Gagik Tsarukyan

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել և Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին, կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ:

Տեղի է ունեցել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մի քանի ժամ տևած հանդիպումը, որը կայացել է Ծառուկյանի առանձնատանը: Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել կամ հերքել չի հաջողվել: Ըստ ամենայնի, պաշտոնական հերքման բացակայությունն այդպիսի դեպքերում պետք է դիտարկել որպես հանդիպման անուղղակի հաստատում:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ պետի պաշտոնը թողած Արթուր Վանեցյանը շարունակում է զբաղեցնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Իսկ Գագիկ Ծառուկյանը բոլորովին վերջերս սկսել է մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլում՝ դառնալով ակումբների սեփականատեր: Այդուհանդերձ, արդյոք այստեղ կա՞ քննարկման մեծ շրջանակ՝ մի քանի ժամ հանդիպելու համար: Իհարկե, այս ամենին պետք է պատասխան տան, հաստատեն կամ հերքեն կողմերն իրենք, որպեսզի հասկանալի լինի նաև, թե հանդիպման հանգամանքը որքանով կապ ունի ֆուտբոլի կամ քաղաքականության հետ:

Արթուր Վանեցյանի հրաժարականից և նրա տեքստից հետո հանրության մի զգալի մաս արձանագրեց, որ դա քաղաքական հայտ էր, իսկ Վանեցյանն ինքը չբացառեց ոչինչ՝ իհարկե ասելով, որ առայժմ կենտրոնանում է ֆուտբոլի վրա: Սակայն եթե խոսքը ոչ ֆուտբոլային հանդիպման մասին է, դա նշանակո՞ւմ է, այսպես ասած, ինքնըստինքյան, որ Ծառուկյանն ու Վանեցյանը խոսել են քաղաքականությունից և Արթուր Վանեցյանի քաղաքական հեռանկարներից, որը կարող է վերաբերվել արդեն մյուս տեղեկությանը, ըստ որի Արթուր Վանեցյանը անդամակցելու է ԲՀԿ-ին: Իհարկե, այստեղ կարող ենք խոսել նաև Ծառուկյանի քաղաքական հեռանկարներից, որովհետև ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո Ծառուկյանը որպես քաղաքական գործոն կամ ֆիգուր հայտնվել է խիստ երկիմաստ և անորոշ վիճակում: Նա կորցրել է նախկին համակարգային նշանակությունը, մյուս կողմից, սակայն, նոր դասավորության պարագայում չի նշմարվում այն մոդելը, որտեղ Ծառուկյանը կարող է ստանալ նոր և ոչ պակաս էական նշանակություն: Սրան ավելանում է այն, որ հանրությունը նոր իշխանության առաջ ավելի ու ավելի է դնում քաղաքականության դեկապիտալիզացիայի հարցը:

Ի դեպ, հատկանշական է, որ իշխանությունն այս օրերին հայտարարել է Կուսակցությունների մասին օրենքի և նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքի մեկնարկ, իսկ փետրվարից էլ մեկնարկում է աշխատանքը նոր Սահմանադրության ուղղությամբ: Մեծ հավանականությամբ, քաղաքականության մեջ գերազանցապես ֆինանսական ռեսուրսով տեղ զբաղեցնող Ծառուկյանի համար նոր պայմանները կլինեն շատ ավելի խիստ, ինչը նշանակում է, որ խոշոր գործարարի համար ավելի նախընտրելի է դառնալու քաղաքականությունը թողնելը և իր գործով զբաղվելը:

Ինչ կապ կարող է ունենալ այս ամենի հետ Արթուր Վանեցյանը, եթե եղել են հանդիպումներ ու քաղաքական քննարկումներ: Վանեցյանը կարող է Ծառուկյանին զուտ իրազեկել, թե ինչ պրոցեսներ են սպասվում: Իսկ կարո՞ղ է առաջարկել քաղաքականությունից հեռանալու տարբերակ, այսպես ասած՝ փոխատեղման շախմատային տրամաբանությամբ: Ծառուկյանին պետք է հեռանալ, ինչ-որ կերպ սահուն դուրս գալ քաղաքականությունից, իսկ Վանեցյանի առաջ գուցե կա ինչ-որ կերպ քաղաքականություն մտնելու խնդիր: Այս դեպքում կարո՞ղ է Ծառուկյանը տեղն ու ԲՀԿ-ն զիջել Արթուր Վանեցյանին, ինչը անկասկած էապես կփոխի այդ ուժի տեղն ու դերը ներքաղաքական կյանքում՝ դրանով իսկ բերելով ներքաղաքական հեռանկարի, մոդելի կոնֆիգուրացիայի փոփոխության և ԲՀԿ դերի վերաիմաստավորման: Ինչպես կվերաբերվի այդ գործընթացին իշխանությունը:

Գոնե առաժմ, քանի դեռ Վանեցյանն ու Ծառուկյանը չեն պարզաբանել ԲՀԿ-ին անդամակցելու մտադրության և հանդիպման փաստը, դժվար է առարկայորեն դիտարկել հնարավոր քայլերի և գործողությունների տարբերակներն ու հնարավոր մեխանիզմները:

Factor.am-ը տեղեկություն է հրապարակել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին:

Ըստ տեղեկության, հանդիպումը տեւել է մի քանի ժամ ու տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը:

Թեեւ հանդիպման հանգամանքը հերքված կամ հաստատված չէ, այդուհանդերձ հետաքրքիր է հատկապես նախօրեին տարածված մի պաշտոնական տեղեկության ֆոնին: Խոսքն այն մասին է, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության Թալին-Գյումրի հատվածում չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի գրուպ կոնցեռնի տնօրենին եւ էլի մի քանի անձանց: Այդ տեղեկությունը տարածել էր Քննչական կոմիտեն:

Տեղեկատվության հրապարակումը հատկանշական էր ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հրաժարականների, ու նաեւ այդ շղթայում Նիկոլ Փաշինյանի գրառման ֆոնին, թե որոշ կոռուպցիոներներ հույս ունեին քողարկել իրենց կոռուպցիոն դրսեւորումները, բայց ԱԱԾ-ն անձ չէ, այլ աշխատող համակարգ, որը գնալու է բոլոր կոռուպցիոներների հետեւից:

Առաջիկայում Վանեցյանը կամ Ծառուկյանը թերեւս կտան հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկություն, կպատասխանեն հնարավոր հարցերին, որոնց թվում իհարկե կարող են լինել նաեւ այլ զարգացումներին առնչվողները:

Արթուր Վանեցյանը իր աղմկոտ հրաժարականի վերաբերյալ լրագրողներին տված պարզաբանման մեջ նշել էր, թե ոչ ոք թող չփորձի իրեն կապել նախկինների հետ, իսկ նախկիններն էլ թող չփորձեն իր հրաժարականն օգտագործել նոր իշխանության դեմ եւ միջամտել նոր իշխանության հետ իր հարաբերությանը:

Գագիկ Ծառուկյանն Արթուր Վանեցյանի համար քաղաքական իմաստով նախկի՞ն է, թե՞ ոչ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...