Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Հիքմեթ Հաիջեւը, արձագանքելով Հայաստանի վարչապետի ՄԱԿ-ում ունեցած ելույթին, մասնավորապես Արցախի կարգավորմանը վերաբերող մասին, հայտարարել է, որ հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե սպասում է, որ Ալիեւն էլ ի պատասխան կասի, որ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովրդի համար էլ, ինչպես որ ինքն է ասում, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար:

Այն, որ Ալիեւը չի ասել ու չի ասելու այդպիսի բան, պարզ է անկասկած նաեւ Հայաստանի վարչապետին: Բայց, հենց հայտարարությունն է, որ բացում է հարցն աշխարհի առաջ, եւ Ադրբեջանն այդ իմաստով բացվում է՝ մերժելով Հայաստանի վարչապետին, եւ մեծ հաշվով բացում նրա ճանապարհը: Խոսքը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի ելույթում սահմանված ճանապարհի մասին է, որ համահայկական օրակարգի համար առաջադրեց Հայաստանի վարչապետը համայն հայության համար:

ՄԱԿ ելույթին Հաջիեւի արձագանքով Բաքուն բացում է այդ ելույթի «միջազգայնացման» ճանապարհը: Ամենեւին նորություն չէ անշուշտ, որ Բաքուն երբեք չէր հրաժարվելու ամբողջից: Եվ այստեղ թերեւս Բաքվին «մեղադրելն» էլ տեղին կամ պատեհ չէ, որովհետեւ այդպիսով ձեւակերպել է իր խորքային շահն ու ռազմավարությունը: Հատկապես որ ակնառու է մեկ այլ բան էլ՝ Արցախի հարցում «ամբողջը բերելու» գաղափարը Բաքուն դարձրել է ոչ միայն պետական քաղաքականության, այլ ինքնության հարց, ինչի մասին է վկայում այն, որ Ադրբեջանն անգամ սերունդներ է ձեւավորում այդ հարցում հայատյացության հիմքով:

Դա չափազանց վտանգավոր իրողություն է հայկական պետականության եւ միջազգային անվտանգության համար: Եվ այդ իրողությունը, որ ձախողված փորձով դրսեւորվեց նաեւ ապրիլյան քառօրյայում, գործնականում աներկբա է դարձնում, որ «ամբողջը պահելուց» ցածր որեւէ նշաձող չի բխում հայկական պետականության եւ գործնականում նաեւ համահայկական անվտանգության տրամաբանությունից, նաեւ գործնականում սպառնալիք է պետական զարգացման հեռանկարի համար:

Ապրիլյան քառօրյայի ընթացքում բանակն այդ իմաստով բեկեց իրավիճակն ու ստեղծեց նոր իրականություն: Դրանից երկու տարի անց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ձեւավորեց այդ նոր իրականության քաղաքական շրջադարձի առարկայական, գործնական հարթակը, որի առնչությամբ խնդիրներ կային մինչ այդ՝ իշխանության լեգիտիմության բացակայության հետեւանքով:

Մարտի 12-ին, իսկ հետո նաեւ առավել ընդլայնված՝ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը ազդարարեց հայկական քաղաքականության նոր նշաձողը, միաժամանակ դնելով շատ հստակ խնդիր՝ հայերը գալի՞ս են Արցախի հաղթանակը պահելու հարցում համազգային կոնսենսուսի եւ ամեն մեկն իր առումով այդ կոնսենսուսը սպասարկելու պատասխանատվության, թե ոչ:

Մեծ հաշվով, այդ հարցի պատասխանից է կախված նաեւ աշխարհի դիրքորոշումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...