Հայաստանի բնակչության մի զգալի մասի ակնկալածը հեղափոխական տեռորն է

- in Վերլուծական

Ճիշտ է, սոցիոլոգիական ուսումնասիրություններ չեմ իրականացրել, բայց իմ տվյալներն էլ բավական մոտ են իրականությանը, քանի որ հիմնվում են մարդկային շփումների վրա։ Վերջին մի քանի ամիսներին ինձ պատահած գրեթե բոլոր մարդիկ անընդհատ խոսում են օլիգարխներին ունեզրկելու և նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներին բանտերը լցնելու անհրաժեշտության մասին։

Խոսքը բավականին մեծ քանակության մարդկանց մասին է։ Վերջին շրջանում հաճախ եմ լինում Հայաստանի տարբեր շրջաններում, և ուղևորությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ զրույցների հիման վրա էլ մոտավոր պատկերացում եմ կազմում հանրային տրամադրությունների վերաբերյալ։

Կարելի է ասել, որ երկրում առկա անարդարության զգացողությունը դեռևս չի հաղթահարվել, քանի որ մարդիկ արդարության մարմնավորումը տեսնում են օլիգարխների ունեզրկման և ռեժիմի ներկայացուցիչներին բանտերը լցնելու անհրաժեշտության մեջ։

Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը վճռական ոչ է ասել հեղափոխական տեռորի և վենդետայի հնարավորությանը։ Իհարկե, ճիշտ է արել, բայց խնդիրն այն է, որ, բացառելով տեռորի միջոցով արդարության հասնելու հնարավորությունը, վարչապետը ցույց չի տվել արդարության այլընտրանքային տարակերպը։ Սրանից ելնելով՝ մարդիկ տրամաբանական հարց են բարձրացնում, եթե ունեզրկումն ու բանտերը լցնելու պրակտիկան մերժվում է, ապա ո՞րն է արդարությունը։ Իսկ եթե քաղաքացին չի կարողանում հաղթահարել անարդարության բարդույթը, ապա գալիս է տրամաբանական այն եզրակացությանը, որ երկրում ոչինչ էլ չի փոխվել։ Այսինքն՝ նույնիսկ եթե Փաշինյանը աշխարհի ամենաառաջադեմ ռեֆորմները իրականացնի, միևնույն է, մարդկանց դա քիչ է թվալու, քանի որ նրանց համար օրակարգային է արդարության գաղափարը։

Ի դեպ, անարդարության բարդույթի էլ ավելի խորացմանը նպաստում է Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացը, որն արդեն իսկ մարդկանց ընկալումներում արժեզրկված է և ավելին չէ, քան մուկն ու կատուն։

Այս ամենի համատեքստում ես եկել եմ այն եզրակացությանը, որ տեռորը քաղաքական պրակտիկայում արհեստական գոյացություն չէ, ընդհակառակը՝ այն թմրեցված բնազդի կարգավիճակ ունի և ամեն պահ կարող է արթնանալ։

Հեղափոխությունն արթնացրեց այդ թմրեցված բնազդը, իսկ վարչապետը ճշմարտացիորեն չեզոքացրեց դրա կիրառության հնարավորությունը, բայց, միևնույն ժամանակ, չկարողացավ ցույց տալ այլընտրանքը․ եթե չենք ապրում բնազդներով, ապա ո՞րն է լինելու մեր գոյության առաջնային շարժիչ ուժը։

Հ․ Գ․ Արդարությունը պետության և հանրության կարևորագույն հիմնասյունն է։ Անհիշելի ժամանակներից սկսած՝ մարդիկ փորձում են պատասխանել հենց այդ հիմնասյունից ածանցվող հարցադրմանը․ ինչպե՞ս ստեղծել արդար հասարակարգ։ Ցավոք սրտի, այս կարևորագույն հիմնախնդրի վերաբերյալ դիսկուրսը մեր միջավայրում ի սպառ բացակայում է, քանի որ ինչ-որ անհատ որոշել է, որ հենց ինքն է արդարության մարմնավորումը, իսկ ժողովուրդն էլ շարունակում է երազել հեղափոխական տեռորի անհրաժեշտության մասին։