Հայ-ռուսական հարաբերություններ չկան, Մոսկվայի պատկերացմամբ դրանք պետք է լինեն միակողմանի

- in Վերլուծական
Arm Rus

Վերջին շրջանում, հատկապես Սահմանադրական դատարանի որոշման շեմին, երբ պետք է վճռվեր Ռոբերտ Քոչարյանի կալանավորման սահմանադրականության հարցը, Հայաստանի «ընդդիմադիր» շրջանակներից հաճախացել են հայ-ռուսական հարաբերությունների վիճակի հանդեպ «մտահոգությունները»:

Ինչ փուլում են ներկայում այդ հարաբերությունները: Բովանդակային առումով, կարելի է ասել՝ խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել, Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հանդեպ իր ավանդական քաղաքականությունը, պարզապես փոխվել են որոշակի հանգամանքներ:

Քոչարյանի իշխանության օրոք սկսվեց ռազմավարական ակտիվների փոխանցումը Ռուսաստանին, նրա ու Պուտինի միջեւ հաստատվեցին ընկերական հարաբերություններ, եւ համարվեց ու մինչեւ հիմա համարվում է, որ այդ հարաբերությունները գտնվել են բարձր մակարդակի վրա:

Սերժ Սարգսյանի օրոք շարունակվեց ու խորացավ ռազմավարական ակտիվների փոխանցումը, կնքվեցին Հայաստանի համար խայտառակ պայմանագրեր, Հայաստանը բռնակցվեց ԵՏՄ-ին, ու չնայած դրան՝ Ռուսաստանն աստիճանաբար մեծացնում էր քաղաքական-քարոզչական ճնշումը Հայաստանի վրա, զինում Ադրբեջանին, ու ի վերջո նրան մղեց հարձակման՝ իրականացնելու կազանյան պլանը:

Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը պահում է Ռուսաստանի հետ պայմանագրային բազան, շարունակում դաշնակցային պարտավորությունները: Պարզապես, ի տարբերություն նախկինների, ներկայում Երեւանը սկսել է բարձրաձայնել խնդիրները, որոնք միշտ եղել են: Հանուն արդարության պետք է նշել, որ Սերժ Սարգսյանը նույնպես երբեմն վեհերոտ, բայց խոսում էր խնդիրների մասին:

Հայ-ռուսական հարաբերություններ ըստ էության չկան, ավելի ճիշտ՝ Մոսկվայի պատկերացմամբ դրանք պետք է լինեն միակողմանի: Երեւանը ներկայում դնում է դաշնակցային պարտավորությունների կատարման, տնտեսական զարգացմանը չխոչընդոտելու խնդիր: Այսինքն, դնում է Հայաստանի ինքնիշխանության խնդիրը:

Ռուսաստանի ավանդական քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ հանգում է հենց դրան: Դա չեն թաքցնում Ռուսաստանի պաշտոնական եւ կիսապաշտոնական շրջանակները, այդ թվում՝ «պրոհայկական» փորձագետները: Կարելի է հիշել, երբ ԵՏՄ երեւանյան հավաքներից մեկի ժամանակ հայկական կողմը Մեդվեդեւի առջեւ դնում էր արդյունաբերական խնդիրներ, նա պատասխանեց՝ գնացեք միրգ-բանջարեղեն աճեցրեք:

Հիմա, ՀՀ իշխանությունը դնում է նման նպատակներ, որոնք դժգոհություն են առաջացնում Մոսկվայի տարբեր շրջանակներում, եւ դա ձեւակերպվում է որպես Ռուսաստանի դժգոհություն, անվստահություն նոր իշխանության հանդեպ: Եվ դրան ձայնակցում են Հայաստանի նախկին վարչակարգերի տարբեր շրջանակներ: Եվ հարց է առաջանում՝ Հայաստանը չպե՞տք է դնի նման նպատակներ, թե՞ Ռուսաստանին չբարկացնելու համար պետք է հրաժարվել ինքնիշխանությունից ու տնտեսական զարգացման նպատակներից:

Այլ հարց է, թե Հայաստանի ներկայիս վարչակարգը որքանով է անկեղծ իր ձգտումներում: Եվ թվում է, նորմալ բանականությունն էլ հուշում է, որ հանրությունը, դրա քաղաքական-փորձագիտական-մեդիա շրջանակները պետք է մշտապես ճնշում գործադրեն իշխանության վրա հենց այդ հարցում: Բայց դրա փոխարեն մատնագրեր են ուղարկում Մոսկվա՝ հասեք, հարաբերությունները փչանում են:

Դա նոր չէ, 1920 թ. հայկական պետականությունը ոչնչացվեց տեղական քաղաքական խմբերի, մահմեդականների ու տարբեր մաստերի գողերի մոբիլիզացիայով՝ հանուն սոցիալիստական հեղափոխության հաղթանակի: Այդ հաղթանակը հայ ժողովրդի վրա նստեց երկու նոր ցեղասպանություն՝ 1921-1923 թթ եւ երկրորդ աշխարհամարտում (նայեք մեր հարեւանների զոհերի ու հայ զոհերի թիվը): Այդ եւ հետագա տարիներին Հայաստանից 8 միլիոն (ութ միլիոն) մատնագիր է գնացել Մոսկվա:

Սա նույնությամբ կրկնվեց 2013-15-ին, երբ հայկական «ընդդիմությունը» հայ-ռուսական հարաբերությունների փչացման կարգախոսով փաստացի կատարեց 5-րդ շարասյան դեր՝ անշրջելի դարձնելով Հայաստանի բռնակցումը ԵՏՄ-ին եւ նվաստացուցիչ պայմանագրերի կնքումը:

Քանի կա այդ երեւույթը՝ խոսք չի կարող լինել հայ-ռուսական հարաբերությունների որակական փոփոխությունների եւ Հայաստանի զարգացման մասին: Առաջնային պատասխանատվությունն իշխանությանն է, որն այս մեկուկես տարիներին չիրականացրեց համակարգային վերափոխումների քիչ թե շատ նշանակալի քայլեր: Միեւնույն ժամանակ, լիարժեք պատասխանատվություն են կրում այն շրջանակները, որոնք իրենց խնդիրները մտադիր են լուծել այս միջոցներով:

Մոսկվայի համար միեւնույն է՝ ով է իշխանությունը: Խնդիրը Հայաստանի զարգացումն ու ինքնիշխանությունը թույլ չտալն է, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կլինեն նման ամոթալի դերի պատրաստ շրջանակներ: Երբ դրանք չլինեն՝ շանս կառաջանա կառուցել նոր հարաբերություններ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...