Putin Aliev

Հոկտեմբերի 3-ին Սոչիում սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևը երկկողմ հանդիպումը: Ըստ ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովի, այն տեղի կունենա «Վալդայ» ակումբի շրջանակում, որի հերթական նիստին է մասնակցելու Պուտինը, իսկ Ալիևը լինելու է ակումբի նախագահ մի քանի հյուրերից մեկը:

Ըստ Պեսկովի՝ նախատեսված է երկկողմ հանդիպում հյուր նախագահներից յուրաքանչյուրի հետ: Սոչիում հոկտեմբերի 3-ին այդ հանդիպումից առաջ՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահը լինելու է Հայաստանում և մասնակցելու է ԵՏՄ Վեհաժողովին, ու նաև տնտեսական համաժողովին, որին մասնակցելու են նաև Իրանի նախագահը, Սինգապուրի վարչապետը:

Հայկական մամուլի տեղեկությամբ՝ Պուտինը Հայաստանում կմնա մի քանի ժամ: Որքանով է դա հավաստի, դեռևս պարզ չէ՝ պաշտոնական ժամանակացույց չկա: Իհարկե, Հայաստանում չգիշերելը քաղաքական ժեստ է, դիվանագիտական պրակտիկայում արարողակարգային նուրբ ժեստերից մեկը: Պուտինն, ըստ երևույթին, չի ուզում գիշերել Հայաստանում, որտեղ բանտում է գիշերում Ռոբերտ Քոչարյանը: Միևնույն ժամանակ, ըստ երևույթին, այդօրինակ ժեստերով ՌԴ նախագահը Հայաստանում հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի անխուսափելի գործընթացում դիրքային հարցեր է լուծում, միաժամանակ «ընկերական ալիբի» ստեղծում Ռոբերտ Քոչարյանի առաջ: ՌԴ նախագահը չի կարողանում կամ չի ուզում հասնել նրա ազատության, միաժամանակ փորձում է ցույց տալ, որ անում է ամենը, ինչ հնարավոր է, այդ թվում՝ բարոյական դաշտում:

Ի՞նչ կտանի ՌԴ նախագահը Հայաստանից Սոչի՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին: Բանն այն է, որ այստեղ հարցը լոկ Հայաստանի տիրույթում չէ, այլ նաև Իրանի: Օգոստոսին պետք է Սոչիում տեղի ունենար ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի Վեհաժողովը, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով՝ տեխնիկական պատճառներով: Դրա փոխարեն Պուտինն ու Ռոհանին կլինեն Երևանում: Երևան-Մոսկվա-Թեհրան եռակողմ ձևաչափի մասին խոսելը, իհարկե, միամտություն է, սակայն այդուհանդերձ, Հայաստանի մայրաքաղաքում այդ իմաստով տեղի կունենա հետաքրքիր ձևաչափով հավաք, որում կարող են ուրվագծվել ռեգիոնալ վերափոխման ուրվագծեր:

Հատկապես այն պարագայում, որ հավաքից առաջ Նիկոլ Փաշինյանը եղել է Միացյալ Նահանգներում՝ որտեղ տեղի ունեցավ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ Հայաստանի կառավարությունը հայտարարել է Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին: Զուգահեռ, Հայաստանում ու Արցախում սկսվել է բանակային խոշոր զորավարժություն, իսկ Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպմանը Բաքվին կարծես թե չի հաջողվել ստանալ Արցախում ազատազրկված երկու դիվերսանտներին, որոնցից մեկը՝ Բաքվի հատուկ ծատայության ՌԴ քաղաքացի աշխատակից, գնդապետ Ասքերովը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...