Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, նրանց հետ քննարկելով ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որի մշակման աշխատանքը ընթանում է արդեն մի քանի ամիս:

Այդ հանդիպումը չափազանց հատկանշական է արդեն մի քանի օր Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումների ֆոնին, որոնք բնորոշվում են ուժային կառույցներից երկուսի՝ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկությամբ, ու նաև այդ ֆոնին վարչապետ-ԱԱԾ նախկին պետ հակամարտության առաջացմամբ:

Ինքնին, որպես խնդիր, այդ հակամարտություն ասվածը գուցե չափազանցված է, սակայն բուն հարցն այստեղ այն է, որ Հայաստանում ներքաղաքական թեժ զարգացումները ծավալվում են խորհրդարանից դուրս՝ հերթական անգամ վկայելով, որ արտահերթ ընտրությամբ հեղափոխությունը եկել է օրենսդիր իշխանություն, իսկ քաղաքականությունը՝ ոչ: Ինչ-որ առումով, սա, իհարկե, կարող է համարվել նաև բնականոն իրողություն, սակայն խնդիրը տվյալ պարագայում այն է, որ արհեստական է ստացվում խորհրդարանական խմբակցությունների հետ ազգային անվտանգության ռազմավարության քննարկումը, որովհետև այդ խմբակցությունները գործնականում դուրս են քաղաքականությունից: Դրա պարզորոշ վկայությունն է այն, որ առ այսօր հանրությունը խորհրդարանում չի լսել լրջագույն քաղաքական տեքստեր ազգային անվտանգության ռազմավարությանն առնչվող, արտաքին քաղաքական, անվտանգային առանցքային հարցերի, խնդիրների շուրջ:

Իսկ որտե՞ղ պետք է հնչեն այդ տեքստերը, ու ո՞ր հարթակում պետք է ծավալվի քաղաքական բանավեճը, եթե ոչ խորհրդարանում՝ թիվ մեկ քաղաքական և ներկայումս փաստորեն միակ ներկայացուցչական հարթակում: Խորհրդարանը գերազանցապես վերածված է սոցիալական հարցերի քննարկման հարթակի: Այդ իմաստով, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ներգրավմամբ, անշուշտ, հնարավոր կլինի մշակել սոցիալական անվտանգության արդիական ռազմավարություն, իսկ ազգային անվտանգության ռազմավարության հարցում այդ խմբակցությունները հազիվ թե ունենան առարկայական անելիք: Ավելին, խորհրդարանը գործնականում ինքն է հայտնվում մի վիճակում, երբ որոշակի ռիսկեր է պարունակում ազգային անվտանգության տեսանկյունից: Որովհետև, եթե թիվ մեկ քաղաքական հարթակն ու ամբիոնը, որպես այդպիսին, չի կատարում իր գործառույթը, իսկ ձևավորումից մոտ ինն ամիս անց այստեղ դեռևս չի նշմարվում քաղաքականության ծնունդ, քաղաքականությունը տեղափոխվում է այլ հարթակներ՝ հաճախ ոչ միայն դրա համար չնախատեսված, այլ այդ իսկ պատճառով նաև վտանգավոր: Այդպես է քաղաքականությունը աստիճանաբար անցնում ստվեր։

Մինչդեռ, պետության համար վտանգավոր է ոչ միայն տնտեսության ստվերում լինելը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...