ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առկա տարաձայնությունները շարունակում են լայնորեն քննարկվել հասարակական-քաղաքական դաշտում, իսկ հանրությունն էլ պարզաբանում ստանալու փոխարեն նորանոր անակնկալների է բախվում, ինչի արդյունքում էլ առաջանում են նոր պարզաբանում չստացած հարցեր։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վահագն Ավագյանն կարծիք հայտնեց, որ իրենք խնդիրները անձերի մեջ չեն տեսնում։ «Արթուր Վանեցյանի փոխարեն, եթե Պողոս Պողոսյանին նշանակեր, ինչ-որ ժամանակ հետո համակարգը ստիպելու էր, որ աշխատի գործող կառավարության դեմ»,- ասաց նա։

Մանրամասնելով՝ Ավագյանը նշեց. «Գործող կառավարությունը ժողովրդի համար հեղափոխական ուժ է, այլ բան, որ կառավարությունը հրաժարվում է հեղափոխական միջոցով փոփոխություններ անել, բայց ժողովրդի կամքով ընտրված մարդ է երկրի ղեկավարը։ Պարզապես համակարգը մնացել է նույնը, նույն երրորդ հանրապետությունն է՝ ամբողջությամբ Ռուսաստանին սպասարկող համակարգ է ձևավորված, իսկ այնտեղ գործում են ՀՀ շահերին դեմ աշխատող մարդիկ, որոնք գտնվում են Ռուսաստանի հրահանգի տակ։ Երբ հարցնում եք՝ արդյոք կա՞ մտահոգություն, միանշանակ կա, լուծումներ պետք է գտել, բայց դրանք կապված չեն անձանց այլ անձանցով փոխարինելու հետ, այդ լուծումները պետք է լինեին համակարգային, գործող գաղութային համակարգի դեմ, ինչի արդյունքում պետք է հայ ժողովրդի քաղաքական կամքը սպասարկող համակարգ ստեղծվի»։

Ըստ Ավագյանի՝ շատ բնական է, որ պետք է լիներ Վանեցյան-Փաշինյան հակամարտություն, դժգոհություն Օսիպյանից։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ԱԺ-ում ևս լինելու են կոնֆլիկտներ. «Այնպես որ, պրոցեսները մեզ համար կանխատեսելի էին, իսկ լուծումներն արդեն իսկ առաջարկել ենք։

Կառավարությունը թող չմտածի՝ խնդիրն ինչ-որ անձանց փոխարինելու մեջ է, խնդիրը հայկական պետությանը ծառայող պետական կառավարման համակարգի ստեղծումն է»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով իրավիճակին, ասաց. «Ես դեռ իջևանյան դեպքերից հետո ասացի, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը տեղում չեն։ Օսիպյանի մասով ասել եմ նաև ավելի վաղ, իսկ ԱԱԾ-ի հետ կապված արտահայտվեցի հենց այդ ժամանակ։ Ինչ վերաբերում է այս միջադեպին, ապա, ըստ իս, երկկողմանի անլրջություն է, առաջինը իրեն սխալ պահեց Վանեցյանը»։

Ըստ Մակեյանի՝ նա ինչ-որ տեղից ուղղորդվում է. «20 տարի համակարգում աշխատողը պետք է իմանար, որ սահման կա, որից դուրս գալ չէր կարելի, նա փորձում էր դաստիարակել Փաշինյանին, բայց Փաշինյանն այդ համակարգում չի եղել, իսկ 20 տարի այդ համակարգում է, ինչպե՞ս կարող է թույլ տալ նման անլրջություն ու անպատասխանատու պահվածք»։

Մեր զրուցակիցը նաև ասաց. «Ես ժամանակին Դավիթ Շահնազարյանի հետ մոտ էի, հիմա էլ մինչև նրա ՀՀԿ ցուցակով առաջադրվելը շփում կար, բայց միշտ եղել է մի սահման, որը պետականությունն էր, նա այդ սահմանը չանցավ։ Իսկ Վանեցյանը չափն անցավ, Փաշինյանն էլ, իր հերթին, Լոս Անջելեսից չպետք է նման բաներ ասեր։ Բայց նա քաղաքական գործիչ է և ոչ այդ համակարգի մարդ»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...