Հայտնի ռուս գրող և լրագրող Վլադիմիր Պոզները «Ժամ» ամսագրին տված հարցազրույցում կիսվել է իր հիշողություններով և տպավորություններով Հայաստան կատարած այցերի, հայ մշակույթի ընկալման մասին, խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման և հայ ժողովրդի պատմության մեջ ողբերգական պահերի մասին իր վերաբերմունքի մասին:

Մատնանշելով իր տան պատին կախված նշանավոր հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարը, որը հայտնի լրագրողը ձեռք է բերել ընկերներից, Պոզները նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Սարյանի հանդեպ:

«Մինչև 1975 թվականը՝ Հայաստան մեկնելուցս առաջ, տեսա նրա նկարներից մի քանիսը և մտածեցի. «Իհարկե, գույների հարցում մի քիչ չափն անցել է, այդպիսի գույներ չկան: Դա նկարչի երևակայությունն է, դրանում ոչ մի վատ բան չկա»: Երբ գնացի Հայաստան, ցնցվեցի: Իսկապես, գույներն այնպիսին են, ինչպիսին նա պատկերել էր… երբ տեսա այս նկարը, ասացի`վաճառիր ինձ, ես դա ուզում եմ… Ես այն շատ եմ սիրում, դա շատ Սարյան է», – ասաց լրագրողը:

Պոզները խոսեց նաև Հայաստանի քաղաքական իրադարձություններին իր վերաբերմունքի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:

Պատասխանելով Արցախ մեկնելու մասին հարցին՝ Վլադիմիր Պոզները նշեց, որ նման պլաններ չկան, քանի որ շատ զբաղված է: Պոզները նաև մեկնաբանել է 2014-ին Ռուսական առաջին ալիքով «Պոզներ» ծրագրի շրջանակներում ծագումով ադրբեջանցի սովետական և ռուս ռեժիսոր Յուլի Գուսմանին իր պատասխանը, որ «իր սիրելի Բաքվում մորթել են հայերին»:

«Ես չեմ կարող դիմանալ մարդկանց բռնարարությանը, հատկապես դաժանությանը: Հայեր, հրեաներ, վրացիներ, անկախ նրանից, թե ովքեր են թաիցի, չինացի… Այն, ինչ տեղի ունեցավ այդ տարիներին Բաքվում բացարձակապես անընդունելի է: Ես տեղյակ չեմ, արդյոք Ադրբեջանի իշխանությունները ներողություն խնդրե՞լ են, ցավակցություն հայտնե՞լ են, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ դա սարսափելի կոտորած էր…», – ասաց նա:

Վլադիմիր Պոզները նաև ասաց, որ ինքն օգնել է մի հայ ընտանիքի`մայր ու աղջկա՝ մեկ տարի հյուրընկալելով իր տանը, որոնց Բաքվում գազազած ամբոխից փրկել էր ադրբեջանցի մի միլիցիոներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...