«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի իշխանությունների հետ համաձայնագիրը՝ հավաստիացնելով, որ նրանք արգելափակում են իր դուստր ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի աշխատանքը, որը ղեկավարում է հայկական երկաթուղիները․ RTVI-ին ասել է աղբյուրը, որը ծանոթ է Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքին:

«Ռուսական երկաթուղիներ»-ի հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ սրվել են խուզարկումների ու քրեական գործերի պատճառով, որոնք Երևանը հարուցել է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի դեմ: 2018 թվականի օգոստոսին ընկերության գրասենյակում խուզարկումներ են անցկացվել 19 000 դոլարի չափով հարկեր չվճարելու կասկածանքով: Ընկերությունում նշել են, որ ուժայիններն առգրավել են իրենց փաստաթղթերը:

Դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ հետաքննում են «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի՝ վերջին 10 տարվա գործունեությունը: RTVI-ի աղբյուրների համաձայն՝ ընդհանուր առմամբ ընկերության դեմ հարուցվել է 7 գործ: Ընկերությունը փորձել է իր փաստաթղթերը վերադարձնել դատարանի միջոցով, սակայն նրան մերժել են: Ընկերությունում ֆինանսական մեղադրանքներն անհիմն են համարում: RTVI-ի աղբյուրի համաձայն, եթե Հայաստանը չցանկանար ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այլ պարզապես ցանկանար պարզել իրավիճակը, նա կդիմեր միջազգային դատարան: «Փոխարենը հայկական կողմը նախընտրեց ճնշում գործադրել քրեական գործերով», – նշել է աղբյուրը:

RTVI-ի տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատավել, սակայն ուշագրավ է, որ ռուսական կողմը լուրն, ըստ էության, չի հերքում՝ անուղղակիորեն հաստատելով այն։

Ռուսական մեդիադաշտը հերթական անգամ տպավորություն է ստեղծում, որ տեղի ունեցածը Հայաստանի իշխանության քաղաքականության հետևանք է։ Իհարկե, ռուսական քարոզչության դասական հնարքներից մեկն է՝ բոլոր մեղքերը բարդել հեղափոխություննների, դրանց արդյունքում տեղի ունեցող զարգացումների վրա։

Իրականությունը միանգամայն այլ է։ Հեղափոխության հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հետևողական պայքար է տանում կոռւպցիոն դրսևորումների, քրեօլիգարխիկ համակարգի դեմ։ Ստեղծված նոր համատեքստին ռուսական ընկերություննները, մասնավորապես՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն, ադապտացվել չեն կարողանում, ինչի հետևանքով էլ առաջացել է այս վայնասունը։ Այլ խոսքով՝ ոչ թե Երևանն է փորձում ճնշում բանեցնել Մոսկվայի վրա, այլ՝ հակառակը։

Մոսկվայում անհանգիստ են, որովհետև Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը հանգեցնելու է ռուսական ազդեցության էական թուլացմանը։ Մոսկվայի այս գլոբալ անհանգստությանը գումարվում են մասնավոր առիթներ՝ օրինակ պատահական չէ, որ RTVI-ի աղմկահարույց նյութը տարածվեց այն բանից հետո, երբ դատարանը հերթական անգամ մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Մյուս կողմից՝ ԵՏՄ գագաթաժողովից առաջ Պուտինի վարչակազմը փորձում է մեծացնել ճնշումը հայկական կողմի վրա։ ««Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուրս գալը հայաստանյան շուկայից հանգեցնելու է Հայաստանի երկաթուղային համակարգի պարալիզացմանը, ապա նաև ընդհանուր ներդրումային միջավայրի վատթարացմանը: Մասնագետները նշում են պայմանագրի խզման մի քանի ակնհայտ հետևանքներ՝ Հայաստանի երկաթուղին մնում է առանց շարժակազմի, Հայաստանի երկաթուղու շուրջ 3000-անոց կոլեկտիվը կկանգնի կամ կրճատման կամ էլ, լավագույն դեպքում, աշխատավարձերի արմատական վերանայման փաստի առջև։

Ռուսական կողմն ակնհայտորեն դիմում է շանտաժի ու կարծում ենք՝ պատճառները միանգամայն քաղաքական են ու արտացոլում են այն ինստիտուցիոնալ ճգնաժամն, որն այսօր առկա է հայ-ռուսական հարաբերություններում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...