Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախված են եղել ՊՆ թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար (3 «ԿամԱԶ» և 1 «ԶԻԼ» մակնիշների), այնուհետև «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հակոբ Հ., ծնված 1958 թ.) բախվել է կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի կցորդիչին: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, իսկ 14 ուղևորները հոսպիտալացվել են Արմավիրի և Թալինի ԲԿ-ներ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մանե Մ.-ն (ծնված 1996 թ.), Քրիստինե Ե.-ն (ծնված 2001 թ.), Արայիկ Հ.-ն (ծնված 1990 թ.), Մարգարիտ Ս.-ն (ծնված 1957 թ.), Սուսաննա Մ.-ն (ծնված 1954 թ.), Սաթենիկ Ա.-ն (ծնված 1957 թ.), Հարություն Հ.-ն (ծնված 1965 թ.), Արման  Հ.-ն (ծնված 2003 թ.) և Ռուզաննա Ա.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, իսկ Սուրեն Մ.-ն (ծնված 2003 թ.), Կարինե Պ.-ն (ծնված 1980 թ.), Սիլվա Խ.-ն (ծնված 1973 թ.), Գայանե Ա.-ն (ծնված 1969 թ.) և Արաքսյա Մ.-ն (ծնված 1989 թ.)՝ Արմավիրի ԲԿ:

Սուրեն Մ.-ն և Կարինե Պ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Ռուզաննա Ա.-ն, Սիլվա Խ.-ն, Արաքսյա Մ.-ն և Գայանե Ա.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ, «Աստղիկ» և «Էրեբունի» ԲԿ-ներ: Բժիշկները Ռուզաննա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած բոլոր վիրավորները դուրս են գրվել բավարար վիճակով, միայն մեկ քաղաքացի է դեռեւս շարունակում բուժումը:

«Մեզ մոտ ավագանու նիստ է, ավարտում ենք, որ գնանք՝ նրանց տեսնելու, բոլորին ճանաչում ենք, մեր գյուղացիներն են»,- նշեց Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը՝ ավելացնելով, որ բոլորին աջակցելու որոշում են կայացրել:

Համայնքի ղեկավարն իր խոսքում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գյուղից գնացած բանվորներին, աշխատողներին ավտոբուսը երեկոյան հետ է բերել: Շարժվել են դեպի գյուղ, այնտեղ էլ մեկ այլ մեքենա վթարված է եղել, վարորդը չի նկատել, խփել է:

«Գյուղից գնում են Արմավիր, Էջմիածին՝ արեւածաղիկ, խաղող են հավաքում, ինչ-որ կա: Մեր բնակիչներն են, լավ օրից չէ, որ գնում են գյուղից դուրս աշխատելու, եւ այդպիսի փորձանք է եկել, պետք է օգնենք»,- իր խոսքում նշեց համայնքի ղեկավարը:

Ինչպես տեղեկացրեց «Թալին» բժշկական կենտրոնի բժշկուհի Սոֆի Բաղդասարյանը, իրենց մոտ ընդունվել է վթարի հետեւանքով տուժած 8 քաղաքացի: Նրանից 6-ը հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով, եւս 2-ը՝ դիմել են ավելի ուշ եւ ստանալով առաջին բուժօգնություն՝ անմիջապես էլ դուրս են գրվել: Թալին» բժշկական կենտրոն ընդունված բոլոր տուժածներն այժմ դուրս են գրվել, բացի 30-ամյա կնոջից: Նա տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ երիտասարդ կնոջ վիճակը դեռեւս գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային պոլիտրավմա:

Ավտովթարից տուժած մյուս 6 քաղաքացիները տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն: Այստեղից եւս տեղեկացրին, որ նրանք բոլորը ստացել են անհրաժեշտ օգնությունը եւ դուրս են գրվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր ավտովթար, ինչի հետեւանքով մահացել է ՊԱԶ մակնիշի ավտոբուսի վարորդը, իսկ 14 ուղեւոր հոսպիտալացվել է: Նախ 16:30-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող եւ զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 753 SL 45 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 548 SL 45 հաշվառման համարանիշի եւ «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, երթեւեկության անվտանգ պայմաններ ապահովված չլինելու եւ հետագա հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված չլինելու հետեւանքով ժամը 19:30-ի սահմաններում արդեն «ԿԱՎԶ» մակնիշի 35 SN 646 հաշվառման համարանիշի ուղեւորատար ավտոբուսը բախվել է «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենային կցված հրանոթին:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՊՆ՝ վթարի մասնակից մեքենաներում գտնվող անձինք չեն տուժել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...