Hrayr Tovmasyan

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով այսօր ԱԺ աշխատակազմի անդամներից մեկի ձերբակալման մասին հայտարարությանը:

«ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն հայտարարել է, որ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը։

Նա ԱԺ աշխատակազմում աշխատանքի է անցել 2014 թ․ և մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ այդ պահի դրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկն է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում որոշման նախագիծ է շրջանառվում Հ․Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, ցանկանում եմ միանգամից կանխել բոլոր հնարավոր քաղաքական շահարկումները և զանազան օրինախախտումները քաղաքական շարժառիթներով մեկնաբանելու փորձերը․ ԱԺ աշխատակազմում մեդալների քաշի և բաղադրության վերաբերյալ կասկածներն առաջացել էին և իրավապահ մարմիններին այդ մասին տեղեկացրել էին դեռ ամիսներ առաջ։

Հիշեցնեմ՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015-2016թթ․ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից 32.000 – 40.000 դրամով և 12,3 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալները», որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են պղինձ-ցինկի համաձուլվածքից և գնահատվում են 3.700 – 4.200 դրամ։

Հավելեմ նաև, որ քննչական մարմինները գործողություններ են իրականացնում՝ պարզելու, թե որքանով են տեխնիկական բնութագրին համապատասխանում 935 հուշանվեր – հարթաքանդակները՝ ձեռք բերված 2015-2017թթ․, 15.000 – 72.000 դրամով, 24,3 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ»,- գրել է նա:

Քննչական կոմիտեն հաստատել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկությունն այն մասին, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական բաժնի պետ Քոչար Խաչատրյանը, որը, ըստ թերթի տվյալի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:

Խաչատրյանը, ըստ ՔԿ-ի, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետության փողը վատնելու համար:

Այս տեղեկությունն առանձնահատուկ է հնչում ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ լոկ «քավոր-սանիկային» կապի առումով, այլ նաև Թովմասյանի հրաժարականի գործընթացի, որը սկսելու մասին հայտարարել է ԱԺ-ն:

Բանն այն է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին՝ ՍԴ որոշման հիման վրա Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի վճռի հրապարակման նախօրեին, հայտարարեց ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին: ԱԺ-ն ունի այդ լիազորությունը, սակայն պաշտոնանկության որոշման իրավասությունն արդեն ՍԴ-ինն է: Այսինքն՝ ինը դատավորները պետք է որոշեն՝ ԱԺ դիմումի հիման վրա պաշտոնանկ անե՞լ Թովմասյանին, թե՞ ոչ: Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, հարաբերակցությունը հօգուտ Հրայր Թովմասյանի է, համենայնդեպս՝ երբ գնահատում ենք գոնե մինչ այժմ եղած իրողությունների դիտանկյունից:

Ակնառու է, որ այս պարագայում ԱԺ նախաձեռնած գործընթացը մեծ հավանականությամբ զրկված է հաջողելու հեռանկարից, և դա պատկերացնելը ԱԺ մեծամասնության համար թերևս բարդ չէ: Դա կնշանակի, որ խորհրդարանը սկսում է գործընթաց, որում անհաջողության հավանականությունը, գոնե առկա իրողությունների պայմաններում, ավելի մեծ է, քան հաջողության հնարավորությունը: Բայց արդյոք խորհրդարանը կսկսե՞ր այդպիսի գործընթաց՝ համոզված չլինելով հաջողության առնվազն մեծ հավանականության հարցում: Այլապես հակառակ դեպքում Հրայր Թովմասյանի հաղթանակը կլիներ մեծամասնությանը հասցված քաղաքական բավական ուժեղ հարված, թեև, իհարկե, մյուս կողմից՝ հնարավոր կլիներ այն ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ:

Այդուհանդերձ, հաշվի առնելով, թե ինչպիսի ներքաղաքական մթնոլորտում է նախաձեռնվում գործընթացը, պետք է ենթադրել, որ իշխող մեծամասնությունը կա՛մ այն հնարավոր միջոցներով հասցնելու է հաջողության, կա՛մ պարզապես գնում են, այսպես ասած, անհաջողության հեռանկարին՝ մինչ այդ լուծած լինելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որևէ անակնկալ դատավճռի առաջ չկանգնելու հարցը:

Այս համատեքստում էլ հետաքրքիր է, որ ՔԿ-ն ձերբակալում է Հրայր Թովմասյանի սանիկ պաշտոնյային, ինչը հարց է առաջացնում՝ արդյոք Թովմասյանին դնում են սանիկին կամ պաշտոնը «զոհաբերելու» դիլեմայի առա՞ջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...