ներկապնակով, այդ թվում շերտերով, որոնք ոչ թե անօրինականությունից կամ անարդարությունից էին դժգոհ, այլ դժգոհ էին, որ իրենք անիրավ համակարգի օբյեկտ են, ոչ թե սուբյեկտ:

Այդ իմաստով, հեղափոխությունն այն կետն էր, որտեղ էապես միավորվել էին այդ ամենատարբեր պատկերացումների կրող հանրային շերտերի ու քաղաքական սուբյեկտների շահերը: Այդ կետն անցնելուց հետո պետք է սկսեր շահերի բաժանման, պատկերացումների տարբերության ավելի ու ավելի զգացնել տալու գործընթացը, ինքնին լինելով հետհեղափոխական շրջանի մեծ մարտահրավերներից մեկը, որի մասին խոսում է վարչապետը:

Բայց, դա նաեւ բնական գործընթաց է: Հեղափոխության բնական միատարրացումը ոչ միայն արհեստական, այլ նաեւ ռիսկային ու վտանգավոր, արգելակող գործոն է հետհեղափոխական իրավիճակի համար: Ըստ այդմ, թվում է ցնցումային, սակայն իրականում նույնքան բնական ու առողջացնող երեւույթ է հեղափոխության այսպես ասած «ապամիատարրացումը», շահերի կրող խմբերի «վերադարձը» ելման դիրքեր:

Դա անշուշտ իշխանության համար առաջացնում է խնդիրներ, բայց միաժամանակ ավելի է բացում տեսադաշտը՝ այդ խնդիրները լուծելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...