Հայկ Մարությանի հրաժարականի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

- in Պաշտոնական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ համացանցում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Անդրադառնալով նաև աղբահանության վերաբերյալ հնչող մեղադրանքներին՝ Մարությանը նշեց, որ այն արդեն լուծված է:

Երևանի քաղաքապետարանը գումար չի փոխանցել «Սանիթեք» ընկերությանը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասացԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային:
«Սանիթեք»-ի աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերը և կատարողականները:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ «Սանիթեք»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի հետ կապված բողոքները փոխանցեն իրենց տնօրինությանը:

«Երևանի քաղաքապետարանը չի կարող երևանցիների գումարը փոխանցել «Սանիթեք»-ի տնօրինությանը իրենց չարված աշխատանքի համար: Մեր գործողություններն այդ առումով բխում են օրենսդրությունից և պայմանագրից: Երևանի քաղաքապետարանը որևէ տնտեսավարողի, կազմակերպության կամ հանրային ծառայություն մատուցողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում է ըստ պայմանագրի, օրենսդրության ու նախատեսված դեպքերի»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ իրենք միանգամայն հասկանում և ըմբռնմամբ են մոտենում «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքին, սակայն հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ: