ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը hraparak.am-ի միջոցով պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում ասուլիսի ընթացքում իր հասցեին հնչեցրած կոշտ քննադատությանը:

Վանեցյանի պատասխանը եղել է ոչ պակաս կոշտ և ընդ որում՝ սպառնալից: Նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է բաներից, որոնցից չի հասկանում, չգիտի՝ ինչ է սպայի պատիվը, և զգուշացրել է, որ իր հասցեին խոսակցությունը շարունակվելու դեպքում ինքն էլ չի լռի:

Արթուր Վանեցյանը փաստորեն սպառնում է իշխանությանը: Թե ինչի մասին է նա սպառնում չլռել՝ մնում է միայն ենթադրել, լավ պատկերացնելով, թե ինչ կարգի ինֆորմացիայի կարող է տիրապետել ԱԱԾ նախկին ղեկավարը: Բայց այդքանն էլ բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի, միջազգային վարկի, Հայաստանի հեղինակության և կարողունակության վրա: Այդպիսով՝ ԱԱԾ պետի և վարչապետի հեռախոսազրույցի գաղտնալսումը այդ ամենի մոտ կարող է թվալ ընդամենը մանկական խաղ:

Մյուս կողմից՝ հետաքրքիր է, չլռելով սպառնացող ԱԱԾ նախկին պետը կարո՞ղ է արդյոք ասելիք ունենալ գաղտնալսման, դրա քննության վերաբերյալ: Որովհետև հանրությունը նրանից ասելիք սպասում է հենց դրա վերաբերյալ՝ հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ գաղտնալսվել է երկրի առաջին դեմքը, երբ նրա հետ խոսում է երկրի դե ֆակտո թերևս երկրորդ դեմքը: Մինչդեռ այդ ամենի վերաբերյալ Արթուր Վանեցյանը լռել և լռում է՝ մի անգամ ասելով, թե հայտնի է գաղտնալսման պատվիրատուն, որը հանրությանը հայտնի դեմք է, սակայն անուն չեն կարող հրապարակել ապացույցների անբավարարության պատճառով: Մինչդեռ այժմ Արթուր Վանեցյանը վարչապետ Փաշինյանին իր պատասխանով, դատելով դրա բովանդակությունից և տոնայնությունից, սպառնում է դե ֆակտո նույն «գաղտնալսմամբ», երբ հայտարարում է, որ կխոսի, եթե իր հանդեպ չլռեն:

Երբ ԱԱԾ նախկին պետը հայտարարում է, թե կխոսի՝ զգուշացնող կամ սպառնալից տոնով, դա գործնականում հավասարազոր է ԱԱԾ պետին գաղտնալսելուն: Պարզապես մի դեպքում նրան լսում են գաղտնի, մեկ այլ դեպքում նա ինքն է խոսում հրապարակավ, եթե ասում է բաներ, որոնք չպետք է ասվեին:

Այլ կերպ ասած՝ ԱԱԾ «գաղտնալսված» նախկին ղեկավարը ներկայումս հայտարարում է, թե կարող է «գաղտնախոսել», եթե վարչապետն իրեն հանգիստ չթողնի: Վանեցյանի ներկայիս պատասխանը արդեն ուղղակի ձեռնոց էր վարչապետին: Ինչպիսին է լինելու դրա պատասխանը: Աներկբա է մի բան, որ ծավալվող զարգացումը չունի պետական բնույթ, և այն պետք է կասեցնել առավելագույնս արագ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...