arthur-davtyan

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին և պատասխանելով վկաների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին լրագրողների հարցին՝ նշել է, որ այստեղ կան օրենսդրական կարգավորման անհրաժեշտություններ:

Նա միաժամանակ, անդրադառնալով մարտիմեկյան գործով այլ վկաների անվտանգության ապահովման հարցին, ասել է, որ համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները պարտավոր են հետևել, ձեռնարկել միջոցներ, որպեսզի եթե որևէ անձի նկատմամբ լինեն ճնշումներ, դրանք բացահայտվեն և արժանանան իրավական գնահատականի:

Գլխավոր դատախազ Դավթյանի հայտարարությունը պարունակում է հետաքրքիր տողատակ, կամա թե ակամա ակնարկ՝ ուղղված «համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ» իրականացնելու կոչված կառույցներին: Մասնավորապես, այդ կառույցներից են, օրինակ, ԱԱԾ-ն և ոստիկանությունը: Եվ այդ համատեքստում խիստ հետաքրքիր է, որ նախկին ոստիկանապետի մահվան դեպքը՝ նախնական ինքնասպանության վարկածով, ընդ որում՝ ինքնասպանության դրդելու հատկանիշով հարուցված քրգործով, բաժին է ընկնում Հայաստանում ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխության ժամանակահատվածին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ գլխավոր դատախազը կարևորագույն վկաներից մեկի մահվան դեպքի առիթով որոշակի մեղադրական ակնարկ է անում ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ օպերատիվ հետախուզական միջոցառումները վատ իրականացնելու կապակցությամբ, որի պատասխանատվությունը դե ֆակտո ընկնում է այն ժամանակաշրջանին, երբ այդ կառույցները ղեկավարում էին այժմ արդեն պաշտոնանկ եղած գործիչները: Այդ հարցադրումը իհարկե «հիպոթետիկ» է, քանի որ գլխավոր դատախազի հայտարարության տողատակում մտածված ակնարկի մասին հնարավոր է միայն ենթադրել:

Սակայն հատկանշական է, որ Արթուր Դավթյանը նկատել է, որ դատախազությունը, մեղադրող կողմը զրկվել է մարտիմեկյան գործում դատարանում հարցաքննվելիք կարևոր վկաներից մեկին, նրա ցուցմունքը լսելուց բացի, նաև հարցեր տալու հնարավորությունից: Արթուր Դավթյանը հայտարարել է, որ Հայկ Հարությունյանը պետք է կանչվեր դատարան, ու թեև նա ցուցմունք արդեն տվել է, որը իրավական ուժ ունի, այդուհանդերձ դատախազությունը դատարանում պետք է հարցեր տար Հայկ Հարությունյանին, ինչի հնարավորությունը չուներ նախաքննության ընթացքում:

Գլխավոր դատախազը նշել է, որ փաստորեն այժմ մեղադրող կողմը զրկվել է կարևոր վկաներից մեկին հարց տալու հնարավորությունից:

Հանրային շատ շրջանակներ, սակայն, դիտարկելով, որ գլխավոր վկաներից մեկի մահը կարող է ձեռնտու լինել միայն գլխավոր մեղադրյալին՝ Ռոբերտ Քոչարյանին, ըստ այդմ անում են եզրակացություններ, թե որտեղ կարող են լինել տեղի ունեցածի պատճառները:

Մյուս կողմից, սակայն, իսկ հնարավո՞ր է քննարկել օրինակ վարկած, որ ինչ որ մեկին կարող էր պետք լինել մահ, որի կասկածը աներկբայորեն գնալու էր Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ:

Միարժեք որեւէ եզրակացության հիմք անկասկած առկա չէ: Հնարավոր է դիտարկել ամենատարբեր վարկածներ, նաեւ այն, որ մարտիմեկյան գործի նոր մահվան շահառու կարող էր լինել որեւէ «երրորդ ձեռք», որի գոյության թեման շրջանառված, սակայն հիմնավորապես հերքված չէ:

Ընդ որում, «երրորդ ձեռքի» թեման շրջանառել է ոչ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր նախկին հարցազրույցներից մեկում: Այդ «ձեռքի» մասին դատողությունների առիթ էր տվել նաեւ մի քանի ամիս առաջ Հայկական ժամանակ թերթի մի հրապարակում, ըստ որի մարտիմեկյան օրերին Հայաստանում եղել են օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, նաեւ եղել է օտարալեզու մի հանձնարարական փաստաթուղթ, թե ինչ պետք է անեն ուժայինները հանրության եւ ընդդիմության նկատմամբ:

Հայկ Հարությունյանի առեղծվածային մահը միայն նորանոր անորոշություններով ու կասկածներով է սնուցելու մարտիմեկյան գործընթացը: Եթե իրավապահները հայտարարեն, որ հաստատված է ինքնասպանության վարկածը, միեւնույն է, ամենատարբեր վարկածներ են շրջանառվելու ինքնասպանության «դրդողների մասին, կամ այդ պաշտոնապես հաստատված վարկածին չի հավատալու հանրության մի զգալի մաս:

Ինչու՞ է նախկին ոստիկանապետը գնացել այդ քայլին, ոչ ոք չգիտե, եւ որեւէ մեկի համար էլ նա չի թողել որեւէ գրություն, թեեւ ամենապարզ ձեւով սեւով սպիտակի վրա գրված որեւէ գրության էլ հանրությունը չէր հավատալու: Դրա պատճառը շատ ավելի խորն է, գուցե նույնիսկ չպատկերացված խորը: