Երբ կդիմեն հանքը շրջափակողների դեմ կոշտ մեթոդների

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ իշխանությունը առաջիկա օրերին դիմելու է կոշտ միջոցների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ 8 ամիս ժամանակ կա, եւ «Լիդիան»-ը իր գործունեությունը վերսկսելու է հաջորդ տարվա ապրիլ-մայիսից: Իսկ մինչ այդ հույս կա, որ հանքը շրջափակողները կա՛մ կհոգնեն, կա՛մ նրանց հնարավոր կլինի համոզել: Միայն այս տարբերակները փորձարկելուց հետո իշխանությունը կգնա ուժային լուծման»:

Հրապարակ թերթը գրում է. Ամուլսարն ապաշրջափակված չէ, Փաշինյանի խնդրանքին ի պատասխան՝ հանքի ճանապարհը չբացվեց, ինչպե՞ս եք լուծելու հարցը՝  «տանկե՞ր եք մտցնելու»․ հարցրինք իշխող ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։

«Բացարձակ անընդունելի եմ համարում նման ձեւակերպումը, այդ գործիքակազմը երբեք ու երբեք չի կարող հարիր լինել ներկա կառավարությանը։ Դա ընդհանրապես չի կարող քննարկվել, սա պարզապես սադրիչ արտահայտություն է, որի կարիքը չկա»։
Իսկ ի՞նչ եք անելու։

«Հույս ունեմ՝ վարչապետի խոսքը բավականին համոզիչ էր, փաստարկված ե՛ւ բնակիչների համար, ե՛ւ բնապահպանների, ովքեր, իմանալով ճանապարհային քարտեզն ինչպես է լինելու, պիտի որ վստահ լինեն, որ բնությանն ու բնակչությանը չի կարող այս ճանապարհով վնաս կամ վտանգ սպառնալ։ Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»։

Իսկ եթե շարունակեն պաշարել, միջամտությո՞ւն է լինելու։ «Ես չգիտեմ, որոշումներ կայացնելը մեր տիրույթում չէ»։