Ո՞ր ճանապարհով կգնա իշխանությունը՝ այս հարցի պատասխանն ակնհայտ չէ

- in Կարծիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսել է Ամուլսարի մասին՝ ընդգծելով, որ շարունակում է մնալ ավելի վաղ արտահայտած իր կարծիքին: Վարչապետի խոսքով՝ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել:

Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով և թույլ չեն տալու աղտոտումներ: Փաշինյանը շեշտել է՝ կառավարությունը կարող է ամենօրյա մոնիթորինգ անցկացնել, և հենց որևէ շեղում հայտնաբերի, այդ ժամանակ միայն կարող է զրկել «Լիդիան»-ին լիցենզիայից:

Վարչապետը իր ուղիղ միացման ժամանակ մի քանի անգամ խնդրել է բնապահպաններին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ վստահեցնելով, որ մինչև ապրիլ շինարարություն այնտեղ չի իրականացվի, իսկ ճանապարհը փակ պահելը մեծ հարված է Հայաստանի տնտեսական իմիջին։

Փաշինյանի այս դիրքորոշումը «եփվում» էր անցած մի քանի օրերին ու վստահաբար կարող ենք արձանագրել, որ անակնկալ տեղի չի ունեցել: Փաշինյանն, իհարկե, հատել է Ռուբիկոնը, սակայն՝ ոչ այն իմաստով, որ կայացրել է անթույլատրելի որոշում: Ուղղակի առաջին անգամ Հայաստանի հետհեղափոխական իշխանությունը կայացրել է ոչ պոպուլյար որոշում, դիրքորոշում է հայտնել մի հարցում, որի շուրջ կոնսենսուս չկա ոչ միայն հասարակության շրջանում, այլ նաև՝ իշխանության ներսում:

Ըստ այդմ՝ Ամուլսարը չի կարող դառնալ իշխանափոխության կամ նոր հեղափոխության բանալի, սակայն անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանության վարկանիշային կորստին, ցավագին «ֆիլտրումների» հեղափոխության թիմում:

Իհարկե, իշխանության տրանսֆորմացիան բարդ, բազմաշերտ գործընթաց է ու շատ բան կախված է այն հանգամանքից, թե Փաշինյանն ինչպես է պատկերացնում Ամուլսարի ապաշրջափակումը:

Ջերմուկցիներն ու բնապահպանները ինքնակամ չեն բացելու ճանապարհն, ինչը իշխանության մոտ գուցե մեծացնում է ուժային գործողությունների դիմելու գայթակղությունը: Սակայն դա իշխանության ապալեգիտիմացման ճանապարհն է, իսկ Փաշինյանը դեռ ունի ռեսուրսներ՝ գտnելու հանրային կոնսոլիդացիայի նոր առիթներ, հարթակներ, ինչը թույլ կտա ռազմավարական օրակարգի ձևավորման համատեքստում լոկալացնել Ամուլսարի դիմադրությունը՝ քաղաքական գործիքներով հասնելով դրա չեզոքացմանը:

Ո՞ր ճանապարհով կգնա իշխանությունը՝ այս հարցի պատասխանն ակնհայտ չէ:

Մի կողմից՝ միայն պոպուլիզմից հրաժարվելով ու դիրքորոշումներ ունենալով Փաշինյանն իրապես կարող է կոնսոլիդացված իշխանություն ու քաղաքական թիմ ունենալ, մյուս կողմից՝ պարզ չէ, թե պուպուլիզմից զատ՝ ինչ «իզմ»-ի կրող կարող է լինել գաղափարախոսություններ մերժող իշխանությունը:

Ամուլսարի ճգնաժամի հաղթահարումը սկզբունքային նշանակություն ունի ոչ միայն տնտեսական, բնապահպանական, այլ նաև՝ քաղաքական տեսանկյունից:

Ճգնաժամի ուժային հանգուցալուծուը կարող է հանգեցնել «ծռության» նոր դրսևորումների, ինչի մասին բաց տեքստով ակնարկել էր Ժիրայր Սեֆիլյանը:

Սա վտանգավոր ճանապարհ է, որը երկիրը կարող է տանել ցնցումների ու քաոսի ճանապարհով, ինչի վրա խաղադրույք են կատարում ռեստավրացիայի կողմնակիցներն ու նրանց արտաքին հովանավորները:

Ամենառացիոնալ ճանապարն այն է, որ Ամուլսարը Հայաստանի հեռանկարի վերաբերյալ քննարկումների ու դեմոկրատական այլընտրանքի ձևավորման ազդակ դառնա: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը քաղաքական բովանդակություն ունենալու անհրաժեշտությունը գիտակցի: Նիկոլ Փաշինյանի այսօրվա քայլը՝ անկախ բովանդակությունից, քաղաքական պատասխանատվության դրսևորում է, սակայն դրանում ինքնիշխանության, արժեքային կողմնորոշման բաղադրիչները չափազանց թույլ են ու դժվար է խոսել իշխանության տեսլականների կամ ռազմավարական պատկերացումների մասին: