Գյումրիում, Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, հանդես եկած բալետային խմբի ներկայացումն արդեն երկու օր է՝ չի դադարում քննադատվել:

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ բալետային ներկայացման բեմականացումն ու հատկապես պարող տղաների երկարափեշ հագուստը հակասական կարիծիքների տեղատարափ է առաջացրել հանրության շրջանում: Շատերին անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ բեմադրությունն օրվա խորհրդի՝ անկախության տոնի հետ: Սոցցանցերում այն դիտարկվեց նաեւ որպես միասեռականության, տրանսգենդերների քարոզ, ընդհուպ մինչեւ «Ստամբուլյան» կոնվենցիայի քողարկված գովազդ:

«Մեր ժողովրդի կեսը չհասկացավ, կեսը առեւտուր սարքեց, մի մասն էլ քաղաքական դաշտ ուզեց տանել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրուցում ասաց «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման բեմադրիչ Ռուդոլֆ Խառատյանը: Նա նկատեց, որ մարդիկ իրավունք ունեին կարծիք հայտնելու, բայց լավ կլիներ, որ դա անեին տիրապետելուց հետո:

«Զույգ արեգակներ» կոչվող ներկայացումն արդեն մի քանի տարի է՝ Օպերային թատրոնի խաղացանկում չկա, չնայած տարիներ առաջ ճանաչվել էր տարվա լավագույն ներկայացում: Բեմադրիչի խոսքով՝ 2016 թվականին ներկայացումն ուղարկվել էր Վիեննայի Օպերային թատրոն, դրական գնահատականի արժանացել, եւ երբ պետք է հյուրախաղերով գնային, չֆինանասավորվեցին. «Մեզ ասեցին, որ գումար չկա: Մարդկային չարությունից ու չիմացությունից ելնելով՝ Օպերային թատրոնի խաղացանկից այն ջնջվել է իմ տարած մի շարք ներկայացումների հետ»:

Բալետմայստերի վստահեցմամբ՝ Օպերային թատրոնն այսօր իր առաքելությունը չի կատարում, ժամանակին ոչինչ չի լուսաբանվում, դրա համար էլ այդպես ընդունվեց: «Միշտ ասել եմ ու էլի կասեմ, որ մեր Օպերային թատրոնն իր առաքելությունը չի կատարել, մեր հանրությունը անգամ չգիտի, թե որն է հայկական պարը, որը ֆոլկլորը, թե ինչ է բալետը: Այսօր Օպերային թատրոնը ներկայացնում է «Չիպոլինո», որը ոչ պիտանի հնություն է»,- ասաց նա:

Խառատյանը հայտնեց, որ Անկախության տոնին ընդառաջ առաջարկը Գյումրիից էր ստացել, սիրով համաձայնվել էր. «Գյումրիում շատ իմաստուն մարդիկ կան: Շատերին թվում է, թե Գյումրին մի տեղ է, որտեղ մարդիկ հետամնաց են. Գյումրիում շատ խելացի, հետաքրքիր մարդիկ կան, արվեստը գնահատող»:

Բալետմայստերը նկատեց, որ բուռն քննադատված այդ հագուստի մոդելավորման եւ ձեւավորման համար օգտագործվել է հին հայկական նշանները՝ հիերոգլիֆները: «Մեր ելույթի սկիզբը պրոտեկցիա էր մեր ազգին, ցույց էր տալիս, թե մենք ինչքան հին ենք ու պատմությունը որտեղից է գալիս, մենք ուղղակի օգտագործել էինք «Զույգ արեգակներ»-ի զգեստը: Երկարության մասին կասեմ, որ հնում մեր թագավորներն էլ են այդպիս հագուստ կրել»,-ասաց նա:

Ռուդոլֆ Խառատյանը նաեւ նկատեց, որ «Զույգ արեգակներ» կոչվող 2 գործողությամբ բալետային ներկայացումը 2015 թվականին բեմականացվել է Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ներկայացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական միջոցառումների ցանկում ներառված ներկայացումների շարքում է եղել եւ, ըստ հեղինակի, ցույց է տվել այն ամենը, ինչ հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում՝ հանձնելով համաշխարհային մշակույթին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...