Վարչապետը դժգոհ է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքից, այսօր լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ընդհանրապես նշանակովի պաշտոնում հրաժարական չի լինում։ Ընտրովի պաշատոններում է ավելի շատ հրաժարական լինում, իսկ նշանակովի պաշտոններում աշխատաքից ազատում է լինում։ Եվ այս դեպքում ես կարծում եմ, որ պետք է այդ տրամաբանության շրջանակներում նայել»,- ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ հնարավորինս բաց գործընթաց է եղել, վարչապետն ասել է, որ գոհ չի եղել աշխատանքից։ «Այս որոշումն ամբողջովին գտնվում է վարչապետի լիազորության տիրույթում և վարչապետը որոշում է»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինքն է՞լ է կարծում, որ Վանեցյանն իր քայլերով ուսադիրները գցեց աղբամանը, ինչպես վարչապետն է ասում, Արմեն Գրիգորյանը պատաասխանեց․ «Վարչապետն ինչ ասել է, համապատասխանում է իրականությանը, և այս առումով մի շատ կարևոր բան էլ եմ ուզում ֆիքսել։ Ընդհանրապես քննարկվում է արդյոք գերագույն գլխավոր հրամանատար է վարչապետը, թե ոչ։ Գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում նշվել է գերագույն գլխավոր հրամանատար պատերազմական պայմաններում։ Ես կարող եմ հիմա հարց տալ՝ Հայաստանը պատերազմի մեջ է, թե ոչ։ Դա շատ կարևոր է, որ փաստացի մենք պատերազմի մեջ ենք։ Սահմանադրությունը ֆիքսել է մի բան, որն իրականության հետ որոշակի խնդիրներ ունի։ Փաստացի Հայաստանը լինելով պատերազմական դրության մեջ, Սահմանադրություն փոփոխողը, մեկ անձ է դա եղել, և մեկ անձի համար Սահմանադրություն են փոխել, դա բաց է առաջացնում։ Եվ մենք հիմա էլ հանրային դիսկուրսում բախվում ենք այդ խնդրին, մարդիկ ասում են՝ բա Սահմանադրությամբ գրված է միայն պատերազմի ժամանակ։ Հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը պատերազմի մեջ է, թե ոչ։ Եթե պատասխանն այո է, դե ֆակտո մենք պատերազմի մեջ ենք, ապա Սահմանադրությունը որոշ չափով ինձ համար պատասխանում է այդ հարցին»։

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև հարցին, թե Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր կոռուպցիոներների հովանավորչությամբ զբաղվել։ Նա ասաց, որ եթե այդպիսի բան լինի, իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով։ Հարցին, որ նաև հեղաշրջման վարկած է շրջանառվում, որ Վանեցյանի ղեկավարությամբ իբր հեղաշրջում էր նախապատրաստվում, Գրիգորյանը պատասխանեց, որ այդպիսի վտանգ չի տեսել։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...