1982-1983 թթ. աղմկահարույց գործերից էր ավազակային հարձակումը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի վրա:

Ավազակները ներխուժել էին նրա բնակարան, պարանով կապկպել նրան ու հափշտակել գումար և թանկարժեք զարդեր:

Ավազակային հարձակումից որոշ ժամանակ առաջ օպերայի և բալետի թատրոնում տեղի էր ունեցել Կոնսերվատորիայի հիմնադրման 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո:

Տաթևիկ Սազանդարյանը մի քանի անվանի գործիչների հետ նստած էր եղել բեմում, իսկ նրա պարանոցին այն ադամանդակուռ մանյակն էր, որը հետագայում դարձել էր ավազակների ավար:

Տաթևիկ Սազանդարյանի մասնակցությամբ վերոհիշյալ երեկոյի տեսանյութը իրավապահները մանրակրկիտ ուսումնասիրեցին՝ հափշտակված զարդերի մասին պատկերացում կազմելու համար: Բայց տեսանյութը օգտակար եղավ նաև բուն հանցագործությունը բացահայտելու առումով:

Իրավապահները մի քանի վարկած էին դիտարկում հանցագործության բացահայտման ընթացքում: Վարկածներից մեկի համաձայն՝ ապագա ավազակները կամ ավազակային հարձակման կազմակերպիչը կարող էին ներկա գտնվել հիշյալ երեկոյին, տեսնել ադամանդակուռ մանյակն ու որոշել ամեն գնով այն հափշտակել ԽՍՀՄ ժողովրդական արտիստից:

Հանդիսավոր երեկոյի տեսանյութը դիտողներին պարզաբանեցին, որ դահլիճի առաջին շարքերում նստածները հիմնականում կոնսերվատորիայի դասախոսները, խոստումնալից ուսանողներն ու պատվավոր հյուրերն էին: Բոլորի ինքնությունը հեշտությամբ ճշտվեց, բացի՝ երկրորդ շարքում նստած երկու երիտասարդներից: Նրանց կողքին նստած էր կոնսերվատորիայի ուսանողներից մեկը: Վերջինս կանչվեց հարցաքննության ու վերհիշեց, որ կողքին նստած երիտասարդները չէին կարողացել զսպել հիացմունքը Տաթևիկ Սազանդարյանի կրած զարդերից: Ուսանողը հետաքրքրություն առաջացրած երիտասարդներին չէր ճանաչում, երեկոյից հետո նրանց չէր տեսել:

Որոշ ժամանակ անց օպերատիվ խմբին հայտնի դարձավ, որ կայարանամերձ արհեստանոցի ոսկերչին ոսկե թանկարժեք զարդեր է հանձնել մի երիտասարդ ու խնդրել է զարդերը ձևափոխել:

Այդ ոսկերչին ցույց տվեցին կոնսերվատորիայի երեկոյին մասնակցած երկու երիտասարդների լուսանկարները: Ոսկերիչն առանձնացրեց նրանցից մեկին ու ասաց, թե ոսկե զարդերն իրեն է հանձնել հենց այդ երիտասարդը: Վերջինիս ինքնությունը ճշտվեց:

Օպերատիվ խումբը սկսեց հետևել երիտասարդին: Միաժամանակ նոր ապացույցների որոնումն էր շարունակվում, բայց իրադարձությունները անսպասելի զարգացում ունեցան: Օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում հայտնված երիտասարդը, չիմանալով, որ իրեն հետևում են, մասնակցեց մեկ այլ ավազակային հարձակման, տեղում բռնվեց ու ձերբակալվեց:

Նա ստիպված էր խոստովանական ցուցմունքներ տալ ոչ միայն վերջին ավազակային հարձակման, այլ նաև՝ Տաթևիկ Սազանդարյանի ոսկե զարդերը հափշտակելու գործով:

Հռչակավոր երգչուհու ոսկե զարդերը հափշտակելու միտքը երիտասարդն ու հանցընկերը հղացել էին հենց կոնսերվատորիայի հիմնադրմանը նվիրված երեկոյի ժամանակ, երբ շլացել էին երգչուհու զարդերի փայլից:

Սկսել էին ուղիներ փնտրել՝ հանցավոր մտահղացումն իրականացնելու համար: Որոշել էին ավազակային հարձակում գործել, իսկ երգչուհու տուն ներխուժելու համար երգչուհուն ծանոթ որևէ անձի օժանդակության կարիքն ունեին:

Նրանց հաջողվել էր ծանոթանալ կոնսերվատորիայի երգչախմբի երգիչներից մեկի հետ: Վերջինիս հրավիրել էին ռեստորան, մի քանի բաժակ խմելուց հետո ներկայացրել էին իրենց մտածածը… Եվ երգչախմբի երգիչը համաձայնել էր որոշակի գումարի դիմաց օգնել և օժանդակել ավազակներին: Մանրամասն մշակել էին հարձակման ծրագիրն ու իրագործել էին այն…

Աղմուկ հանած ավազակային հարձակումը բացահայտվեց երկու ամսվա ընթացքում: Հափշտակված զարդերի մեծ մասը, այդ թվում՝ ադամանդակուռ մանյակը, առգրավվեցին ու վերադարձվեցին Տաթևիկ Սազանդարյանին: Ավազակային հարձակում գործած երկու երիտասարդներն ու նրանց օժանդակած երգիչը դատապարտվեցին տևական ազատազրկման:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...