Bjjayin

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ մեկնարկեց Հայաստանի համար ոչ այնքան բնորոշ՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ահաբեկչություններ իրականացնելուն նախապատրաստվելու մեղադրանքով քրեական գործի դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին ՀՀ չորս քաղաքացիներ են, երեք տղամարդ ու մեկ կին՝ Շահեն Մ., Հակոբ Բ., Սաթենիկ Մ., Գնել Հ.:

Այս գործի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ու ձերբակալություններ էին կատարվել 2018 թվականի ապրիլի 21-ին: Երկրում այդ ժամանակ ծավալվում էր Թավշյա հեղափոխությունը, Սերժ Սարգսյանի հրաժարականին մնում էր 2 օր:

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացիներ Հակոբ Բ.-ն և Շահեն Մ.-ն 2017 թվականի ամռանը հանդիպել, քննարկել ու որոշել են, որ իրենց դժգոհությունը երկրի իշխանություններից արտահայտելու, ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու, պետական այրերի կողմից կայացվող որոշումների վրա ազդելու, ինչպես նաև ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող, արգելանքի տակ գտնվող Սասնա Ծռերի ազատ արձակումը պարտադրելու նպատակով ստեղծեն հանցավոր համագործակցություն՝ ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի Ազատության ու Հանրապետության հրապարակներում, առևտրի և զվարճանքի խոշոր կենտրոններում, տրանսպորտային միջոցներում և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, բնակելի տների շրջակայքում տեղադրեն 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր, գործադրեն դրանք՝ իրականացնելով ՀՀ իրավապահ, պետական մարմինների պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ, հանրավտանգ հանցավոր այլ գործողությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում ձևավորեն համատարած վախի մթնոլորտ, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս պարտադրեն որոշակի գործողություններ կատարելուն։

Ըստ մեղադրանքի՝ Շահենն ու Հակոբն իրենց մտադրության մասին 2018 թվականի հունվարին հայտնել են Սաթենիկ Մ.-ին, վերջինս հավանություն է տվել ու համաձայնել է միանալ նրանց խմբին:

Ըստ մեղադրանքի՝ Շահեն Մ.-ն պատրաստել ու պահել է պայթուցիկ սարք, որը Սաթենիկի «Միցուբիշի» մեքենայով տեղափոխել են Նուբարաշենի հրաձգարանի հարակից ձորակ և իրականացրել են փորձարկում:

Հակոբ Մ.-ն ու Շահեն Բ.-ն իրենց խմբի մեջ այլ անձանց ներգրավելու նպատակով հանդիպումներ են ունեցել, ներկայացրել են իրենց ծրագրերն ու պարտադիր պայմանը՝ գաղտնի գործելու անհրաժեշտությունը: Նրանք խնդիր են դրել ստեղծելու ավելի մեծ հեռավորությունից հեռակառավարմամբ պայթեցնելու հնարավորություն ունեցող պայթուցիկ սարք, փորձել են ներգրավել պայթյուններ իրականացնելու գործում մասնագետների, ինչպես նաև ձեռք են բերել հեռակառավարմամբ գործող պայթուցիկ սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր ու միջոցներ՝ փամփուշտներ, բջջային հեռախոսներ, որոնք ենթարկել են կառուցվածքային համապատասխան փոփոխությունների, էլեկտրական մարտկոցներ, լարեր: Խուզարկություններով հայտնաբերվել են վերը թվարկվածները, ինչպես նաև վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քուղեր (ֆիթիլ), ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրատարրեր։

Ահաբեկչական որևէ գործողություն, ըստ մեղադրանքի, խմբի կողմից չի կատարվել՝ խմբի բացահայտման ու անդամների ձերբակալման պատճառով, այսինքն՝ նրանց կամքից անկախ հանգամանքով պայմանավորված:

Շահեն Մ.-ին, Հակոբ Բ.-ին, Սաթենիկ Մ.-ին մեղադրան ք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-217 հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության նախապատրաստություն), նաև՝ ապօրինի ռազմաթերք ձեռք բերելու և պայթուցիկ սարքեր պատրաստելու համար:

Չորրորդ ամբաստանյալին՝ Գնել Հ.-ին, մեղադրանք է առաջադրվել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստման մասին իմանալու և պատկան մարմիններին չհայտնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 335 հոդվածի 1-ին մասերով:

Նախաքննության ընթացքում չորս մեղադրյալներից իրեն մեղավոր է ճանաչել միայն Գնել Հ.-ն ու տվել է խոստովանական ցուցմունքներ:

Դատարանում Հակոբ Բ.-ն, Շահեն Մ.-ն ու Սաթենիկ Մ.-ն իրենց մեղավոր չճանաչեցին, իսկ Գնել Հ.-ն ասաց, թե իր դիրքորոշումը կհայտնի հետագայում:

Ամբաստանյալները կալանքի տակ չեն:

Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է դատախազ Արամ Արամյանը:

Ամբաստանյալներից միայն երեքն ունեն պաշտպան՝ Գնել Հ.-ի շահերը պաշտպանում է փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, իսկ Շահեն Մ.-ի ու Հակոբ Բ.-ի շահերը՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Ամբաստանյալ Սաթենիկ Մ.-ն՝ բարձրագույն կրթությամբ, հայտարարեց, որ պաշտպան ունենալ չի ցանկանում:

Հարց ծագեց՝ ամբաստանյալների միջև չկա՞ն արդյոք շահերի հակասություններ, ինչի պայմաններում դատարանը պարտավոր է ներգրավել նաև Սաթենիկի շահերը պաշտպանող փաստաբանի:

Մյուս ամբաստանյալների շահերի պաշտպաններ Հ. Բաղդասարյանն ու Է. Աղաջանյանը հայտարարեցին, որ շահերի հակասություններ չկան:

Մեղադրող Արամ Արամյանն այս առումով հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե ամբաստանյալներից յուրաքանչյուրի ցուցմունքը դրված է մյուսների մեղադրանքի հիմքում, բացի այդ՝ Գնել Հ.-ն մեղադրվելով նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար՝ տվել է խոստովանական ցուցմունքներ, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Նման հանգամանքներում մեղադրողը հնարավոր համարեց, որ կարող են էական հակասություններ լինել ամբաստանյալների շահերի միջև:

Սաթենիկ Մ.-ն նորից պնդեց, թե պաշտպան ունենալ չի ցանկանում:

Կողմերին լսելով՝ դատարանը որոշեց՝ այն պահին, երբ էական հակասություն կառաջանա ամբաստանյալների միջև, Սաթենիկ Մ.-ին դատարանը պաշտպանով կապահովի, այդ թվում՝ հանրային պաշտպանով:

Պաշտպան Հարություն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, որ ահաբեկչությունը, օրենքի պահանջի համաձայն, ուղղված է լինում որոշակի սուբյեկտների դեմ, սակայն մեղադրական եզրակացությունը դատարանում ներկայացրած դատախազը չնշեց՝ ո՞ւմ դեմ էին կոնկրետ ուղղված եղել գործողությունները, ինչո՞ւ է անձանց մեղադրանք առաջադրվել հենց ահաբեկչության համար:

Ըստ փաստաբանի՝ ահաբեկչությունը եռօբյեկտ հանցագործություն է, այն կարող է ուղղված լինել պետության դեմ՝ ի դեմս պետական կառույցների կամ պաշտոնյաների, հասարակության դեմ՝ մարդկանց անդորրը խաթարելու, նրանց ուշադրությունը որևէ խնդրի վրա բևեռելու նպատակով կամ՝ կոնկրետ անձանց դեմ: Այս գործով տուժող ներգրավված չէ, հետևաբար, ըստ պաշտպանի՝ անհասկանալի է՝ ո՞ւմ դեմ էին ուղղված լինելու տվյալ անձանց գործողությունները: Պաշտպանը կարծիք հայտնեց, թե նախաքննությունը կատարվել է թերի: Գործով տուժող ներգրավված չէ, մինչդեռ անձանց մեղավոր ճանաչելու և դատապարտելու դեպքում, օրինակ, տուժողի դիրքորոշումը հաշվի է առնվում, այն համարվում է մեղքը մեղացնող կամ ծանրացնող հանգամանք, սակայն տվյալ դեպքում՝ տուժող չկա, դիրքորոշում էլ չի լինի…

Պաշտպանն առաջարկեց, որ մեղադրանքի կողմը կամ հիմնավորի առաջադրված մեղադրանքը կամ հրաժարվի մեղադրանքից կամ գործով տուժող ներգրավի:

Պաշտպանը, մեջբերելով մեղադրական եզրակացության այն միտքը, թե ամբաստանյալներն իրենց գործողություններով ցանկացել են հասնել նրան, որ Սասնա Ծռերը կալանքից ազատ արձակվեն, նշեց՝ կա արդեն Համաներման ակտ, որում Սասնա Ծռերի վերաբերյալ կոնկրետ մոտեցում կա:

Եթե տվյալ գործով մեղադրվող անձինք ցանկացել են գործողություններ կատարել Սասնա Ծռերին օգնելու համար, ապա ներկա գործով ամբաստանյալների վրա նույնպես պիտի տարածվի Համաներման ակտը. «Եկեք միանգամից ազատեք պատասխանատվությունից, պետական միջոցներն էլ չեն ծախսվի»,- նշեց պաշտպան Հ. Բաղդասարյանը: Նա առաջարկեց, որ մեղադրող դատախազը միանգամից պատասխանի հայտարարության մեջ բարձրացված հարցերին, այլապես համապատասխան փուլում պաշտպանական կողմը հանդես կգա միջնորդություններով:

Մեղադրող դատախազ Ա. Արամյանն ի պատասխան պաշտպանի հայտարարության ասաց, որ մեղադրական եզրակացությունը հիմնավոր է, գործը քննվել է բազմակողմանի, լրիվ, ներկայումս գործը հասել է դատական քննության փուլին: Պաշտպանի մեկնաբանությունները դատախազը «հիմնազուրկ» անվանեց: Ինչ վերաբերում է տվյալ գործով Համաներման ակտի կիրառմանը, ապա դատախազը նշեց, որ պաշտպանական կողմից համապատասխան միջնորդություն լինելու դեպքում ավելի հանգամանալից կպատասխանի: Առայժմ կարող է ասել, որ պաշտպանի տեսակետը ընդամենը «բարի ցանկությունների դաշտից» է, այն օրենքից չի բխում:

Պաշտպան Է.Աղաջանյանը, միանալով իր գործընկեր Հ. Բաղդասարյանի տեսակետին, ավելացրեց. «Էն արարքը, որ նախկինում հանցագործություն էր, ներկա պայմաններում հնարավոր է՝ հանցագործություն չլինի»: Պաշտպանը երևի նկատի ուներ, որ ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ահաբեկչության նախապատրաստության համար, ըստ մեղադրանքի՝ նրանք ցանկացել են գործողություններ կատարել ընդդեմ նախկին իշխանությունների, իսկ հիմա արդեն չկան նախկին իշխանությունները, երկրում հեղափոխություն և իշխանափոխություն է եղել…

Դատարանը կողմերին լսելով՝ սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը. կհարցաքննվեն գործով վկաները, կհետազոտվեն քրեական գործում առկա գրավոր և այլ ապացույցները, վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:

Գործով դատակոչված է 5 վկա: Նրանցից մեկը ամբաստանյալ Շահեն Մ.-ի որդին է, գտնվում է զինվորական պարտադիր ծառայության մեջ:

Դատարանը կծանուցի չորս վկաներին, որոնք կհարցաքննվեն հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 21-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...