Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունը առնվազն առաջացնում է հարցեր

- in Հրապարակ
USA

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական, փաստացի ԱՄՆ անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունը, որի մասին նախօրեին հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը, փորձագիտական դաշտում առավելապես ասոցացվում է իրանական թեմատիկայի հետ:

Սրա պատճառն այն է, որ Բոլթոնի ուշադրության կենտրոնում ընդգծված էր Իրանը, սակայն ակնառու է, որ այստեղ խոսք չի կարող լինել մեկ առանձին վերցված շրջանակի մասին, հատկապես նկատի առնելով և այն, որ Բոլթոնը նաև ինտենսիվ հաղորդակցվում էր ՌԴ ղեկավարության հետ: Դա էլ խոսում է այն մասին, որ նախագահ Թրամփի արդեն նախկին խորհրդականի քաղաքական դիապազոնի առանցքում գուցե իրանյան խնդիրն էր, սակայն ինքնին դիապազոնը դրանով իսկ բավականին լայն էր: Եվ եթե վերցնենք թեկուզ միայն Իրան-Ռուսաստան նկատելի ընդգրկվածությունը կամ «սահմանները», ապա այստեղ ակնառու է նաև, որ Ջոն Բոլթոնի գործունեության շրջանակում առանցքային ներառում ուներ նաև Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը:

Ի դեպ, այս տեսանկյունից հատկապես արժանահիշատակ է 2018 թվականի հոկտեմբերին Բոլթոնի ռեգիոնալ այցը, որը սկսվեց Ռուսաստանից, հետո շարունակվեց Բաքու-Երևան-Թբիլիսի երթուղով: Ընդ որում՝ այդ երթուղում առանցքային նշանակության քաղաքական հայտարարություններ Ջոն Բոլթոնն արել է թերևս Երևանում: Հիշատակման է արժանի նաև այն, որ Բոլթոնը Վաշինգտոնում ընդունեց նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ առանձին-առանձին, 2019-ի հունիսին, երբ նրանք մեկնել էին ԱՄՆ մայրաքաղաք հերթական հանդիպումն անցկացնելու:

Ավելին, այդ հանդիպումից հետո հայտարարությունները և մեսիջները հուշում էին, որ Նահանգների մայրաքաղաքում հատկապես Բաքվի առաջ դրված է իրավիճակի կայունությունը վտանգի տակ չդնելու հրամայական: Միաժամանակ նկատելի դարձավ, որ Ջոն Բոլթոնի փաթեթի մեջ է նաև արցախյան հարցը:

Ընդ որում, Վաշինգտոնի հանդիպման համատեքստում բավականին ուրվագծվեց և այն, որ Բոլթոնն այդ հարցում կողմնակից չէ իրավիճակի փոփոխության, այսպես ասած, աշխույժ նախաձեռնությունների և հակված է ստատուս-քվոյի կառավարման օրակարգին, ինչի այլընտրանք չունենալու կամ որի այլընտրանքի, այսպես ասած, պատերազմ լինելը նա արձանագրեց ռեգիոնալ այցի ընթացքում՝ առավել մոտիկից ծանոթանալով իրադրությանը: Ահա այս համատեքստում ակնառու է, որ Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունը առնվազն առաջացնում է հարց՝ կապված Իրան-Ռուսաստան՝ Հայաստանի համար կարևորագույն տիրույթում, այդ միջակայքում գտնվող Կովկաս ռեգիոնում ԱՄՆ քաղաքականության առնչությամբ: Նշանակելո՞ւ է Բոլթոնի փոփոխությունը էական փոփոխություն նաև այդ քաղաքականության հարցում, և արդյոք դա ենթադրելո՞ւ է որևէ նոր հանգամանք, որին հարկ կլինի ադապտացվել նաև Հայաստանին: Թե, խոշոր հաշվով, անհրաժեշտ է թերևս արձանագրել, որ մեծ հավանականությամբ առնվազն ստատուս-քվոյի կառավարման անփոխարինելիության հարցում ԱՄՆ կմնա աներեր, որովհետև այդ հանգամանքն իր ողջախոհ և կայուն այլընտրանքի բացակայությամբ վեր է անձնային մակարդակի դիտարկման հարթությունից, ըստ այդմ՝ չէր կարող կախված լինել միայն Բոլթոնի հայացքից: