Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին

- in Հասարակություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի այսօրվա խոսքերին, որոնց մեջ Սիմոնյանը «լկտի արտահայտություններ» է նկատել։

«Այսօր Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, արձագանքելով լրագրողի հարցին, իրեն թույլ է տվել լկտի արտահայտություններ անել իմ և ՀՀ ԱԺ այլ պատգամավորների հասցեին: Ես այս անգամ ներողամտաբար եմ մոտենում նրա այսօրվա հնչեցրած խոսքերին, հասկանում եմ` հուզված է և անփորձ հրապարակային շփման մեջ:

Միևնույն ժամանակ ուզում եմ կոչ անել չնմանվել իր և իր ընտանիքի անդամների կողմից վճարվող բթամիտ, ստախոս ֆեյքերի բանակին և մնալ կոռեկտության սահմաններում, քանզի միայն կույրը կարող էր չտեսնել իմ այս ընթացքում կոռեկտության դաշտում մնալը, և միայն կատարյալ հիմարը կարող է չհասկանալ, որ կարող է մնալ ծանրաձողի տակ:

Հուսամ՝ տեքստի հայերեն լինելը չի խանգարի հասկանալ բուն բովանդակությունը»,- գրել է Սիմոնյանը:

Եկեք ամեն մեկի ասածին չանդրադառնամ։ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում այսպես  արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, որ եթե Լևոն Քոչարյանը դատարանների վրա ճնշումների մասին փաստեր ունի, թող դիմի իրավապահներին։

«ՍԴ–ի բակում կան մարդիկ, որոնք տարբեր բաներ են խոսում, Ազգային ժողովում մարդիկ ասում են ես Rolls-Royce եմ քշում, ինչ ասեմ՝ հատուկ բթամիտների համար այսօր իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջում կփորձեմ տեղադրել այդ փաստերը, ինչը սաղս գիտենք, բայց մարդիկ փորձում են չտեսնելու կամ չհասկանալու տալ»,–նշեց նա։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...