Tigran Sargsyan

Երեւանում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցող ԵՏՄ համաժողովին, որը նվիրված է Եվրասիական տնտեսական միության տարանցիկ ներուժի թեմային, ԵՏՄ կառավարման կոշտ քննադատություն հնչեցրեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը որոշումները կայացնում է շատ դանդաղ, անընդհատ հետ մնալով աշխարհից: Ըստ նրա, ժամանակակից աշխարհում շահելու է ոչ թե նա, ով կառուցում է շատ ենթակառուցվածքներ, այլ նա, ով կայացնում է արագ որոշումներ: ԵՏՄ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ունի տարանցիկ բարձր ներուժ, սակայն կառավարման եւ որոշումների կայացման անարդյունավետ մեխանիզմ:

Մենք ունենք տարբեր վարչարարություն, ունենք մոտ 46 վերահսկող կառույցներ, որոնցից յուրաքանչյուրը իրավասու է կանգնեցնել ԵՏՄ տարածքով անցնող բեռը, ստուգել եւ այլն: «Ընկերներ, մենք այդպես սպանում ենք տարանցիկ ներուժը», հայտարարել է Տիգարն Սարգսյանը՝ նշելով, որ, եթե բեռը հատեց ԵՏՄ սահմանը, ուրեմն ստացել է դրա հավանությունը եւ ԵՏՄ տարածքում այն պետք է շարժվի անարգել, որպեսզի հնարավոր լինի մրցակցել տարանցիկ այլ ուղիների հետ:

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ որոշումների կայացման արագության համար պետք է որոշում ընդունելու իրավասություն տրվի վերազգային օրգանին, որովհետեւ մի բան է, երբ հինգ երկրները իրենց ազգային ծրագրերն են իրականացնում եւ փոխհամաձայնեցնում ԵՏՄ շրջանակում, այլ բան, երբ վերազգային մարմինը կայացնում է արագ որոշումներ:

Խոշոր հաշվով, Տիգրան Սարգսյանը խոսում է Եվրամիության մոդելի մասին, որտեղ կա Եվրահանձնաժողով, որը օժտված է որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի շնորհիվ բարձրանում է Եվրամիության կառավարման արդյունավետությունը:

Հատկանշական է, որ Տիգրան Սարգսյանը, որ Հայաստանի քվոտայով արդեն մոտ չորս տարի է զբաղեցնում է ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որոշումներ կայացնելու եւ անարդյունավետ կառավարման մասին խոսում է իր պաշտոնավարման ավարտին: 2020 թվականին լրանում է Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ հանգամանքը առավել ծանրակշիռ է դարձնում Հայաստանի նախկին վարչապետի խոսքը, քանի որ նա փաստացի ԵՏՄ հանձնաժողովի համար որոշում կայացնելու լիազորություն ուզում է ոչ իր համար:

Մյուս կողմից, Տիգրան Սարգսյանը շոշափում է հարցեր, որոնք գործնականում նրա հայտնի հոդվածի տողատակում էին, որը լույս տըեսավ 2012 թվականի օգոստոսին, ռուսական Վեդոմոստի պարբերականում, եւ որտեղ այն ժամանակ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը հիմնավորում էր, որ Հայաստանի համար նպատակահարմար զարգացման ուղղությունը Եվրամիությունն է:

Իհարկե հետո տեղի ունեցան հայտնի քաղաքական տրանսֆորմացիաները, սակայն ներկայումս Տիգրան Սարգսյանը ԵՏՄ կառավարման որակի եւ արդյունավետության հարցերը շոշափում է քաղաքական տրանսֆորմացիաների նոր փուլում, երբ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, ընդ որում եվրասիական ակումբի քաղաքական «ավանդույթներին» հակոտնյա: Միաժանանակ, դա առաջացրել է նաեւ այդ ակումբի տնտեսա-քաղաքական մի շարք շրջանակների դժկամ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ինչն արտահայտվում է թե քաղաքական ժեստերով, թե նաեւ տնտեսական իրողություններով:

Օրինակ, ԵՏՄ տարանցիկ ներուժի մասին Հայաստանում համաժողով է մի շրջանում, երբ Վերին Լարսում կուտակվել էին հարյուրավոր հայկական բեռնատարներ, եւ ռուսական կողմը նրանցից տույժ կամ կաշառք էր պահանջում՝ ըստ տարածված տեղեկության, այսպես ասած գերբեռնված լինելու մասին:

Ընդհանրապես, ԵՏՄ տարանցիկ ներուժը Հայաստանի համար տարօրինակ թեմա է, որը չունի ընդհանուր սահման ԵՏՄ հետ: Միաժամանակ, ԵՏՄ անդամ Հայաստանի տարանցիկ ներուժը գործնականում քաղաքականապես հակոտնյա է ԵՏՄ մյուս անդամների ներուժի հետ, թեեւ այստեղ կա որոշակի հակասականություն նաեւ սահմանակից Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ:

Խոշոր հաշվով, այդ ամենի խորքում ընկած է այն, որ Եվրասիական տնտեսական միությունը զուրկ է արժեհամակարգային եւ քաղաքակրթական ընդհանուր գրավիչ հիմքից: Այդ պարագայում, որեւէ մեկը շահագրգռված չէ արագ որոշումների կայացմամբ եւ բանն այստեղ անշուշտ մեխանիզմները չեն: Դրանք աշխատում են, երբ կա ընդհանուր մշակութային եւ քաղաքակրթական հիմքը, որը ձեւավորում է քաղաքական ընդհանրությունների միջավայրը:

Տիգրան Սարգսյանն անշուշտ հիանալի է պատկերացնում այդ խնդիրները: Եվ այն, որ նա Երեւանում բավականին սուր քննադատության է ենթարկում ԵՏՄ կառավարման մեխանիզմը, հուշում է հենց այդ մասին: Տիգրան Սարգսյանը խոշոր հաշվով տանն է, եւ տանը տեղի ունեցող փոփոխությունները նրան տալիս են հնարավորություն «վերադառնալ» 2012-ին շոշափած խնդիրներին, որովհետեւ չկա այն «ոչիշխանական» քրեաօլիգարխիկ բեւեռը, որը ուժգին թիրախավորելով Սարգսյանին, գործնականում թիրախավորում էր ԵՏՄ դեմ Հայաստանի փաստարկներն ու գործնականում Հայաստանի անգամ հնարավոր անդամության խնդիրը դնում ոչ թե երկխոսության եւ քննարկումների, այլ «անվերապահ կապիտուլյացիայի» տրամաբանության դաշտում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...