arthur-davtyan

Նախկին ոտսիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի մեկի գործով ցուցմունքը հրապարակված է, դա քրեական գործով նյութն է, այլ նյութ դատարանի վարույթում գտնվող քրեական գործով չկա: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Այլ խնդիր է, որ Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան և ցուցմունք էր տալու, այսինքն՝ հարցեր էին հնչելու նաև դատախազների, պաշտպանների կողմից, որի հնարավորությունը, ցավոք, այլևս չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով շրջանառվող վարկածին, թե Մարտի մեկի գործով Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ էին գործադրվում, որում շոշափվում է նաև իր և ՀՔԾ պետի անունը, դատախազն ասաց. «Որևէ ողջամիտ մարդ այդ վարկածը լսելիս շատ լավ իմացել է, թե ինչ պատվերների իրացման մասին է խոսքը»:

Ըստ Արթուր Դավթյանի՝ Գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետն առհասարակ չեն կարող որևէ քրեական գործով շփվել վկաների հետ, առավել ևս ճնշումներ գործադրել նրանց վրա: Ինձ ճանաչող ցանկացած մեկը գիտի, որ դա անհնար է, իսկ Գլխավոր դատախազի պաշտոնը և իրավական, և բարոյական առումով այդպիսի բան թույլ չի տալիս»:

Արթուր Դավթյանն անդրադարձավ հարցին, որ Մարտի մեկի գործով վկաների անվտանգությունը պետք է  պահպանվի, ասաց, որ դա իսկապես շատ լուրջ խնդիր է: «Մեր երկրում այդ ինստիտուտը զարգացնելու անհրաժեշտություն ունենք: Մենք տարիներ շարունակ Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ենք այդպիսի անվտանգության միջոցներ, բայց դրանց կառուցակարգեր երբեք նախատեսված չեն եղել, գործնականում բազում բարդություններ են առաջացել: Ներկայում օրենսդրական համապատասխան փաթեթն առկա է արդեն, և հույս ունենք, որ դրա կիրառման արդյունքում կիրացվեն այդ պաշտպանության միջոցները»,- նշեց նա:

Հարցին, թե Մարտի մեկի մյուս վկաների մասով ի՞նչ միջոցառումներ են պատրաստվում ձեռնարկել, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները պարտավոր են հետևելու, ձեռնարկելու միջոցներ, որպեսզի եթե որևէ անձի նկատմամբ լինեն ճնշումներ, դրանք բացահայտվեն և արժանանան իրավական գնահատականի:

Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքից անմիջապես հետո իրենց աղբյուրներով լուրեր հրապարակած ԶԼՄ-ներին ինչ է սպասվում: Հարցին, որ եթե հարցաքննության հրավիրված լրագրողները չբացահայտեն իրենց աղբյուրը, ի՞նչ են անելու իրավապահները, դատախազը պատասխանեց.

«Իրականացնելու ենք օրենքով սահմանված գործառույթներ: Ի տարբերություն անբարեխիղճների, իրավապահ մարմինները ոչ մի պարագայում չեն կարող դրսևորել անբարեխղճություն և ոչ մի պարագայում դուրս չեն գա օրենքի շրջանակներից: Եվ, ցավոք, այդ հարթությունում մենք դեռևս բարոյական նորմերի ադեցությանն ենք ապավինում, բայց ես վստահ եմ, որ անհրաժեշտությունը նաև հանրային ընկալման մեջ կլինի և դա կբերի օրենսդրական, իրավական լուրջ փոփոխությունների, որ այդպիսի որևէ մեկը, կներեք արտահայտությանս, ես թիրախավորված կոնկրետ լրագրողի եմ ասում, չնստի հորինի ինչ-որ մի բան: Ինչ-որ մեկի հետ անձնական խնդիրներ լուծելու համար հորինված լուրը չպետք է տա հրապարակային լրատվական միջոցին և արդյուքնում թաքնվի գաղտնիությունը պահելու կամ խոսքի ազատության իրավունքի տակ»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն»՝ ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ այդ խոսքերը բացառում է այնքանով, որ քրեական գործին ամենաարագն արձանգանքել է համապատասխան պարտավորություն ունեցող իրավապահ մարմինը: «Իսկ այդ իրավապահ մարմնի ձեռք բերած  տեղեկություններում այդպիսի տվյալներ չկան»,- հավելեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...