Իրանն ու Ռուսաստանը ընդգծում են հայկական գործոնի դերակատարումը

- in Կարծիք

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 2-ին ժամանում է Մոսկվա, որտեղ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հետ քննարկելու է միջազգային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցն ըստ ամենայնի նշանակալի ազդեցություն կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում ԵՏՄ վեհաժողովի օրերին Իրանի նախագահի Հայաստան այցի հարցում: Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է Հայաստան՝ ԵՏՄ վեհաժողովին մասնակցելու: Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է մի քանի շաբաթ առաջ Ղրղըզստանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների հավաքի ընթացքում:

Առայժմ ԵՏՄ երկրի որևէ նախագահ և որևէ երկիր կարծես թե չի արտահայտվել այդ հեռանկարի կապակցությամբ: Սակայն միևնույն ժամանակ նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ, որի ժամանակ խոսվել է հոկտեմբերից ԵՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի մեկնարկի մասին:

Այդուհանդերձ, հասկանալի է, որ Իրանի նախագահ Ռոհանիի Երևան ժամանելը՝ ԵՏՄ վեհաժողովի ֆոնին, պայմանավորված չէ լոկ ԵՏՄ-Իրան համաձայնագրի շուրջ առկա իրավիճակով: Հասկանալի է, որ Իրանի նախագահի Հայաստան այցն ու Երևանում փաստորեն ԵՏՄ-Իրան վեհաժողովի կազմակերպումը ստանում է ոչ միայն տնտեսաքաղաքական, այլ նաև ռազմաքաղաքական նշանակություն, առավել ևս՝ օգոստոսին Ռուսաստանում սպասվելիք Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ վեհաժողովի «տեխնիկական հետաձգման» ֆոնին, միևնույն ժամանակ հաշվի առնելով ռուս-թուրքական մերձեցման ներկայիս աշխույժ փուլն ու Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմարշավ իրականացնելու մասին Թուրքիայի հայտարարությունները:

Բանն այն է, որ Սիրիայում ներկայումս Անկարայի գլխավոր դիմակայող ուժը Իրանն է, իսկ Ռուսաստանը՝ երկու այս ուժերի արանքում: Եվ այստեղ իհարկե Անկարայի համար հույժ կարևոր է, թե ինչ բովանդակություն կարող է ունենալ ռուս-իրանական հարաբերությունը:

Երևանում վեհաժողովը այդ իմաստով ստանում է մեծ նշանակություն, որովհետև Հայաստանի հրավերն ընդունելով ու Երևանում երկխոսելով՝ Իրանը ու փաստացի Ռուսաստանը կամա թե ակամա ընդգծում են հայկական գործոնի դերակատարումը, և սա իհարկե ազդակ է ոչ միայն Բաքվին, այլ նաև Անկարային:

Պայմանավորվելո՞ւ են Իրանն ու Ռուսաստանն այդ ազդակի հարցում՝ ըստ ամենայնի կախված է Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցի արդյունքից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...