Yntrutyun

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, մի շարք մարզերի 19 համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ 19 համայնքում առաջադրված թեկնածուներից միայն մեկն է կուսակցական։ Արարատի մարզի Մրգանուշ համայնքի գործող ղեկավարն է ինքնաառաջադրվել, բայց դաշնակցական է։

Մնացած բոլոր համայնքներում առաջադրվածները անկուսակցականներ են։ Բոլոր անկուսակցականները, սակայն, մեծամասամբ նախկին ու գործող համայնքապետներ են, որոնք, ինչպես հայտնի է, 2018-ի ապրիլ-մայիսից առաջ ՀՀԿ անդամ էին։

Նախորդ իշխանության ժամանակ խոշորացույցով անգամ հնարավոր չէր գտնել մի համայնք, որի ղեկավարը ՀՀԿ-ական չլիներ։ Դա պարտադիր պայման էր։ Նրանք, սակայն, նոր իշխանությունների ժամանակ բացառիկ շանս են ստացել կրկին դառնալու համայնքի ղեկավար։ Այս դեպքում, սակայն, միակ պայմանն այն է, որ նրանց կենսագրությունից հեռացվել է կուսակցական պատկանելիությունը։

Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի գործող ղեկավար Արամայիս Հակոբյանը կրկին առաջադրվել է։ Նրան մրցակից թեկնածու կրկին առաջադրվել էր, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ Հակոբյանին թողնելով միայնակ։ Վերջինս ասաց, որ ինքը չգիտի, թե ինչու է միայնակ մնացել։ Նորից էլ առաջադրվել է, քանի որ կիսատ գործեր ունի։

Ծրագրերը բուկլետներով ընտրողներին չի ներկայացրել, բայց ասաց, որ բոլորն էլ տեղյակ են իր ծրագրերից՝ առարկայական չնշելով, սակայն, և ոչ մի ծրագիր։

Արամայիս Հակոբյանն ասաց, որ նախկինում էլ է անկուսակցական եղել, 4 տարի է աշխատել ու հույս ունի դրված ծրագրերը իրականացնել նաև առաջիկայում։

Նույնը մեզ հետ զրույցում նշում էին նաև մյուս թեկնածուները։

ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի 0 մասնակցությունը ֆիքսել էր նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ այդ փաստի վրա հրավիրելով նաև վարչապետի և այլ պաշտոնյաների ուշադրությունը: «Մարդիկ նախընտրում են լինել անկուսակցական, ինքնաառաջադրվող։ Օրենքը թույլ է տալիս կուսակցություններին առաջադրել թեկնածուներ՝ ունենք ավագանու թեկնածուի միայն 3 կուսակցական առաջադրում, համայնքի ղեկավարի թեկնածուի 0 կուսակցական առաջադրում։ Անհասկանալիորեն նույն վարքագիծն ունի այսօրվա քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Էմին Երիցյանը՝ վերլուծելով ստեղծված իրավիճակի պատճառները։ «Դուք խոսում եք համայնքներում համամասնական ընտրակարգին անցնելո՞ւց։ Տեղական կյանքում 0-ական ներկայություն ունենալու պարագայում համամասնական ընտրակարգին անցումն ընդամենը տեղական ինքնակառավարումը ժողովրդից հեռացնել կնշանակի, «տեղական տորթը» քաղաքական առևտրի ճանապարհով կուսակցությունների միջև պատառ-պատառ անել կնշանակի։

Ես միշտ կողմնակից եմ եղել ավագանու խառը (համամասնական-մեծամասնական) ընտրակարգի։ Բայց դրան պետք է գնալ, երբ տեղական ընտրություններում կուսակցությունները սկսեն առաջադրել թեկնածուների գոնե վիճակագրական 20%-ին։ Այլապես դուք (կուսակցություններդ) խուսափում եք ուղիղ պատասխանատվությունից, փորձում ՏԻՄ-երում ձեր մուտքը բացել ետնամասից, զարտուղի ճանապարհով՝ համամասնական ընտրակարգի միջոցով։ Այս իրողությունը նաև ապացույցն է, որ համայնքներում ուղիղ պատասխանատվությունը, համայնքի ղեկավարի ուղիղ ընտրական համակարգը համապատասխանում է մեր հանրության հանրային ընկալումներին։ Ուստի՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է դարձնել ուղղակի, իսկ ավագանունը՝ խառը (կեսը համամասնական, կեսը մեծամասնական)»,- գրել էր Երիցյանը:

Իշխանական պատգամավորներն էլ ստեղծված իրավիճակը բացատրում են նրանով, որ Հայաստանում վաղուց ձևավորվել է մշակույթ, որ ավելի կարևորվել են համապետական ընտրությունները, ոչ թե ՏԻՄ-երը։ Բայց առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխությունները, պատգամավորների խոսքերով, կվերացնեն այս «մշակույթը», և ՏԻՄ ընտրությունները ևս կլինեն «քաղաքականացված» ու մրցակցային։

Նշենք, որ իշխանությունն արդեն իսկ հայտնել է Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ նախաձեռնելու գործընթացի մասին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...