Vostikan

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում։

Սա, ըստ էության, արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վերջին լավությունն էր ամենակոռումպացված ոստիկանին իր հեռանալուց առաջ։

Ուշագրավն այն է, որ Միհրան Դավթյանը ոչ թե պետք է պաշտոն ստանար, այլ նրա լիազորությունները վաղուց պետք է դադարեցված լինեին, քանի որ նա անցնում է երկու տարբեր քրեական գործերով։ Նրան մեղադրանք է առաջադրված պաշտոնական դիրքի չարաշահման և ապօրինի հարստացման հոդվածներով։ Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը, որտեղից խոստացան մանրամասներ հայտնել քրեական գործերի ընթացքի վերաբերյալ, սակայն մինչ աշխատանքային օրվա ավարտը այդպես էլ տեղեկություն ստանալ չհաջողվեց։ Ասացին՝ քննիչը տեղում չէ։

Մեզ հասած տեղեկություններով՝ Միհրան Դավթյանին առաջադրված երկու մեղադրանքներից մեկը՝ պաշտոնական դիրքի չարաշահումը՝ վերաբերում է ոստիկանության գնումների գործընթացներին։

Ինչ վերաբերում է ապօրինի հարստացմանը, ապա մենք մեկ անգամ արդեն գրել էինք, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, չունենալով որևէ օրինական բիզնես և եկամուտի աղբյուր, տիրացել և հովանավորում է մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Ար Դելիկատես» ՍՊԸ-ին պատկանող գործարանը, իր բարեկամների դեմքով «փայ է մտել» և ի պաշտոնե հովանավորել «Տոպազ» ՍՊԸ-ին պատկանող խորտկարանն ու հյութերի գործարանը, կառուցել միլիոններ արժեցող իր առանձնատները Ծաղկաձորում, Սևանում, բնակարաններ շորթել Երևանում, բիզնեսներ հիմնել ԱՄՆ-ում, Չեխիայում և տասնյակի հասնող գերթանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է միլիոն դոլարը։ Ի դեպ, միայն Ծաղկաձորում գտնվող նրա առանձնատան արժեքը ևս գերազանցում է 1 միլիոն դոլարը։

Ուշագրավ է, սակայն, որ այս ամենի ֆոնին Միհրան Դավթյանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2018 թվականի մայիսի 11-ին, հայտարարագրել է ընդամենը բնակարան բազմաբնակարան շենքում, ավտոտնակ, 15 միլիոն դրամ, 1 միլիոն 100 հազար ռուբլի։

Պաշտոնյան ունի նաև հանձնած փոխառություններ՝ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Ինչպես կարելի է նկատել, վերևում թվարկված ունեցվածքի մասին պաշտոնյայի հայտարարագրում որևէ հիշատակում չկա։

Նշենք, որ մեր հրապարակումից հետո ծառայողական քննություն էր սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, սակայն այդպես էլ պարզ չէ, թե ինչ է պարզվել կամ, առհասարակ, որևէ բան պարզվել է այդ ծառայողական քննության արդյունքում, թե ոչ, քանի որ Միհրան Դավթյանի որդին՝ Սարգիս Դավթյանը, նույն վարչությունում բարձր պաշտոն է զբաղեցնում: Ամենավառ երևակայության պարագայում դժվար է պատկերացնել, որ որդին վեր կհաներ, կբացահայտեր հոր թույլ տված չարաշահումները կամ ապօրինի հարստանալու փաստերը:

Իսկ հիմա այն մասին, թե ինչպես և ում օժանդակությամբ է Դավթյանը նշանակվել ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ։

Բանն այն է, որ Միհրան Դավթյանը բավական ազդեցիկ հովանավորներ ունի։ Նրան հովանավորում է մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանը՝ բոլորն հայտնի Մանախի Արմենը։ Պատահական չէ, որ և՛ Միհրան Դավթյանը, և՛ Արմեն Գինոսյանը բնակվում են Բաղրամյանի վրա գտնվող Մանախի Արմենին պատկանող շենքում։ Մանախի Արմենի հետ ջերմ կապերի մեջ է նաև ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանը, որի թեթև ձեռքով էլ, թերևս, ծածկադմբոց է արվել Միհրան Դավթյանի մասով ՀՔԾ-ում քննվող քրեական գործը։

Հենց Մանախի Արմենի «դաբրոյով» էլ Ենոքյանը հեղափոխությունից հետո նշանակվեց ՀՔԾ պետի տեղակալ և սկսեց զբաղվել ուշագրավ «բիզնեսով» հետաքրքրված անձանց, կողմերին վաճառելով ի պաշտոնե իրեն հայտնի տեղեկությունները: Ի դեպ, նույն Ենոքյանը նաև Մարտի 1-ի գործով անցնող, Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի մտերիմ ընկերն է։

Մանախի Արմենն այս ընթացքում հասցրել էր թանկարժեք նվերներ նվիրել և ջերմ հարաբերություններ հաստատել նաև արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Նրանց ջերմ հարաբերությունների հաստատումն էլ եղավ Միհրան Դավթյանի նշանակումը Օսիպյանի պաշտոնանկությունից օրեր առաջ։

Ի դեպ, երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Օսիպյանը հեռանալիս մոտ 40 հրաման է ստորագրել տարբեր նշանակումների վերաբերյալ։ Այդ նշանակումների հիմնական մասը Միհրան Դավթյանի նշանակման պես վիճահարույց և անհիմն են։ Դրանց մի քանիսին երեկ մամուլն արդեն անդրադարձել էր։

Ուշագրավ է, որ անգամ վերջին օրերի պաշտոնանկությունները դաս չեն լինում ՀՔԾ և մի քանի այլ պաշտոնյաների համար, և նրանք շարունակում են իրենց կոռուպցիոն գործարքները նոր Հայաստանում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...