Tavush gyux

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքը /Թալինի տարածաշրջան/,  գտնվում է մարզկենտրոնից  30 կմ հեռավորության վրա: Գյուղի առաջին բնակիչները՝ 1920 թվականին  գաղթել են Արևմտյան Հայաստանի Սասունի շրջանից:

Սկզբնական շրջանում  ունեցել է Եշիլ, Էշիլ, Յաշիլ անվանումները,  իսկ 1946 թ. վերանվանվել է Կաքավաձոր: Գյուղն ընկած է մեղմաթեք լեռնալանջերի վրա` քարքարոտ, մասնատված ռելիեֆով:

Կաքավաձորը հարուստ է պատմական և մշակութային անշարժ հուշարձաններով: Գյուղի շրջակայքում կան հնագույն շինությունների հետքեր՝ ամրոց մ.թ.ա. 2-5 դդ.: Համայնքից 500 մ հեռավորության վրա է գտնվում «Յոթ աղբյուր» սրբատեղին, 4-5 դդ. Կոթող, քարայր-կացարանների համալիր, գյուղատեղի 17-18 դդ.:

Այսօր համայնքն ունի 308 տնտեսություն, բնակիչների թիվը՝ 1200-ից ավելի է:

2016 թ. հոկտեմեր ամսին, Կաքավաձորի համայնքապետ է ընտրվել Հայկ Բաղդասարյանը: Ծնվել է 1969 թ. Կաքավաձոր գյուղում, ավարտել է՝ Երևանի Կ. Մարքսի անվան  պոլիտեխնիկական ինստիտուտը: 1991-93 թթ. մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, մինչև 1998 թ. զբաղվել է ազատագրված տարածքների գյուղերի վերաբնակեցմամբ:

–  Պարոն Բաղդասարյան, համայնքի բնակչությունը  հիմնականում, ինչո՞վ է զբաղվում:

–  Համայնքի գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր, սակայն եկամտաբեր չէ, հողերի տեսակը լավը չէ:  Բնակչությունը բուծում է  խոշոր,  մանր եղջերավոր անասուններ, խոզեր,  արդյունաբերություն չունենք:

–  Համայնքի ղեկավար ընտրված ժամանակահատվածում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել:

–  Երեք տարիների ընթացքում համայնքում կատարված աշխատանքների թվում կան նաև ծրագրային աշխատանքներ:

2017-18 թթ. Երևան – Գյումրի հանրապետական ճանաապարհից դեպի համայնք մտնող ճանապարհին՝ 1 կմ երկարությամբ եկու կողմերից ծառատունկ ենք կազմակերպել և ջրագիծ ենք անցկացրել ծառերի մշակման  համար:

5 կմ երկարությամբ խմելու ջրի խողովակներ և 7 կմ ոռոգման ջրի խողովակաշարի աշխատանքներ ենք կատարել: Ոռոգման խողովակաշարի հետ կապված աշխատանքները ընդամենը մի քանի օր առաջ է ավարտվել: Համայնքի միջոցներից գումարներ ենք հատկացնում ճանապարհների փոսալցման աշխատանքների իրականացման համար:

– Ի՞նչ կրթամշակութային, մարզական օջախներ են գործում համայնքում, համայնքապետարանը, ինչպե՞ս է աջակցում կրթօջախների աշխատանքներին:

– Կաքավաձորում գործում են՝ դպրոց, նախակրթարան, մշակույթի տուն, բուժկետ,  գրադարան, կապի հանգույց:  Համայնքապետարանի աշխատակազմը  մշտապես աջակցում է համայնքում գործող հիմնարկներին: Դպրոցին օգնել ենք էլեկտրական  վառարանների ձեռք բերման, էլ. լարերի փոխելու հարցում: Աջակցել ենք տարեմուտի միջոցառումների կազմակերպմանը, որոնց ընթացքում երեխաներին նվերներ ենք բաժանել: Վերջին  երեք ուսումնական տարիներին, առաջին դասարանցիներին ապահովվել ենք գրենական պիտույքներով:

Մշակույթի տունը հիմնովին վերանորոգել ենք՝  /տաք և սառը ջրեր, օդորակիչ/, նոր գույքի ձեռքբերման  կարիք է զգացվում:

Համայնքի երեխաները հնարավորություն ունեն իրենց մարզումները անցկացնել կարատեի խմբակում, ինչպես նաև մարզվել  ֆուտբոլ մարզաձևով: Թիմը լավ է հանդես գալիս մրցուներում և մի քան անգամ գրավել է առաջին տեղը: Գործում են նաև ռոբոտաշինության խմբակ՝ «Արմատ» լաբորատորիա է կոչվում, ինչպես նաև «Ինփակ» խմբակը: Ունենք նաև լավ ձևավորված պարային խումբ, որը մասնակցում է մրցույթ-փառատոնների և արժանացել է բազմաթիվ պատվոգրերի: Մշակույթի տան համար, որպես հանդիսությունների կազմակերպման վայր /սրահ/  ձեռք ենք բերել սեղաններ, աթոռներ, անհրաժեշտ սպասք:

Նախակրթարանը,  նախկինում գործում էր համայնքապետարանի ենթակայության տակ, ներկայումս պատկանում է դպրոցին:

Համայնքում ժամանակին կատարում ենք աղբահանություն:

Ցանկություն ունենք համայնքում բացել մարզադպրոց, սակայն առայժմ չենք կարող՝ համայնքապետարանի ֆինանսական միջոցները չեն բավարարում:

 – Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ կան համայնքում ծառացած, որոնք հրատապ լուծումներ են պահանջում:

– Առաջնային խնդիրներ կան, լուսավորության հետ կապված 1կմ 200մ երկարությամբ աշխատանքներ են իրականացվել, բայց ընդհանուր առմամբ գյուղը 6-7 կմ երկարությամբ՝ կարիք ունի լուսավորելու: Հաջորդ խնդիրը համայնքի փողոցների ասֆալտապատման հետ է կապված:

Գյուղը մեծանում է, արտագաղթ չկա, բնակչությունը ջրի պահանջ է զգում: Խորհրդային տարիներից հետո պոմպակայանը շարքից դուրս եկավ և ամբողջ վարելահողերը մնացին առանց ջրի: Եթե այսօր հնարավոր լիներ վերականգնել պոմպակայանը, շատ մեծ, դրական ազդեցություն կունենար գյուղատնտեսության վրա:

                                                      Մանվել  Կիրակոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...