GAI

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում, ըստ մեղադրանքի, թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից «BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Դատական այս նիստին դատարան էին ներկայացել նաև տուժողների իրավահաջորդները:

Վկա Արմանուշ Շ.-ն վթարի պահին գտնվել է Սարգսի վարած մեքենայում:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել է, թե Երևանում բնակվում է վարձակալական հիմունքներով: Դեպքի նախորդ օրվա երեկոյան Խանջյան փողոցում հանդիպել է իր ընկերուհուն ու Սարգիս Վարդանյանին: Նստել են Սարգսի մեքենան ու գնացել են «Հին Ջրվեժ» ռեստորան: Մոտ երկու ժամ անց այնտեղ իրենց է միացել Սարգսի ընկերը: Ռեստորանում բոլորը ալկոհոլ են օգտագործել: Կեսգիշերին մոտ դուրս են եկել, ինքն ու ընկերուհին նստել են Սարգսի մեքենան, ընկերը իրենց հետևից եկել է իր մեքենայով՝ «ԲՄՎ- X6»-ով: Գնացել են Աճառյան փողոցում գործող «Գինետուն» ռեստորան, մոտ մեկ ժամ էլ այնտեղ են մնացել, օգտագործել են «Օբսալյուտ» օղի: Այնուհետև գնացել են Պոնչիկանոցի մոտի «Փաբերից» մեկը: Երբ դուրս են եկել այնտեղից, Սարգիսն իր մեքենան տվել է ընկերոջը, վերցրել է նրա «ԲՄՎ- X6»-ը, ինքն ու ընկերուհին Սարգսի հետ նստել են «ԲՄՎ»-ն: Գնացել են ավտոլվացման կետ, Սարգսի մեքենան թողել են այնտեղ: Այնուհետև սկսել են շրջել քաղաքում: Սարգիսը վարում էր «ԲՄՎ- X6»-ը, ինքը նստած էր Սարգսի կողքի նստատեղին, իսկ ընկերուհին՝ հետևի նստատեղին: Սարգիսը մեքենան արագ էր վարում:

Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ ինքը լսել է, որ Սարգիսն ասաց. «ԳԱԻ մեքենան…»: Հենց այդ պահին ինքը նկատել է ՃՈ մեքենան, նույն պահին Սարգսի վարած մեքենան բախվել է ՃՈ մեքենային: Հետո ինքը ոչինչ չի հիշում: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ Սարգիսն անշարժ նստած է վարորդի տեղը, ընկերուհին անշարժ ընկած է հետևի նստատեղին: Ինքը ոտքի հարվածով բացել է իր կողմի դուռը, դուրս է եկել, բացել է հետևի դուռը՝ փորձելով օգնություն ցույց տալ ընկերուհուն: Օգնություն է կանչել, մոտեցած մարդկանց օգնությամբ ընկերուհուն հանել են մեքենայից, ուշքի են բերել: Շուրջն է նայել, Սարգսին չի տեսել: Զանգել է Սարգսի եղբորը՝ Սերժին, ասել է կատարվածի մասին: Այդ պահին մոտեցել են ոստիկանները…

Դատարանում վկան հայտնեց, թե Սարգիսը ռեստորաններում ու փաբում ալկոհոլ չի օգտագործել, իրենց ասել է, թե առողջական խնդիր ունի:

Նախաքննական ցուցմունքի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ վկան ասաց, թե հարցաքննվելու ժամանակ եղել է լարված ու սթրեսային վիճակում: Իրեն անընդհատ ճնշում էին կողքի խոսակցությունները՝ տեսա՞ր, ինչ պատահեց, մարդ մահացավ…

Միևնույն ժամանակ վկան ասաց, թե իր լարված վիճակը չի ազդել նախաքննական ցուցմունքի ճշմարտացիության վրա:

Ըստ վկայի՝ նախաքննական ցուցմունքում ճիշտ չէր միայն այն, որ Սարգիսը խմած է եղել: Միգուցե կենաց խմելիս Սարգիսը բաժակը խփել է իրենց բաժակներին, մոտեցրել է իր շրթունքներին, հնարավոր է՝ «կում է արել», բայց ասել է, թե առողջական խնդրի պատճառով չի կարող խմել:

Նախաքննական առերես հարցաքննության ժամանակ Սարգիս Վարդանյանը Արմանուշին հարցրել է՝ հիշո՞ւմ եք, որ ես եմ եղել «ԲՄՎ»-ի ղեկին: Վկան պատասխանել է, թե չի հիշում, միայն հիշում է, որ այդ մեքենայում երեքով են եղել:

Առերես հարցաքննությունից հետո վկան լրացուցիչ հարցաքննվել ու հայտնել է, թե առերես հարցաքննության ժամանակ լավ չի հասկացել իր հետ առերեսվող Սարգսի հարցը, բայց ինքը լավ հիշում է, որ «ԲՄՎ»-ի ղեկին եղել է հենց Սարգիսը:

Երբ դատարանում վկան պնդեց, թե վթարից առաջ Սարգիս Վարդանյանն իրենց հետ ալկոհոլ չէր օգտագործել, տուժողի իրավահաջորդ Գարեգին Դ.-ն հայտարարեց՝ վկային պարզաբանվել է՝ սուտ ցուցմունք տալու դեպքում ինչ կլինի, բայց նա սուտ է խոսում…

Նախագահողը տուժողի իրավահաջորդին դիտողություն արեց՝ վկայի ցուցմունքի արժանահավատությանը գնահատական տալու համար:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը հարց հնչեցրեց. «Ինչի՞ց եք վերցնում, որ մարդու ցուցմունքը սուտ ա»: Այնուհետև Սարգիս Վարդանյանը հայտարարեց. «Ես հորդորում եմ՝ թող բոլորը տան լիովին ճիշտ ցուցմունքներ, ասեն՝ որը ոնց ա էղել…»:

Վկա Սուրեն Մ.-ն հենց այն քաղաքացին էր, ով վթարից հետո գնացել էր «Նաիրի» բժշկական կենտրոն ու հայտարարել էր, թե ինքն է եղել վթարված «ԲՄՎ-X6»-ի ղեկին:

Վկան ասաց, թե ինքը Սարգիս Վարդանյանի հետ ունի մտերիմ ընկերական հարաբերություններ: Իսկ տուժողի իրավահաջորդ Գարեգին Դ.-ի հետ աշխատել է, նրա հետ նույնպես մտերիմ հարաբերությունների մեջ է եղել:

Դատարանում վկան ասաց, թե դեպքի գիշերը իրեն զանգել է Սարգիսը, ասել է՝ պռավեդ վերցրու, վռազ արի, բան կա: Ինքը անմիջապես պատահական տաքսիով գնացել, հանդիպել է Սարգսին: Նա պատմել է, թե «սենց-սենց՝ մեքենա եմ ջարդել, պտի մի բան արվի…»:

Վկան նշեց, թե ինքը գնացել է դեպքի վայր, տեսել է «ԲՄՎ»-ի դիրքը, ապա գնացել է հիվանդանոց ու հայտարարել է, թե ինքն է եղել «ԲՄՎ»-ի ղեկին: Վկան պարզաբանեց, թե դա արել է «ստրախովկա» ստանալու համար, քանի որ Սարգիս Վարդանյանը վարորդական իրավունքի վկայական չուներ: Ըստ վկայի՝ հիվանդանոցում իրեն ասել են՝ գիտե՞ս՝ ինչ է պատահել: Պարզվել է՝ չգիտի, որ մարդ է մահացել: Հետո գնացել է ոստիկանության բաժին ու ասել է՝ ոնց կար:

Վկան նշեց՝ Սարգիսն արդեն ասել էր, թե խիղճը չի տանի, որ անմեղ մարդն իր փոխարեն գնա նստի, նա կամովին գնացել, ներկայացել էր ու ասել էր, որ «ԲՄՎ»-ի ղեկին ինքն է եղել:

Վկան ասաց, թե Սարգիսը մեքենա վարել առանձնապես չէր սիրում: Վկան աշխատել է Սարգսի ընտանիքի համար՝ վարել է նրանց մեքենան. «Միշտ պատրաստ եմ եղել»:

Դեպքի նախորդ օրը ինքն աշխատանքը վերջացրել էր, իրեն «ազատ էին արձակել», ինքը գնացել էր իր անձնական գործերով, հետո էլ տանը քնած էր, երբ գիշերը զանգել է Սարգիսը:

Վկան պնդեց, թե Սարգիսն իրեն չի առաջարկել գնալ ու վթարի պատասխանատվությունը վերցնել իր վրա: Դա իր միտքն է եղել, ինքն է առաջարկել՝ «ստրախովկի» համար, «ԲՄՎ»-ն էլ ուրիշի մեքենա էր…

Վկան նշեց, թե Սարգիսն իրեն բացատրել է՝ վթարը որտեղ է եղել: Նա ասել է, թե «մտել է ստոլբի մեջ», բայց չի ասել, թե որևէ մարդու վնաս է պատճառվել:

Ըստ վկայի՝ երբ ինքը գնացել է դեպքի վայր՝ «ԲՄՎ»-ի դիրքը տեսնելու, ՃՈ վթարված մեքենան չի նկատել… «Նաիրի» բժշկական կենտրոն է գնացել, քանի որ դա ամենամոտիկ հիվանդանոցն էր: Այնտեղ ասել է, իբր՝ վթարից հետո իրեն լավ չի զգում: Հիվանդանոցում է իմացել, որ վթարից տուժածներ կան, ոստիկաններն իրեն ասել են՝ գոնե գիտե՞ս, թե ինչ է եղել…

Ըստ վկայի՝ եթե Սարգիսն իմանար վթարի ողբերգական հետևանքները, իրեն կասեր այդ մասին: Վկան նշեց, թե վթարի պատասխանատվությունն իր վրա վերցնելու ժամանակ խառը իրավիճակ էր՝ «նենց ղըժբըժ էր, չեք պատկերացնի…»:

Վկան ասաց, որ նախաքննական ցուցմունքները տալու ժամանակ քննիչն իրեն չի ուղղորդել, չի ստիպել:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, թե Սարգիս Վարդանյանի ընտանիքի՝ կնոջ ու մոր համար վարել է նրանց մեքենան: Դեպքին նախորդող օրը Սարգսի հագուստը տարել է քիմմաքրման, Սարգսի մորը հիվանդանոցից տուն է տարել ու գնացել է իր անձնական գործերով: Քնած էր, երբ իրեն զանգել է մի քաղաքացի, ասել է՝ Դավոն ա, տես՝ Սաքոն ինչ ա ասում: Սարգիսն ասել է՝ պռավեդ վերցրու, արի «Նաիրի» հիվանդանոց, ԳԱԻ ավտոյի եմ խփել, բայց թեթև բան ա, ես էլ կանաչի տակ եմ մտել…

Իր հետևից եկել է Դավոն, ով տաքսու ծառայություններ էր մատուցում, իրեն տարել է «Նաիրի» հիվանդանոց: Սարգիսն ասել է՝ լուրջ բան չկա, գնա ասա՝ դու ես էղել ղեկին, չես փախել, ուղղակի վատ ես զգացել… Բայց հիվանդանոցում ինքն իմացել է, որ վթարի հետևանքով մահացել է իր ավագ ընկերոջ որդին…

Վկան դատարանի հարցին պատասխանելով՝ նշեց, թե Սարգիսը խմած ղեկին չէր նստում, վարորդ էր կանչում՝ իրեն կամ Դավոյին…

Վկան հայտնեց, որ նախաքննական ցուցմունքները համապատասխանում են իրականությանը:

Նիստի ավարտին տուժողի իրավահաջորդ Մաթևոս Գ.-ն հայտարարեց. «Երկու տան ճրագ ա մարել… Ես նույնիսկ իրան չեմ ցանկանա, որ էս ամենի միջով անցնի, էս ցավը տենա… Խնդրում ենք, որ գործը մի քիչ արագ քննվի, ամեն անգամ գալիս, էս մեծ ցավն ենք ապրում…»:

Նախագահողը պարզաբանեց, որ դատարանի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր ամեն բան արվում է, որ գործի քննությունն ընթանա ողջամիտ ժամկետներում:

Հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Դատարան չներկայացող վկաներից մի քանիսը բերման կենթարկվեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...