Երևան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս իմաստով կարելի է ասել, որ որոշակիորեն թեժացել է իրավիճակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի շուրջ, որը բանտում է:

Ենթադրվում է, որ Պուտինը ևս մեկ անգամ, բայց արդեն Երևանում, փորձելու է քննարկել Քոչարյանի ազատության հարցը:

Այս համատեքստում փորձենք հասկանալ, թե, ի վերջո, ինչ է Կրեմլի ուզածը, և ինչ է տալու նրանց Քոչարյանի ազատությունը:

Բանն այն է, որ ՌԴ-ն ՀՀ ներքաղաքական համակարգում երկարատև ներկայացվածություն ապահովելու նպատակով փորձում է Հայաստանում ձևավորել իրար հետ հակամարտող երկու պայմանական ճամբարներ՝ հեղափոխականների և հակահեղափոխականների: Սա համաշխարհային պատմությանն արդեն վաղուց հայտնի մեթոդ է և բազմիցս կիրառվել է տարբեր տերությունների կողմից: Այսինքն՝ այս կամ այն տարածաշրջանում ներկայացվածություն ապահովելու նպատակով կայսրությունները տվյալ միջավայրում սանձազերծում են հակամարտային իրադրություն ու օգտագործում հարմար առիթը պարբերաբար միջամտելու կամ էլ՝ միջնորդի արհեստական դերակատարում ստանձնելու համար:

Եթե խնդիրը դիտարկենք պատմական համատեքստում, ապա կտեսնենք, որ մեթոդն այդ բազմիցս կիրառվել է նաև Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի կողմից, ինչպես Միջին Ասիայում, այնպես էլ Այսրկովկասում: Տեսեք, մինչև 1828 թ. հայերը Արևելյան Հայաստանում մեծամասնություն չէին կազմում: Բայց Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերից հետո Պարսկաստանից ու Թուրքիայից մարդկային հոծ զանգվածներ ներգաղթեցին Արևելյան Հայաստան: Ռուսաստանի նախաձեռնությամբ կյանքի կոչված գործընթացի հիմնական շարժառիթը հետևյալն էր. հայ բնակչության թվի մեծացումը պետք է հավասարակշռեր տարածաշրջանի ժողովրդագրական իրադրությունը՝ դառնալով այն հակակշիռը, որը կարող էր զսպել մուսուլմանական մեծաթիվ ու երկրաչափական պրոգրեսիայի տրամաբանությամբ աճող բնակչությանը: Դա իսկապես արդարացված քայլ էր:

Արդեն 20-րդ դարի սկզբին նույն Ռուսաստանը Այսրկովկասում սանձազերծեց հայ-թաթարական ընդհարումներ, որի միջոցով ցարական իշխանությունը կարողացավ վերահսկողության տակ պահել երկու կողմի ռազմա-քաղաքական շրջանակներին ու հեռու պահել կայսրության ողջ տարածքում մեծ թափ հավաքող հեղափոխական տրամադրություններից:

Տվյալ քաղաքականության լավագույն ապացույցը Ղարաբաղի հիմնախնդիրն է, որն արհեստական ական էր՝ տեղադրված խորհրդային իշխանությունների կողմից: Ական, որը պետք է օգներ կարմիրներին ու նրանց հետնորդներին երկարաժամկետ չհեռանալ տարածաշրջանից:

Նշենք նաև, որ քաղաքականությունն այս միայն Ռուսաստանին չէ, որ բնորոշ է: Օրինակ՝ Բրիտանական կայսրությունն էլ բազմիցս մեծագույն հաջողությամբ կիրառել է այն: Լավագույն ապացույցը Հնդկաստանի և Պակիստանի հակամարտությունն է:

Հիմա, ինչպես նշեցինք, նույնը սանձազերծվում է նաև շատ ավելի փոքր տիրույթում՝ ՀՀ ներքաղաքական համակարգում: Ահա, թե ինչու է Պուտինի համար այդքան կարևոր Քոչարյանի ազատությունը, որը բանտից չի կարող արդյունավետ պայքար նախաձեռնել Կրեմլի շահերն ու հետաքրքրությունները սպասարկելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...