Ե՞րբ և ի՞նչ է պատրաստվում Արցախի առնչությամբ խոսել Սերժ Սարգսյանը

Serj Sargsyan

Հայաստանը, և թերևս ռեգիոնը, թևակոխել է աշխարհաքաղաքական շարժի աշխույժ փուլ, ինչն իր ազդեցությունն է թողնում նաև երկրների ներքին իրավիճակի վրա:

Դրա վկայությունն են, օրինակ, Վրաստանի վարչապետի անսպասելի հրաժարականն ու փոփոխությունը, ու թեև դա պայմանավորվում է 2020 թվականին սպասվող խորհրդարանի ընտրությամբ, այդուհանդերձ դա թերևս շարժառիթներից մեկն է միայն՝ հաշվի առնելով այն, թե արտաքին նշանակության ինչպիսի հուզումնալից և բուռն զարգացումների կիզակետում եղած պաշտոնյա է նշանակվում վարչապետի պաշտոնում:

Դրան զուգահեռ՝ տեղի է ունենում հետաքրքիր զարգացում Ադրբեջանի շուրջ: Իրանը Բաքվին մեղադրում է իսրայելական անօդաչուների «ապաստանելու» համար, որոնց թիրախը Իսլամական Հանրապետությունն է: Ադրբեջանը ստիպված է հերքել, ու թերևս Բաքուն չունի այնպիսի խելագարություն, որ դառնա Իրանի դեմ հարվածի պլացդարմ, սակայն ինքնին մեղադրանքը և հերքման անհրաժեշտությունը վկայում են որոշակի շարժերի մասին: Այդ ֆոնին Բաքու է այցելում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը, որն օգոստոսի 12-ին Երևանում էր:

Հայաստանում սպասվում է Ամուլսարի խնդրով կառավարության որոշումը: Սպասվում է նաև ԵՏՄ վեհաժողովը՝ Պուտինի այցի ինտրիգով, ու նաև Իրանի նախագահի այցը Հայաստան: Միաժամանակ, ուշագրավ ուրվագծեր են ծավալվում հարևան Թուրքիայում, որտեղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից կարող են դուրս գալ նախկին արտգործնախարար և վարչապետ Դավութօղլուն, նախկին արտգործնախարար և էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը, նախկին նախագահ Գյուլը: Նրանք Էրդողանի հետ ունեն լուրջ տարաձայնություններ: Իսկ Էրդողանն ունի լուրջ խնդիրներ, և այստեղ հնարավոր է նշմարել Թուրքիայի էրդողանական իշխանության «նահանջի» կամ «տրոհման» հետաքրքիր միտումներ:

Այս ֆոնին Հայաստանի ներքին գործընթացները անշուշտ իրենց վրա կրելու են ռեգիոնալ աշխուժության փուլի ազդեցությունը, և այդ իմաստով հատկանշական է դեռևս հունիսին «թեժ աշնան» կանխատեսումը, որ արեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Միաժամանակ, ուշադրությունից դուրս մնաց մեկ այլ հայտարարություն, որ Սերժ Սարգսյանն էր արել Արցախի առնչությամբ, ինչին անդրադարձել էինք մեր այդ շրջանի հրապարակումներում:

Դեռևս հուլիսի հինգին Հայոց արքաների դամբարան ուխտագնացության մեկնած ՀՀԿ նախագահ Սարգսյանին հարցրել էին Արցախի հարցում իրավիճակի գնահատականի վերաբերյալ, ինչին պատասխանել էր, որ այդ մասին կխոսի «շոգերն անցնելուց հետո», ինչը այլ բան չէ, քան աշնանը խոսելու ազդ: Ե՞րբ և ի՞նչ է պատրաստվում Արցախի առնչությամբ խոսել Սերժ Սարգսյանը, որովհետև «շոգերը կարծես թե անցել» են: Եվ կախվա՞ծ է արդյոք Սերժ Սարգսյանի խոսքն այսօր ՍԴ խոսքից, որը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը:

Այդ որոշումից սկզբունքորեն կախված է առանցքային մի քաղաքական հանգամանք՝ ինչպիսի՞ն է լինելու Քոչարյանի և Սարգսյանի ճանապարհը երկրորդ նախագահի ազատության դեպքում, և ինչպիսի՞ն է լինելու Հայաստանում ներքաղաքական դիմակայության կառուցվածքը, եթե նա արդեն ՍԴ որոշմամբ է փաստացի մնում անազատության մեջ:

Ի վերջո, ռեգիոնալ զարգացումների համատեքստում Հայաստանում առանցքային հարցը ներքաղաքական դիմակայության կառուցվածքն ու բովանդակությունն է, որ շարունակում է մնալ հետհեղափոխական անցումային փուլում: