Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել, ի՞նչ է լինելու հետո

- in Միջազգային
Georgia

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ նոր վարչապետ կարող է դառնալ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան կամ էլ տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է հրաժարականի մասին: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա ազդարարել է, որ շարունակում է մնալ Վրաստանի շահերի պաշտպանն ու զինվորը, եւ լինել Վրացական երազանք թիմի անդամ: Բախտաձեն ասել է, որ ձեւավորված է կայուն զարգացման ռազմավարական հենք եւ ինքն իր առաքելությունը համարում է ավարտված:

Բախտաձեն վարչապետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսին, Վրաստանում հանրային հուզումների ֆոնին, որոնց առիթը երիտասարդների նկատմամբ գիշերային ակումբում ոստիկանության կոշտ գործողություններն էին: Դրանք վերածվեցին իշխանությունից դժգոհության, ինչն էլ բերեց կառավարության ղեկավարի փոփոխության՝ Կվիրիկաշվիլիին փոխարինեց Բախտաձեն: Մինչ այդ նա եղել է Վրաստանի ֆինանսների նախարար, Վրաստանի երկաթուղու ղեկավար:

Ի դեպ հատկանշական է, որ Վրաստանում հանրային հուզումներն ու կառավարության փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Էլ ավելի հետաքրքիր է այն, որ վրացական իրադարձությունները գրեթե անմիջապես հաջորդեցին Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցին, որը նա կատարել էր Վրաստան:

Հայաստանի վարչապետին Վրաստանում դիմավորել էր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, իսկ մի քանի օր անց Վրաստանն արդեն ուներ նոր վարչապետ: Վրաստանի նոր վարչապետի եւ Հայաստանի վարչապետի միջեւ ժամանակի ընթացքում ձեւավորվեց բավականին ջերմ աշխատանքային եւ ընկերական մթնոլորտ: Համենայն դեպս, խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո հունվարին վերանշանակվելով վարչապետի պաշտոնին, Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն իսկ Բոլնիսիում ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ: Մի քանի ամիս անց Վրաստանի վարչապետը դարձյալ ոչ պաշտոնական հանդիպման ֆորմատով եղավ Տավուշում՝ Ենոքավանում:

Մամուկա Բախտաձեն այժմ հեռանում է, եւ առաջանում է հարց, թե դա ի՞նչ ազդեցություն է ունենալու հայ-վրացական հարաբերության վրա, նկատի ունենալով այն, որ երկու վարչապետները խոսում էին ադ հարաբերության էական վերափոխման եւ խորքային ընդլայնման հեռանկարների եւ պայմանավորվածության մասին:

Արդյոք կայուն զարգացման հարցում ռազմավարական հենքի ձեւավորման վերաբերյալ Վրաստանի հեռացող վարչապետի գրառումը ընդգրկում է նաեւ Հայաստանի հետ Վրաստանի հարաբերության հեռանկարը: Ընդհանուր առմամբ, Հայաստանն ու Վրաստանը ռեգիոնալ բացառիկ բնական դաշնակիցներ են՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու շահերի դասավորությունը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ այս օրերին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը ռազմական դիրքեր է հաստատել Վրաստանի տարածքում, այդ թվում ոչ միայն Հայաստանի հարեւանությամբ: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ Վրաստանի վարչապետը հրաժարականի մասին է հայտարարել այն օրը, երբ Բաքվում մեկնարկում է վրաց-թուրք-ադրբեջանական համատեղ վարժանք՝ տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության «սցենարով», այն դեպքում, երբ ակնառու է Թուրքիայից ու Ադրբեջանից Վրաստանի պաշտպանության անհրաժեշտությունը:

Վրաստանի նոր վարչապետի անունը Վրացական երազանք մեծամասնությունը կորոշի սեպտեմբերի 3-ին: Մեծ է համարվում այդ պաշտոնում ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հաստատումը: Գախարիան շաբաթներ առաջ հայտնվել էր հանրային բուռն քննադատության թիրախում, երբ Վրաստանում Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի առիթով բռնկված ռուս-վրացական սկանդալի պայմաններում ոստիկանությունը ուժ էր կիրառել կառավարության դեմ ցույց անող քաղաքացիների նկատմամբ:

Վրաստանի դե ֆակտո առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին աջակցել էր Գախարիային: Կբերի՞ նրա նշանակումը Վրաստանում հանրային նոր հուզումների, կամ այդպիսի որեւէ առիթի: Թե՞ Գախարիան Բախտաձեի հիշատակած ռազմավարական հենքի վրա կզարգացնի Վրաստանի անվտանգության եւ կայուն զարգացման, ու հարեւան Ադրբեջանից պատմա-քաղաքական եւ տարածքային ամբողջության պաշտպանության գործընթացը, ինչը նշանակում է, որ համակողմանի կզարգանա նաեւ պաշտոնական Թբիլիսիի եւ Երեւանի հարաբերությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...